
Միավորված ազգերի կազմակերպությունը սեփական գնահատականն է տվել իր իսկ աշխատանքին՝ զեկույցով արձանագրելով, որ համակարգն ընկղմված է չափազանց ծանր բյուրոկրատիայի մեջ, իսկ հրապարակվող զեկույցների գերակշիռ մասն անարդյունավետ է։ Այս մասին բաց տեքստով խոսել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտիերեշը՝ ներկայացնելով իր ղեկավարած աշխատանքային խմբի զեկույցը՝ «ՄԱԿ-80» նախաձեռնության շրջանակում։ Ի՞նչ է արձանագրել ՄԱԿ-ի վերջին զեկույցը, և արդյո՞ք ՄԱԿ-ը պատրաստ է իր 80-ամյակը դիմավորել վերակառուցման ուղին բռնած:
Միայն 2024 թվականին ՄԱԿ-ի համակարգը կազմակերպել է 27 հազար նիստ, իսկ քարտուղարությունը պատրաստել է ավելի քան 1100 զեկույց՝ 1990 թվականի համեմատ 20 տոկոսով ավելի։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով, ոչ միայն զեկույցների քանակական աճն է խնդրահարույց, այլև՝ արդյունավետության բացակայությունը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտիերեշը արձանագրել է, որ արդյունավետության պակասը սպառնում է կազմակերպության առաքելությանը, ավելորդ բյուրոկրատիան խլում է ոչ միայն ռեսուրս, այլև ժամանակ ու իմաստ։
«Խորհրդակցությունների և զեկույցների հսկայական քանակը գերծանրաբեռնել է բոլորիս։ Շատ զեկույցներ անգամ լայնորեն չեն էլ ընթերցվում։ Դրանց 5 տոկոսը ներբեռնվում է ավելի քան 5500 անգամ, իսկ յուրաքանչյուր հինգերորդը՝ անգամ 1000-ից պակաս։ Եվ ներբեռնումը դեռ ընթերցում չի նշանակում»։
Ինչի՞ մասին է վկայում ՄԱԿ-ի կողմից նման ինքնաքննադատություն պարունակող զեկույցի հրապարակումը։ Արդյոք սա փաստո՞ւմ է ՄԱԿ-ի վերակառուցման անհրաժեշտության մասին։ Միջազգայնագետ Գուրգեն Սիմոնյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նախ նկատում է, որ ՄԱԿ-ը երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ձևավորված կառույց է, որը համաշխարհային կարգն ու հավասարակշռությունը պետք է կարողանա ապահովել։
«Միայն այն հանգամանքը, որ ՄԱԿ-ը կարողանում է ռեզոլյուցիաներ և իրավարարչություն՝ օրենսդրական ակտեր, ստատուտներ մշակի և ուժի մեջ մտցնի, բայց վերահսկող հանգամանք չունի. եթե սանկցիան ապահովելու համար գործիքակազմ դու չունես, օրենքը մնում է թղթի վրա գրված։ Ըստ էության ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ինքնաքննադատական հայտարարությունները հաղորդագրություն է քաղաքական աշխարհի զորեղ պետություններին, որ ՄԱԿ-ին (մոտակա ձևավորվող աշխարհակարգի համատեքստում) օժտեն նաև ուժային գործոնով. միայն խաղաղապահական գործընթացները չէ, այլ՝ ուղիղ բիրտ ուժ կիրառելու հնարավորությամբ»։
«ՄԱԿ-80» նախաձեռնության նպատակը կազմակերպության արձագանքման արագությունն ու ճկունությունը բարձրացնելն է աշխարհում ավելացող մարտահրավերների պայմաններում։ Այդ խնդիրների շարքում են զինված հակամարտությունները, բնակչության տեղաշարժերը, կլիմայական աղետներն ու տեխնոլոգիական ցնցումները։ Գուտիերեշն իր զեկույցում շեշտել է.
«Սա փորձ է՝ վերահաստատել բազմակողմանի գործակցության արժեքը մի ժամանակաշրջանում, երբ վստահությունը նվազում է, իսկ օգնության կարիք ունեցող մարդկանց թիվը՝ աճում»։
Իսկ ինչո՞ւ է համակարգը նման գերծանրաբեռնված վիճակում։ Հիմնական պատճառը Գուտիերեշը համարել է այն, որ ՄԱԿ-ի աշխատակիցները տարիներ շարունակ իրականացնում են հազարավոր գործառույթներ, որոնք փոխանցվում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։ Սակայն այդ մանդատներից շատերն արդեն կարող են համարվել հնացած, մինչդեռ այդ մասին քննարկումները համակարգում առայժմ անբավարար են։
Միջազգային կազմակերպությունների հարցերով որոշ փորձագետներ կարծում են, որ ՄԱԿ-ը փաստացի վերակառուցման լուրջ անհրաժեշտության շեմին է։ Կառույցը երկար տարիներ գործել է առանց բովանդակային արդիականացման։ Անհրաժեշտ է ոչ միայն կրճատել անարդյունավետ մանդատները, այլև վերաիմաստավորել կազմակերպության հիմնական գործառույթները՝ հաշվի առնելով նոր գլոբալ մարտահրավերները։
Միջազգայնագետ Գուրգեն Սիմոնյան. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի շուրթերով հնչեցվում է ձևավորվող նոր աշխարհակարգի մոդելը, որտեղ միջազգային ինստիտուտին՝ ՄԱԿ-ին ուզում են շնորհել նաև շատ ավելի մեծ հնարավորություններ, քան դա տեղի ունեցավ 45 թվականից հետո»։
Միջազգային փորձագետների գնահատականով՝ ՄԱԿ-ի ֆինանսական ճգնաժամը ևս արդյունավետության բարձրացման կարիքն է փաստում։ Գերմանական Դոյչե Վելլեն նկատում է, որ արդեն յոթերորդ տարին անընդմեջ ՄԱԿ-ը բախվում է «լիկվիդայնության ճգնաժամի», քանի որ ոչ բոլոր անդամ պետություններն են ժամանակին վճարում իրենց պարտադիր անդամավճարները։
Ըստ փորձագետների՝ Գուտերեշի նախաձեռնած «ՄԱԿ-80» գործընթացը փորձ է համակարգը մաքրել գործառույթների կրկնություններից և բյուրոկրատական անարդյունավետությունից։ Սակայն բարեփոխումների հաջողությունը կախված է ոչ միայն ՄԱԿ-ի քարտուղարության պատրաստակամությունից, այլև՝ անդամ պետությունների քաղաքական կամքից։




