ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

«Էժան փողի» քաղաքականությունը դրականորեն է ազդում, թեև վարկային տոկոսները չեն նվազում

Կենտրոնական բանկի խորհուրդը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Մասնագետները, այսպես կոչված, «էժան փողի» քաղաքականությունը դրական են համարում՝ գոնե այս պահին։ Այն նպաստում է բիզնես միջավայրում ավելի մեծ շրջանառությանը, ֆինանսական ռեսուրսների ավելի բարձր ակտիվությանը։ Նվազող վերաֆինանսավորման տոկոսադրույքը տրամաբանորեն առևտրային բանկերում  նաև սպառողներին տրամադրվող վարկերի տոկոսների նվազմանը պետք է հանգեցներ։ Բայց Հայաստանում վարկերի տոկոսները ոչ միայն չեն նվազում, այլև աճում են։

ԿԲ–ում արձանագրում են՝ 2–րդ եռամսյակում 12–ամսյա գնաճն արագացել է, ավելացել է նաև բնականոն գնաճը։ Այս տարվա երկրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսության մեջ ու Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկը դանդաղել է, գնաճի ռիկսերը՝ ավելացել։ ԱՄՆ–ի առևտրային քաղաքականության ու մակրոտնտեսական ազդեցության անորոշությունները բարձր են մնում՝ արձանագրում են ԿԲ–ում։ Տարեսկզբից նաև պարենի գների համաշխարհային աճ է նկատվում։ Դա կարող է համաշխարհային գնաճի ռիսկի աղբյուր լինել։

ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան․ «2025 թվականի 2-րդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է, ընդ որում՝ պահանջարկի ընդլայնմամբ շարժվող ճյուղերի աճը գերազանցել է որոշ կարճաժամկետ ոչ կառուցվածքային աճի գործոնների աստիճանական չեզոքացման ազդեցությունը։ Ակտիվության բարձր աճին շարունակել է զգալիորեն նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը»։

Տնտեսական գործոնները վերլուծելով՝ գլխավոր դրամատունը որոշել է դարձյալ անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Բայց ներկայիս տոկոսադրույքից ցածր ցուցանիշ է ակնկալվում՝ ասում է Արմեն Նուրբեկյանը․

«Հարկաբյուջետային քաղաքականության կողմից միջնաժամկետ հորիզոնում առկա են առավելապես գնաճային ռիսկեր։ Մակրոտնտեսական ընթացիկ փոփոխությունների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները ընդհանուր առմամբ ակնկալում են, որ Կենտրոնական բանկն առաջիկա միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը` սահմանելով 6,25 % մակարդակի շրջակայքում»։

Հայաստանի կենտրոնական բանկը այս տարեսկզբից անփոփոխ է թողնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այս պահին այն 6,75 տոկոս է։ Տնտեսագետները, այսպես կոչված, «էժան փողի» քաղաքականությունը դրական են համարում՝ գոնե այս պահին։ Նրանց կարծիքով՝ այն նպաստում է բիզնես միջավայրում ավելի մեծ շրջանառությանը, ֆինանսական ռեսուրսների ավելի բարձր ակտիվությանը։  ՀՊՏՀ միջգիտակարգային կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյան․

«Դա նշանակում է, որ այս փուլում որևէ արտաքին կամ ներքին ռիսկ Կենտրոնական բանկը ֆինանսական շուկայի վրա էական ազդեցության չի տեսնում, տեսնում է կայունություն և տեսնում է ներդրումների համար բարենպաստ դաշտ համեմատաբար ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքի պայմաններում, էդ պատճառով թողնում է նույնը»։

Նվազող վերաֆինանսավորման տոկոսադրույքը տրամաբանորեն պետք է նաև առևտրային բանկերի՝ սպառողներին տրամադրվող վարկերի տոկոսները պակասեցներ։ Մասնագետները նշում են, որ վեց ամսվա կտրվածքով արդեն հնարավոր է նկատելի արդյունք ունենալ։ Բայց Հայաստանում վարկերի տոկոսները ոչ միայն չեն նվազում, այլև աճում են։ Հիպոթեկային վարկերի տոկոսադրույքների աճի մասին օրերս Բանկերի միության նախագահը հայտնեց․

«Բանկերը սկսել են արդեն զսպել հիպոթեկների տրամադրումը, դրա պատճառով էլ նվազել են հիպոթեկային վարկերի տրամադրման ծավալները։ Բայց, այնուամենայնիվ, մարզերում, ոչ եկամտահարկի վերադարձով պայմանավորված, պահանջարկ կա։ Մարդիկ ուզում են վարկեր վերցնել։ Պահանջարկ կա, բանկերն էլ չեն ուզում տրամադրել, զսպված են։ Նախկինում գործում էր եկամտային հարկի վերադարձի դրույթը, այժմ այն չկա։ Ըստ էության՝ ռիսկը բարձրացել է, և վարկի տոկոսադրույքներն աճել են 1%–ով»։

Տնտեսագետ Սոս Խաչիկյանը ևս չնվազող տոկոսները առաջարկ–պահանջարկի տնտեսագիտական կանոններով է բացատրում․

«Եկամտային հարկի հետ կապված բավական լուրջ փոփոխություններ եղան՝ վերադարձի առումով 2025 թվականի հունվարի 1–ից հետո հիպոթեկային շուկայում նույնպես տոկոսադրույքն աճել է։ Այսինքն՝ այդ ոլորտում անշուշտ պահանջարկ կա։ Տնտեսվարողները, բնակչությունը ունեն պահանջարկ, և բանկերն էլ, գնահատելով ռիսկայնությունը, այդ վարկերը տալիս են, տրամադրում են, հետևաբար դա կարող է հանգեցնել տոկոսադրույքի բարձրացմանը»։

Կենտրոնական բանկում, հիպոթեկային վարկերի աճին զուգահեռ, նաև սպառողական վարկերի աճ են արձանագրում։ Նշում են, որ այս վարկատեսակի արագ աճի մի մասը պայմանավորված է նրանով, որ մարդկանց եկամուտներն ավելացել են, իսկ սպառողական վարկերը՝ ոչ այնքան։ ԿԲ–ից վստահեցնում են, որ վարկերի արագ աճը խորհրդի ուշադրության կենտրոնում է։ Երբ վերլուծել են աճը, պարզել են նաև, որ մի քանի բանկ ակտիվորեն ֆինանսավորում է սպառողական վարկերը և աճ արձանագրում։

Այս բանկերում շահույթը բարձր է, ուստի դրանք տեղաբաշխում են այլ ոլորտներում։ Վստահեցնում են, որ իրավիճակը վերահսկում են, որ աճի բեռը վտանգ չդառնա ֆինանսական ու բանկային համակարգի համար։

Կարդացեք նաև

Back to top button