
Անկարայում ԱՄՆ դեսպան, Սիրիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը կոչ է արել Սիրիայում լուծել տարաձայնությունները երկխոսության միջոցով։
Շաբաթ երեկոյան Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերը» հարձակվել են Դեյր Հաֆերի բանակի դիրքերի վրա՝ կրակ բացելով հրթիռային կայանքներից, վիրավորելով չորս զինծառայողի։ Ի պատասխան՝ Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերը հրետանի են օգտագործել կրակի աղբյուրները ճնշելու համար։ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ղեկավարությունը հերքել է Դամասկոսի պնդումները։
«Երեկ Սուեյդայում և Մանբիջում տեղի են ունեցել մտահոգիչ բախումներ։ Դիվանագիտությունը բռնությունը դադարեցնելու և խաղաղ, երկարատև լուծում գտնելու լավագույն միջոցն է։
Միացյալ Նահանգները հպարտ է, որ միջնորդ է եղել Սուեյդայում իրավիճակը կարգավորելու գործընթացում, նաև Ֆրանսիայի հետ գործընկեր է հյուսիս-արևելքը միացյալ Սիրիային վերաինտեգրելու գործում։
Առաջ գնալու ուղին սիրիացիներինն է, և մենք կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել հանգստություն և կարգավորել տարաձայնությունները երկխոսության, այլ ոչ թե արյունահեղության միջոցով։ Սիրիան արժանի է կայունության։ Սիրիացիները արժանի են խաղաղության», — գրել է Բարաքը սոցիալական ցանցում։
«Սիրիայի դեմոկրատական ուժերը» կիսառազմական քրդական խմբավորում է, որը վերահսկում է երկրի հյուսիսարևելյան տարածքի մեկ երրորդը, որտեղ 2011 թվականին սկսված զինված հակամարտությունից հետո քրդերը հռչակել են իրենց ինքնավարությունը՝ Դամասկոսից անկախ վարչակազմով: Քրդերի կողմից վերահսկվող տարածքներում են գտնվում նավթի և գազի հիմնական հանքավայրերը, ինչպես նաև գյուղատնտեսական հողերի զգալի մասը։
2025 թվականի փետրվարին «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատար գեներալ Մազլում Աբդին հանդիպել էր Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, որի ընթացքում կողմերը համաձայնության էին եկել անվտանգության հարցերը համակարգելու, սիրիական բանակի և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» միջև բախումը կանխելու անհրաժեշտության մասին և քննարկել էին քրդական ինքնավարության ինքնակառավարման մարմիններն ազգային կառույցներին ինտեգրելու հեռանկարները:




