ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Ռուսական նավթամթերքի ռեկորդային գնաճը շղթայական թանկացումների կհանգեցնի․ տնտեսագետներ

AI-95 տեսակի բենզինի գինը Սանկտ Պետերբուրգի բորսայում թարմացրել է իր պատմական նոր ռեկորդը՝ գերազանցելով մեկ տոննայի համար 77 հազար ռուբլին: Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է բենզինի արտահանման սահմանափակումները։ Դրանք ուժի մեջ են մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ը: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ որոշումն ընդունվել է սեզոնային բարձր պահանջարկի և գյուղատնտեսական աշխատանքների ժամանակահատվածում ներքին շուկայում իրավիճակը կայուն պահելու համար։ Հայաստանում իրացվող վառելիքի 90 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից։  Տնտեսագետները որոշակի մտահոգություններ ունեն այդ առումով, թեև հուշում են նաև իրանական նավթի ներկրման հնարավորությունից օգտվելու մասին։

«Կայծից բոց կարող է բռնկվել» տրամաբանությամբ  ռուսական նավթի գնի ռեկորդային աճի պայմաններում  տարբեր հաշվարկներ  ու վերլուծություններ են ներկայացվում միջազգային մամուլում։

Ռուսական բորսայում AI-95 տեսակի բենզինը գնաճի նոր ռեկորդ է սահմանել՝ մեկ տոննայի արժեքն այժմ գերազանցում է 77 հազար ռուբլին։

Ռուսաստանում գները շարունակում են աճել` հակառակ  բենզինի արտահանումն արգելելու՝ այդ երկրի կառավարության որոշմանը։

Շուկայի մասնակիցները գնաճը բացատրում են բարձր պահանջարկով և նավթավերամշակման գործարաններում տեղի ունեցած վթարների պատճառով նավթի արտադրության նվազմամբ:

Դաշնային հակամենաշնորհային ծառայությունն իր հերթին քննարկում է բորսայում բենզինի վաճառքի նվազագույն ծավալը 15%-ից մինչև 17% բարձրացնելու հարցը՝ տեղեկացնում է «Կոմերսանտ»-ը:

Ռուսական բենզինի գինը, տնտեսագետների կարծիքով, պատմական նոր ռեկորդ է սահմանել։ Նախորդ  առավելագույն գինը 2023 թվականի սեպտեմբերին էր՝ 76,876  ռուբլի։

«Կոմերսանտը» տեղեկացնում է, որ բորսայում  նավթի AI-92  տեսակը թանկացել է 1,16%-ով՝ հասնելով մեկ տոննայի համար 66,64  հազար ռուբլու, դիզելային վառելիքը՝ 0,5%-ով է թանկացել՝ մեկ տոննայի համար դառնալով 58,13 հազար ռուբլի։

Նավթամթերքի գներն աճում են, թեև տարեկան ավելի քան 1 միլիոն տոննա բենզին արտադրողների համար Ռուսաստանի կառավարությունը որոշել է երկարաձգել արտահանման արգելքը մինչև օգոստոսի 31-ը։

Էմբարգոն չի տարածվում ԵԱՏՄ և միջկառավարական համաձայնագրերի մատակարարումների վրա։ Վերլուծաբանները կարծում են, որ արգելքը կարող է երկարաձգվել մինչև սեպտեմբերի վերջ։

«Կոմերսանտ»-ի աղբյուրները գների աճը բացատրում են օգոստոսի 2-ին նավթավերամշակման գործարանի վրա անօդաչու սարքերի հարձակումներով, որոնք կարող էին վնասել օրական մոտ 40 հազար տոննա ընդհանուր հզորությամբ առաջնային վերամշակման բլոկները։

Ըստ նրանց՝ բլոկների վերականգնումը կարող է տևել մեկից մինչև վեց ամիս։

Ռուսաստանի վառելիքային միության փոխնախագահ Ռինատ Ֆատտախովը նշում է, որ բորսայում առաջարկի աճ չի նկատվում, մինչդեռ սեզոնային պահանջարկը, թեև քիչ, բայց աճում է։

