
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՄԱԿ-ի համաժողովի շրջանակներում հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև բարիդրացիական հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը, տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում ընթացող գործընթացները։
«Նշվել է խաղաղության և կայունության բացառիկ նշանակությունը Հարավային Կովկասում։ Վարչապետը հայտարարել է, որ այդ ուղղությամբ կարևոր առաջընթաց է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը։ Իրակլի Կոբախիձեն ևս մեկ անգամ վերահաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանը և այդ ճանապարհով ապահովելու երկարատև խաղաղություն և կայունություն տարածաշրջանում։
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին», – նշված է Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։




