ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսման հեռանկարն առայժմ անորոշ է

Վաշինգտոնը Թեհրանի դեմ սահմանել է 7 տարվա կտրվածքով ամենախիստ պատժամիջոցները:

Դրանք թիրախավորում են մի քանի տասնյակ անձանց ու կազմակերպությունների, որոնց շարքում ամենաուշագրավը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի գլխավոր օգնականի որդու անունն է։ Վերջինս, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության, նավագնացության խոշոր ցանց է տնօրինել և միլիարդավոր դոլարների շահույթ ապահովել։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել  է, որ վերջին յոթ տարիների կտրվածքով Իրանի դեմ սահմանված ամենախիստ  պատժամիջոցները թիրախավորում են նավթային առևտրով զբաղվող Հոսեյն Շամխանիին, որի հայրը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի ավագ խորհրդականն է։  Պատժամիջոցների թիրախում են ավելի քան 50 անհատ, կազմակերպություն և մի քանի տասնյակ նավեր, որոնք «Մոհամմադ Հոսեյն Շամխանիի կողմից վերահսկվող նավագնացության կայսրության մաս են»։

ԱՄՆ պատժամիջոցների նպատակը իրանական նավթի արտահանումը սահմանափակելն է։

Bloomberg-ի գնահատմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Իրանի դեմ սահմանել է վերջին յոթ տարվա կտրվածքով ամենախիստ պատժամիջոցները:

Դրանք ուժի մեջ են մտել ԵՄ սահմանափակումների կիրառումից մեկ շաբաթ անց: ԱՄՆ պաշտոնյաները պնդում են, որ Շամխանին օգտագործել է իր հոր՝ Ալի Շամխանիի ազդեցությունը միջազգային նավագնացության ցանց ստեղծելու համար։

«Այս գործողություններն առաջնահերթ են Ամերիկայի համար, քանի որ դրանք թիրախավորում են ռեժիմի վերնախավը, որը մեծ շահույթ է ստանում ու սպառնում Միացյալ Նահանգների անվտանգությանը»,-ասում է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

Ֆինանսների փոխնախարար Մայքլ Ֆոլքենդերը բացատրում է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է կրճատել իրանական նավթի արտահանումը։

«Մեր նպատակն է սահմանափակել Իրանի եկամտի հիմնական աղբյուրը, ճնշում գործադրել ռեժիմի վրա՝ միջուկային սպառնալիքը չեզոքացնելու, բալիստիկ հրթիռների ծրագիրը կրճատելու և ահաբեկչական խմբավորումների աջակցությունը դադարեցնելու համար»,-ասել է նա։

Ամերիկացի պաշտոնյաները չեն կարծում, թե պատժամիջոցները կխաթարեն համաշխարհային նավթային շուկաների բնականոն միջավայրը։ Նրանց խոսքով՝ Շամխանիի ցանցի կողմից վաճառվող նավթի մեծ մասը հոսում է Չինաստան։

Հունիսին Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեց Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի իրանական միջուկային օբյեկտներին։ Այդ հարվածները դադարեցրին փոխադարձ հրթիռակոծությունները Իսրայելի և Իրանի միջև։

Միացյալ Նահանգները պահանջում է, որ Իսլամական Հանրապետությունը հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից։ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է «համապարփակ խաղաղության համաձայնագրի»։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չի բացառում ապագայում Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցությունների վերսկսումը։ «Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանի հետ փոխգործակցել հավասար հիմունքներով՝ փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի հիման վրա»,-ասել է Արաղչին։

Financial Times-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է համաձայնի փոխհատուցել Իրանին ամերիկյան զինված ուժերի հարձակման հետևանքով կրած կորուստների համար: Բացի դրանից, Թեհրանը, ըստ պաշտոնյայի,  երաշխիքների կարիք ունի, որ հնարավոր բանակցությունների ժամանակ ռազմական գործողությունների սցենարը չի կրկնվի։

«Բանակցությունների ճանապարհը նեղ է, բայց անհնար չէ։ Ես պետք է համոզեմ իմ ղեկավարությանը, որ եթե մենք գնանք բանակցությունների, մյուս կողմը կգա իրական վճռականությամբ՝ փոխշահավետ գործարքի համար»,-ասել է Արաղչին:

Պատրաստվո՞ւմ է արդյոք ԱՄՆ-ն վերսկսել դիվանագիտական գործընթացը Իրանի հետ և գնալ ուղիղ բանակցությունների․ լրագրողների հարցին ի պատասխան Թրամփը նախօրեին հստակեցրել է․

«Իրանը շատ վատ է գործել։ Նրանց միջուկային կարողությունները ոչնչացվել են։ Ատոմային էներգիայի հանձնաժողովն ասել է, որ այդ վայրը պարզապես ոչնչացվել է։ Հիմա նրանք կարող են նորից սկսել։ Ինչպես գիտեք, մենք 30 հրթիռ արձակեցինք հարյուրավոր մղոն հեռավորության վրա գտնվող սուզանավերից, և դրանք հարվածեցին բոլոր թիրախներին»։

Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցում էին, երբ Իսրայելը հրթիռակոծեց Իրանի տարածքում ռազմավարական նշանակության օբյեկտները։ Այնուհետև դրանք թիրախավորվեցին ԱՄՆ-ի կողմից։

Խաթարված բանակցությունները վերսկսելու հարցում հստակություն առայժմ չկա։ Հնարավոր հանդիպման կոնկրետ վայր կամ ժամկետ պաշտոնյաները դեռևս չեն նշում։

Կարդացեք նաև

Back to top button