ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Իրացման ցանցում պետք է վաճառվի միայն սպանդանոցային միս․ ՍԱՏՄ–ում ասում են՝ այլընտրանք չկա

Արդեն 5 տարի Հայաստանում սպանդանոցային մորթը պարտադիր է։ Սակայն վերահսկողության արդյունքները ցույց են տալիս, որ իրացման շուկայում  խնդիրներ դեռ կան։  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երկշաբաթյա մշտադիտարկման արդյունքում միայն Երևանում ավելի քան 1860  կգ միս-մսեղիք է առգրավել և ոչնչացման  տարել: Տեսչական մարմնում  մսավաճառները  հայտարարել են, որ պատրաստ են վաճառել միայն սպանդանոցային ծագման միս, սակայն սպանդանոցները չեն կարողանում ապահովել անհրաժեշտ խմբաքանակը:                       

Հայաստանում ընդհանուր առմամբ շուրջ 120 սպանդանոց է գործում,   որոնց մի մասը շարժական է, մի մասը՝  մոդուլային։ Կան նաև ծառայություն մատուցող ներտնտեսային սպանդանոցներ։ Արդեն 5 տարի Հայաստանում սպանդանոցային մորթը պարտադիր է։ Հունան Սարգսյանը սպանդանոց ունի Արագածավանում։ Հարցին, թե ինչ է փոխվել սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելուց հետո,  արձագանքում է․ եթե բոլորի համար պայմանները հավասար լինեն, լավ կլինի

«Գյուղացիները դիմում են, մեր գյուղում՝ դիմում են։ Բայց կանխիկ գումար չունենք, որ տանք գյուղացուն։ Փոխանցում ենք անում, յոթ օրում հազիվ նստում է։ Գյուղացուն կանխիկ է պետք, վարկ են փակում։ Ղասաբը գալիս է, դռան դեմը մորթում է, փողը տալիս, գնում է»։

Բայց այս դեպքում արդեն գյուղացին է խնդրի առաջ կանգնում՝ միսը իրացնելիս։ Խանութներն առանց համապատասխան հավաստագրի միսը  չեն ընդունում։ Սա օրենքի պարտադիր պահանջ է։ Առևտրի որոշ կետերում իհարկե առանց համապատասխան փաստաթղթի միս գնողներ լինում են, բայց այս դեպքում էլ նրանք են հայտնվում ՍԱՏՄ ուշադրության կենտրոնում։ ՍԱՏՄ  իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանի փոխանցմամբ՝ մսի իրացման շուկայում խնդիրներ անընդհատ ծագում են, ասում է՝  մշտադիտարկումը շարունակական բնույթ ունի։

«Հասկանանք, արդյո ՞ք միսը, որ վաճառվում է, սպանդանոցային է, թե ոչ։ Ի վերջո, այս խնդիրը պետք է կարգավորվի։ Իրացման ցանցում պետք է լինի միայն սպանդանոցային միս։ Մշտադիտարկումներ իրականցվում են ամբողջ հանրապետության տարածքում։ Մենք ներկայացրել ենք միայն Երևանի մշտադիտարկման արդյունքը։  Մոտ 1860 կգ մսի մասին է  խոսքը, առգրավվել է, տրվել ոչնչացման ։ Մի մասը Գումի շուկայում է հայտնաբերվել, որտեղից մենք միշտ բողոքներ ենք ունենում և որտեղից միշտ խախտումներ հայտնաբերվում են»։

Մսավաճառներն էլ իրենց հերթին են ՍԱՏՄ–ին ներկայացրել խնդիրները։ Նշել են, որ  պատրաստ են վաճառել միայն սպանդանոցային ծագման միս, սակայն սպանդանոցները չեն կարողանում ապահովել անհրաժեշտ խմբաքանակը և իրենք, ստիպված, ձեռք են բերում բակային մորթի ենթարկված կենդանիների միս-մսեղիք: Առաջարկել են գտնել ճանապարհ, որ գյուղացիները կենդանուն տանեն սպանդանոց, ոչ թե մորթ անողին կանչեն իրենց բակ:  ՍԱՏՄ ղեկավարը պնդել է  որդեգրված մոտեցումը՝ մսավաճառները  չպետք է ընդունեն բակային մորթի ենթարկված կենդանու միսը:

 «Բնական էր, որ տեսչական մարմնի դիրքորոշումը որևէ կերպ փոխվել չի կարող։ Իրենց առաջարկները՝ սկսել գյուղացուց, սկսել սպանդանոցոցից, մեզ ցուցումներ են տալիս՝ որտեղից սկսել բնականաբար նորմալ չէր կարող լինել։ Իրենք էլ հասկանում են, որ հիմնական կետը, որտեղից կարելի է  բացառել ոչ սպանդանոցային, բակային ծագման մսի վաճառքը, իրացման կետերն են։ Եթե բոլոր իրացման կետերը միաժամանակ չընդունեն, գյուղացին անպայման գնալու է սպանդանոց ու համապաասխան կնիքով են վաճառվելու, որպեսզի պարզ լինի,որ ստուգված է, անվտանգ է  քաղաքացու համար»։

Տեսչական մարմինը տնտեսավարողներին հորդորում է կատարել իրավական ակտերի պահանջները, իսկ սպառողներին առաջարկում՝ միսը գնել միայն դրա սպանդանոցային ծագման մասին հավաստիանալուց հետո: 

Գործադիրում վստահեցնում են՝ աջակցում են  այն  տնտեսվարողներին, որոնք շարժական մոդուլային սպանդանոցներ են գործարկում։ Կառավարությունը սուբսիդավորում է կանխավճարի 80%-ը, աջակցում նաև ԱԱՀ-ի 75%-ի չափով։

էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան․ «Սպանդանոցային տնտեսություն հիմնելու, շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու նպատակով տրամադրվող լիզինգների արժեքների հանրագումարը 2 միլիարդ ՀՀ դրամ է»։

Գործադիրում համոզված են, որ շարժական և շարժական մոդուլային սպանդանոցների սուբսիդավորումը կնպաստի սպանդանոցային մորթը արդեն 5 տարի պարտադիր սահմանող կարգավորման  լիարժեք կիրառմանը։

Կարդացեք նաև

Back to top button