ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ապրել սահմանամերձ բնակավայրում պետության աջակցությամբ․ ամփոփվում են բնակարանների կառուցման ծրագրի արդյունքները

Պետական աջակցության ծրագիր՝ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային խնդիրները լուծելու համար։ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում շինարարական եռուզեռ է։ Բնակապահովմանն ուղղված 16 մլն դրամ աջակցության ծրագրով 40-ից ավելի տուն է կառուցվում։ «Ռադիոլուր»-ի զրուցակից Ռոզա Աղաջանյանը ծրագրի շահառուներից է.

«Հաստատվել է մեր ծրագիրը, շահառու ենք արդեն։ Տունը կառուցելու ենք գյուղում։ Մենք վեց հոգի ենք։ Սահմանամերձ գյուղում սովորել ենք ապրել։ Ավելին՝ եթե եղբայրները ծրագրի շահառու դառնան, երկուսն էլ անպայման իրենց տները կկառուցեն Սոթքում»։

2022 թ․ հոկտեմբերից է կառավարությունն իրականացնում սահմանամերձ բնակավայրերում բնակապահովմանն ուղղված աջակցության ծրագիրը։ Պայմանները պարբերաբար բարելավվում են, ինչի շնորհիվ շահառուների թիվն ավելանում է, պահանջարկը՝ նույնպես։ Ընտրված մի քանի համայնքում 16 մլն դրամին ավելացել է ևս 5 մլն դրամ՝ ասում է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը․

«Փոփոխությունների համաձայն՝ Բերքաբերում 16 մլն դրամին ավելացրել ենք ևս 5 մլն դրամ։ ՀՀ քաղաքացի պետք է լինեն։ Հստակացրել ենք նաև թիրախայնությունը։ Ընտանիքում պետք է մեկ անչափահաս երեխա ապրի։ Եվս մեկ փոփոխությամբ շահառու կարող է դառնալ ընտանիքի այրին կամ միայնակ մայրը»։

Այս դեպքում երեք պայման է գործում՝ մանրամասնում է նախարարը․

«Նախ և առաջ ունի սեփականության իրավունքով հողակտոր։ Ունի շինթույլտվություն։ Նախագիծը ևս պարտադիր է։ Կամ այդ հողակտորի վրա կա կիսակառույց»։

Հնարավոր է՝ շահառուների մի մասը բախվի վարկավորման խնդիրների։ Օրինակ՝ տան շինարարությունը պետք է երեք տարում ավարտեն, հակառակ դեպքում կառավարությունը կդադարեցնի ֆինանսավորումը։ Իսկ դա ռիսկ է բանկերի համար։

Ինչո՞ւ  են բանկերը մերժում վարկ տրամադրել նույնիսկ այն դեպքում, երբ մայր գումարն ու տոկոսները կառավարությունն է մարում։ Բանկերի մերժման հիմքն այն է, որ վատ վարկային պատմություն ունեցող քաղաքացուն տրանշներով տրվող գումարը կարող է ոչ նպատակային կերպով օգտագործվել:

Վարչապետ Փաշինյանն այս հարցի վերաբերյալ իր համոզմունքն ունի․

«Ընդհանրապես վարկային պատմություններն ապագայի համար շատ կարևոր են, և սա որպես կուլտուրա պետք է ձևավորվի: Այս առումով, իհարկե, ծայրահեղությունից ծայրահեղություն չպետք է ընկնենք, բայց նաև այս կուլտուրան պետք է ներդնենք, որ այո՛, եթե մարդը որոշակի պատմություններ ունի կուտակած, դա չի կարող ազդեցություն չունենալ»։

Ծրագիրը որոշ չափով նպաստել է նաև Արցախից տեղահանվածների բնակապահովության խնդրի լուծմանը, քանի որ նրանք ևս հնարավորություն ունեն օգտվելու դրանից։ Ծրագրի շրջանակում տարբեր բնակավայրերում սկսել է մեծ թափով շինարարական աշխատանքներ կատարվել։ Մասնագետները նաև հողի գնի բարձրացում են արձանագրում։

Ծրագրի նպատակն է տարածքային համաչափ զարգացումը։ Իսկ հատկապես այն գոտիներում, որտեղ տների կառուցման պահանջարկը փոքր է, կառավարությունը տրամադրում է ևս 5 մլն դրամ։

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Մերի Բոյաջյան․

«Տավուշում՝ Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար բնակավայրերում, անհատական բնակելի տուն՝ 21 մլն դրամ աջակցություն։ Ծրագրի գործողության ժամկետը մինչև 2025 թ․ դեկտեմբերի 31-ն է, բայց գուցե առաջիկայում ծրագիրը երկարաձգվի»։

Այս պահին ծրագրի արդյունավետությունն է գնահատվում։ Արդյունքները ամփոփելուց հետո արդեն պարզ կլինի՝ կշարունակվի այն, թե ոչ։

Կարդացեք նաև

Back to top button