Նրա գնահատմամբ՝ օգոստոսին արտահանման ծավալները կարող են էապես նվազել։

Նավթի և գազի վաճառքով զբաղվող «Пролеум» հարթակի առևտրային կառավարիչ գործընկեր Մաքսիմ Դյաչենկոն «Կոմերսանտ»–ին ասել է, որ շուկայում բենզինի պակասն ակնհայտ է, և դա հաստատվում է բորսայում գների աճով: Վառելիքի պահանջարկի աճը, ըստ նրա, լրացվում է նավթային խոշոր ընկերությունների՝ բենզինի ակտիվ գնումներով, ինչը չեզոքացնում է բորսայում ծավալների աճի ազդեցությունը։

Միևնույն ժամանակ Դյաչենկոն նշում է, որ օգոստոսին պահանջարկն աճել է բարեկամ երկրների գնորդների շրջանում, որոնց համար արտահանումը թույլատրվում է: Նրա կարծիքով՝ բորսայական գնանշումների աճից հետո անկախ լցակայաններում գները կսկսեն ավելի արագ աճել, ինչը կմեծացնի անհավասարակշռությունը: Նա խոստովանում է, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ լցակայաններում գները կարող են մի փոքր գերազանցել գնաճը։

Ռուսական նավթի գնի ռեկորդային բարձրացման թեմային անդրադառնալով՝ տնտեսագետ Աղասի Թավադյանը «Ռադիոլուր»-ին որոշ պարզաբանումներ է տվել․

«Այսպիսի որոշում  մենք արդեն տեսել ենք 2024 թվականի վերջերին, երբ որ Ռուսաստանը նույնպես սահմանափակեց իր բենզինի և դիզելի արտահանումը բոլոր տնտեսություններին՝ բացառությամբ ԵԱՏՄ երկրների։ Սա հիմնականում պայմանավորված է ներքին պահանջարկի բավարարմամբ և նրանով, որ  Ռուսաստանը չի ուզում տեսնել ներքին գների աճ։ Գնաճի վրա ազդում են էներգակիրների գները։  Այս պահին ՌԴ-ում կրճատվում է հիմնական տոկոսադրույքը՝բանկային, որը կարող է որոշակի գնաճի հանգեցնել։ Սա ակտիվացնելու է տնտեսությունը։ Ինչպես նաև դա բերելու են նրան, որ ՌԴ  ռուբլին արժեզրկվելու է։ Սա կարող է բերել նրան, որ նավթ արտադրողներն ավելի մեծ ցանկություն ունենան արտահանելու իրենց բենզինը և ավելի բարձր գնով բաժանելու արտասահմանում, քան վաճառելու ներքին շուկայում։ Դրա համար ՌԴ–ն այսպիսի սահմանափակումներ է դրել»։

Ռուսական բենզինի նախորդ թանկացումը հայաստանյան շուկայի վրա որևէ արդեցություն չունեցավ։ Որոշումը առհասարակ չտարածվեց ԵԱՏՄ երկրների վրա՝ հիշեցնում է Թավադյանը։  

Տնտեսագետի գնահատմամբ՝ռուսական բենզինի գների այսօրվա աճը կշարունակվի մինչև 2026 թ․ գարուն։

Ռուսաստանի վառելիքային միության փոխնախագահ Ֆատտախովն ասում է, որ առջևում վերամշակման գործարանների պլանային վերանորոգման ալիք է սպասվում, որը կարող է նվազեցնել նավթամթերքի արտադրությունը։ Կառավարության կողմից ձեռնարկվող հնարավոր միջոցների մեջ նա նշում է ԵԱՏՄ երկրներ արտահանման արգելքը, Սանկտ Պետերբուրգի բորսայում բելառուսական բենզինի մատակարարման ավելացումը և վերամշակման գործարանների պահուստային հզորությունների գործարկումը, եթե դա տեխնիկապես հնարավոր լինի։

