
Միացյալ Նահանգներում մեկնարկում է մինչև 15,000 դոլար գրավով օտարերկրացիներին ԱՄՆ մուտքի վիզաներ տրամադրելու փորձնական ծրագիրը, ասվում է Պետդեպարտամենտի ծանուցման մեջ, որը էլեկտրոնային եղանակով տեղադրվել է Դաշնային ռեեստրի տվյալների բազայում՝ ԱՄՆ կառավարության պաշտոնական փաստաթղթերի ցանկում:
Ինչպես նշված է ծանուցման մեջ, ծրագիրը վերաբերում է միայն գործարար և տուրիստական վիզաների տրամադրմանը (B-1 և B-2 կատեգորիաներ) և այն երկրների քաղաքացիներին, որտեղից մուտք գործելուց հետո Միացյալ Նահանգներում մնալու թույլատրված ժամկետը անօրինականորեն խախտողների մեծ թիվ է գրանցվել:
Ենթադրվում է, որ գրավն ամբողջությամբ կվերադարձվի, երբ այն վճարած անձը ժամանակին կլքի Միացյալ Նահանգները: Գրավի չափը կկազմի 5000, 10000 և 15000 դոլար՝ կախված կոնկրետ հանգամանքներից։
Ծրագիրը կիրականացվի ծանուցման հրապարակման օրվանից մեկ տարվա ընթացքում։ Նախատեսվում է, որ այն պաշտոնապես կհրապարակվի օգոստոսի 5-ին։




