ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հողը կեղծիքով օտարելու խնդիրները բացառելու նոր գործիքակազմ է ներդրվում․ Նորքում կեղծիքով օտարված հողն անտառի կվերածվի

Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի ևս մեկ հողատարածք է ամրացվել  Շրջակա միջավայրի նախարարությանը։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում, որի ընթացքում առանցքային քննարկման թեմա է դարձել նաև համայնքապատկան հողերը կեղծիքով օտարելու խնդրահարույց թեման։ 

Երկրում հողը կեղծիքներով օտարելու հարցը կառավարության նիստում քննարկման թեմա  դարձավ, երբ գլխավոր դատախազը զեկուցում էր Երևանի հեռուստաաշտարակին հարակից տարածքը համայնքին վերադարձնելու հարցը և փոխանցում իր պատկերացումը, որ այն կարող է  անտառապատ տարածքի վերածվել։ Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին մտահոգեց՝ ինչպես է պատահել կամ պատահում, որ համայնքապատկան հողը հեշտությամբ օտարվում է խախտումներով։  

«Հասկանանք այդ կեղծիքների բնությունը, կրիմինալոգիան, որպեսզի հետագայում բացառենք, որովհետև, անկեղծ ասած, շատ տարօրինակ իրավիճակ է, որ կարելի է Երևանում կեղծիքներով հեկտարներով հողի օտարում իրականացնել։ Փաստորեն, եթե դատախազությունն այդ հարցով չզբաղվեր, ոչ մեկս դրա մասին չէր իմանա»։

Թեև հարցը գլխավոր դատախազն էր զեկուցում, Մհեր Գրիգորյանի հարցն ուղղվեց  ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին։

«Մհեր Գրիգորյան. «Ես ուզում եմ հասկանալ՝ դա եղել է համայնքային, հիմա դառնում է պետակա՞ն։

ՏԿԵ նախարար. «Այն եղել է համայնքային։ 2005 թվականին առուվաճառքի պայմանագրով դարձել է քաղաքացու սեփականություն, դրանից հետո Գլխավոր դատախազության հայցի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանը կայացրել է վճիռ, որով այս պահին արդեն այն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը»։

Խոսքը կառավարության որոշմամբ Շրջակա միջավայրի նախարարությանը 1.4  մլրդ դրամ շուկայական արժեքով 1,773 հա մակերեսով հողամասն ամրակցելու մասին է։ Այն   Երևանում է ՝ Նորք-Մարաշում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ: ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ներկայացմամբ՝

«Առաջարկում ենք հողամասը ամրացնել շրջակա միջավայրի նախարարությանը և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը»։

Գույքը վերադարձվում է ՀՀ-ին որպես սեփականություն Գլխավոր դատախազության հայցի հիման վրա։ Հակակոռուպցիոն դատարանն է որոշումը կայացրել՝ անվավեր ճանաչելով դեռ 2005 թվականին Երևանի քաղաքապետարանի և քաղաքացի Կարեն Իսկանդարյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը։ Դատարանը որոշել է, որ տվյալ գույքն օտարվել է օրենքի խախտումներով։   ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի մայիսի 8-ի վճռով ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը՝ Երևանի նախկինում պաշտոնավարած քաղաքապետի և Կարեն Իսկանդարյանի միջև դեռևս 2005 թ. կնքված առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Անշարժ գույքն անորոշ ժամկետով անհատույց կտրամադրվի «Հայանտառ»-ին՝ կազմակերպության կանոնադրական գործառույթներին համապատասխան  օգտագործելու համար։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շեշտադրեց. «Միայն Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում, Գլխավոր դատախազության հայցերի բավարարման արդյունքում, մինչև օրս Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 7 հա մակերեսով հողատարածք, որի շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը 3 միլիարդ դրամ է կամ 7,8 միլիոն դոլար»:

Անդրադառնալով հողը կեղծիքով օտարելու խնդիրների բացառմանը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ 2025 թվականին այդ նպատակով երկու գործիք է ներդրվել.

«Առաջինը համայնքային հողերի վաճառքի հետ կապված անպայման գնահատման պայմանը, այսինքն՝ դրանք այլևս հնարավոր է գնել և վաճառել շուկայական արժեքով, այսինքն՝ այդ հողակտորներից յուրաքանչյուրի համար առանձին գնահատում է իրականացվում: Եվ երկրորդը վերաբերում է պետական գույքի օտարմանը: Մենք այլևս այն վաճառում ենք բացառապես էլեկտրոնային եղանակով, և շուրջ 730 աճուրդ ունենք, որից արդեն 120-ը ամբողջությամբ ավարտվել է»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եզրափակեց. «Մեր նպատակն է գույքերի վաճառքը դարձնել մաքսիմալ հրապարակային, թափանցիկ և տեղեկատվությունը հասանելի բոլորի համար ցանկացած պահի»:
Նկատենք, որ նշված հողատարածքը խախտումներով օտարելու՝ գլխավոր դատախազության ներկայացրած տարեթվին Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է Երվանդ Զախարյանը, ով արդեն ներգրավված է դատական որոշակի գործընթացներում՝ առնչվող այլ հարցերի։  

Կարդացեք նաև

Back to top button