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը, ֆեյսբուքում անդրադառնալով ռուսական նավթի գնի ռեկորդային աճին, նախ նկատում է, որ եթե այս տարվա փետրվարին Ռուսաստանի կառավարությունը արգելել էր արտահանումը թրեյդերներին և նավթաբազաներին,  ապա այս վերջին որոշումով արգելքը տարածվում է նաև արտադրող ընկերությունների վրա:

Այսպիսով, խոսքն ամբողջական էմբարգոյի մասին է, ըստ նրա, ինչը կարող է ազդեցություն ունենալ նաև Հայաստանում նավթամթերքի գների վրա, քանի որ Հայաստանը այն ներկրում է հիմնականում Ռուսաստանից:

«Հաշվի առնելով, որ Հայաստանում սպառվող բենզինի՝ առյուծի բաժինը ներկրվում է Ռուսաստանից, կարող ենք կանխատեսել գնի որոշակի բարձրացում արդեն առաջիկա օրերին՝ միտում, որը կշարունակվի նաև օգոստոսից հետո:

Այս սցենարից հնարավոր կլինի խուսափել այն դեպքում, եթե Ռուսաստանը, ինչպես 2023 թ., մեղմացնի նավթամթերքի արտահանման էմբարգոն Հայաստանի համար:

Ճիշտ է, Հայաստանի և ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների համար Ռուսաստանը սահմանել էր քվոտաներ, սակայն բենզինը ներկրվում էր սահմանափակ քանակությամբ: Հայաստանը ստիպած էր դիմել Մոսկվային՝ հավելյալ մատակարարումների համար: Ռուսաստանից Հայաստան մատակարարվեց հավելյալ 15 հազ. տ բենզին և 20 հազ. տ դիզելային վառելիք»:

Տնտեսագետ Աղասի Թավադյան․ «Այս պահին տարեկան կտրվածքով մենք ներմուծում ենք 300 միլիոն կիլոգրամ դիզելային վառելիք և 230 միլիոն կիլոգրամ թեթև նավթամթերք, այսինքն՝ բենզին։ Բենզինի գնի տատանումները պայմանավորված են հենց  սահմանին ձևավորվող բենզինի գնով։  Այսինքն՝ եթե սահմանին կան որոշակի խնդիրներ, բենզինի առաջնային գներն աճում են, կամ նավթամթերքի գները աճում են, ապա կարելի է  ակնկալել, որ մեզ մոտ լինելու է նույն վիճակը երկու երեք ամիս հետո»։

Տնտեսագետը հուշում է, որ Հայաստանը կարող է Թեհրանի հետ պայմանավորվել և նավթամթերք ներկրել Իրանից, որտեղ այն ավելի էժան է, թեև սահմանին նույն գնով է վաճառվում, ինչ ռուսականը։

Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ գործ է հարուցել Газпром газонефтепродукт ընկերության դեմ՝ 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին բորսայում բենզինի վաճառքի նվազեցման համար: Բացի այդ՝ տարածքային մարմինները ներկայումս քննարկում են լցակայաններում գների անհիմն բարձրացման չորս հակամենաշնորհային գործ՝ տեղեկացնում է  Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը:

Ամեն դեպքում Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունից  «Կոմերսանտ»–ին հայտնել են, որ Ռուսաստանի նավթամթերքի շուկայում դեռևս ավելցուկ կա, և գնագոյացման քաղաքականությունը պայմանավորված է  նավթի սեզոնային աճի պահանջարկով: Նավթային ընկերությունները կրճատել են արտահանման մատակարարումները և ծավալները վերաուղղորդել ներքին շուկա՝ հուլիս և օգոստոս ամիսներին բորսայական գործարքներում առաջարկը մեծացնելու համար՝ պարզաբանում է ՌԴ էներգետիկայի նախարարությունը:

Կարդացեք նաև

Back to top button