ԿարևորՀասարակություն

Մինչեւ +42. ջերմաստիճանի լուրջ անկում, ցավոք, առաջիկա 10 օրերին չի կանխատեսվում. Գագիկ Սուրենյան

Մինչև օգոստոսի 9-ը Հայաստանում ջերմաստիճանի փոփոխություն չի կանխատեսվում, այսօր ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։

Օգոստոսին Հայաստանը հիմնականում գտնվելու է հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կանխատեսվել է կլիմայական նորմայից 2-3 աստիճան բարձր, տեղումները՝ նորմայից պակաս։

Օգոստոսի ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն առաջին տասնօրյակում։ Առանձին դեպքերում առանձին հատվածներում սպասվում է մինչև 42 աստիճանի տաքություն։ Օգոստոսի 10-ից արևադարձային տաք օդի ալիքը կնահանջի հարավ։

Հարավային հոսանքներին կփոխարինեն արևմտյան, հյուսիսարևմտյան հոսանքները։

Օգոստոսից 10-ից 11-ին, ըստ Գագիկ Սուրենյանի, հանրապետությունում օդի ջերմաստիճանը նվազի 3-4 աստիճանով։ «Այսինքն մենք 40-41 ի փոխարեն արդեն ամենատաք գոտիներում՝ Երևան, Արարատյան դաշտ, Սյունիքի հովտային գոտի, ցերեկային ժամերին հիմնականում կարձանագրենք 36-ից 37 աստիճան տաքություն։ Լուրջ ջերմաստիճանի անկում, կոմֆորտային ջերմաստիճան, ցավոք սրտի, չի կանխատեսվում, որովհետև նույնիսկ 36-37 աստիճանը դա նույնպես համարվում է բարձր ջերմաստիճան»,- ասել է նա։

Ներկայացնելով հուլիսին մթնոլորտի շրջանառությունը հանրապետությունում՝ նա հայտնել է, որ հուլիսի առաջին տասնօրյակում մեր երկիրը հիմնականում գտնվում էր հյուսիս-արևմուտքից՝ Սևծովյան շրջաններից ներթափանցող խոնավ և ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր էր 2-4 աստիճանով։

«Պայմանավորված այդ հոսանքների ներթափանցմամբ՝ ժամանակ առ ժամանակ հանրապետության մի շարք հատվածներում դիտվում էին ամպրոպային բնույթի անձրևներ։
Սկսած հուլիսի 12-ից՝ այդ հյուսիս-արևմտյան հոսանքները ընդհատվեցին՝ իրենց տեղը զիջելով հարավից, արևադարձային լայնություններից, հիմնականում Իրաքի շրջաններից ներթափանցող տաք օդային հոսանքներին»։

Ըստ Սուրենյանի՝ հուլիսի 12-ից մինչև օրս մեր երկիրը գրեթե անդադար գտնվում է այդ արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։

«Հուլիսի 12-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում օդի ջերմաստիճանը հիմնականում տատանվել է 37-ից 39 աստիճանի սահմաններում, իսկ հուլիսի 30-ին այն հասել է իր պիկին. Արարատյան դաշտում ջերմաստիճանը մոտեցել է 40 աստիճանի։ Տեղումների քանակը հուլիսին հանրապետությունում բաշխվել է խիստ անհավասարաչափ, քանի որ տեղումները հիմնականում կրել են ներզանգվածային՝ լոկալ բնույթ։
Հանրապետությունում ունենք հատվածներ՝ հիմնականում հյուսիսային շրջաններում (Տավուշ, Լոռի, Շիրակ, Գեղարքունիքի առանձին հատվածներ), որտեղ թափվել է տեղումների ամսական նորմայի մինչև 170%-ը։

Բայց ունենք նաև հատվածներ, օրինակ՝ Արարատի շրջանը, որտեղ տեղումների քանակը կազմել է ընդամենը ամսական նորմայի 4 տոկոսը, իսկ Մեղրիի հատվածում՝ ընդհանրապես տեղումներ չեն եղել։

Երևանում նույնպես տեղումների քանակը խիստ անհավասարաչափ է եղել՝ 180%-ից մինչև 35%»,-ասել է Սուրենյանը։

Կարդացեք նաև

Back to top button