Օգոստոսի 5-ի՝ երեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտում բռնկված խոշոր անտառային հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 1 մարդ, վիրավորվել՝ 9, վնասվել են մեքենաներ և շենքեր:
AFP-ն հաղորդում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1800 հրշեջ։
Ուժգին քամու և չոր եղանակի պատճառով հրդեհը տարածվել է Միջերկրական ծովի ափին գտնվող Կորբյեր շրջան և ոչնչացրել է առնվազն 15,000 հեկտար տարածք:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ Սեն-Լորան-դե-լա-Կաբրերի փոքրիկ համայնքում տարհանվելուց հրաժարված տարեց կին է մահացել, մեկ բնակիչ ստացել է կյանքին սպառնացող այրվածքներ: Բնակավայրի մեկ այլ բնակիչ անհետ կորել է: Եվս 8 մարդ թեթև վնասվածքներով փրկվել է:
Հրդեհը ոչնչացրել կամ վնասել է առնվազն 25 տուն: Իշխանությունները հետաքննություն են սկսել հրդեհի պատճառներն ուսումնասիրելու նպատակով։
BFM հեռուստաալիքը մեջբերելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոյի մեկնաբանությունը, հայտնել է, որ հրդեհը համարվում է Ֆրանսիայում ամենամեծը՝ 1949 թվականից ի վեր, երբ այրվել էր մոտ 52 հազար հեկտար տարածք։




