ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ռիսկեր չկան, բայց բանկերն ավելի զգուշավոր են դարձել․ ինչու են նվազել հիպոթեքային վարկերի ծավալները

2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի առևտրային բանկերը մոտ 201 միլիարդ դրամի շահույթ են գրանցել՝ 16%-ով ավելի, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։

Ցուցանիշներն այսօր ներկայացրել է Հայաստանի բանկերի միության ղեկավար Դանիել Ազատյանը։ 25 միլիարդ դրամով աճել է նաև բանկերի  վճարած հարկերի ծավալը՝ կազմելով 107 միլիարդ դրամ։ Ազատյանը նշել է, որ  վարկերի 50%-ը տրամադրվել է ֆիզիկական, 45%-ը՝ իրավաբանական անձանց, 5%-ն էլ՝ ֆինանսական կազմակերպություններին։

Քննարկման հիմնական թեմաներից մեկը վերաբերել է հիփոթեքային վարկերին, որոնք նվազման միտում են արձանագրում։ Մասնագետները սա բացատրում են Երևանում եկամտային հարկի վերադարձի դրույթի չեղարկմամբ՝ բնակարանաշինական ծրագրերի ակտիվացում ակնկալելով մարզերում։

Հիպոթեքային վարկերի բումը Երևանում կարելի է ավարտված համարել։ Ըստ կիսամյակային տվայլների՝ հիպոթեքային վարկերի տրամադրման ծավալը նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է գրեթե 3 անգամ։ Վարկային ընդհանուր պորտֆելում  հիպոթեքային վարկերի ծավալը  կազմել է 22․2 տոկոս։ Ցուցանիշը երկրորդն է՝ սպառողական վարկերից հետո։ 

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյան․ «Բանկերը սկսել են արդեն զսպել հիփոթեքների տրամադրումը, դրա համար էլ նվազել են հիփոթեքային վարկերի տրամադրման ծավալները։ Բայց այնուամենայնիվ, մարզերում, ոչ եկամտահարկի վերադարձի կոնտեքստով պայմանավորված, պահանջար կա։ Մարդիկ ուզում են վարկերը վերցնել։ Պահանջարկ կա, բանկերն էլ չեն ուզում տրամադրել, զսպված են։  Նախկինում գործում էր եկամտային հարկի վերադարձի դրույթը, այժմ այն չկա։ Ըստ էության ռիսկը բարձրացել է, և վարկի տոկոսադրույքները թանկացել են 1 %-ով»։

Անշարժ գույքի շուկան ակտիվացել է մարզերում, հատկապես՝ Երևանին հարակից շրջաններում։  Մասնագետներն ակնկալում են, որ հիպոթեքային վարկերի աճի միտումը մայրաքաղաքից կտեղափոխվի մարզեր։

«Բագրևանդում և հարակից շրջաններում նախկինում սկսված նախագծերն են շարունակվում։ Բայց մենք ունենք կոնկրետ տեղեկություններ, փաստեր և ինքներս էլ մեր աչքով տեսնում ենք՝ Աբովյանում, Հրազդանում, Էջմիածնում, Կապանում, Ծաղկաձորում բավականին մեծ շինարարություն է։ Հատկապես բնակարանաշինություն է գնում մարզերում։ Շահառուները  հիմնականում հենց այդ մարզերի բնակիչներն են»։ 

Աևտրային բանկերը հունիսի տվյալներով ավելի քան 7 մլրդ դրամ վարկ են տրամադրել, 2025-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 5․5 մլրդ դրամ էր։ Տարեկան կտրվածքով  վարկերի ծավալն ավելացել են շուրջ 30 տոկոսով։ Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ Մերի Բոյաջյանի գնահատմամբ՝ թեև եկամտային հարկի վերադարձի դրույթը չեղարկվել է, բայց կան շարունակվող նախագծեր, որոնց շինթույլտվությունները կառուցապատողները մինչև 2025թ հունվարի մեկն են ստացել։

«Բանկերի վարկային պորտֆելի ավելացումը, ընդհանուր առմամբ, մտահոգիչ չի լինի այն դեպքում, երբ այն ներդրվի տնտեսության ճյուղերում` ստեղծելով որոշակի տնտեսական արդյունք»։

Կենտրոնական բանկը դեռ տարեսկզբին առևտևային բանկերին առաջարկում էր  մանրամասն վերլուծել ռիսկերը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով հիպոթքային վարկավորմանն ու կառուցապատողներին տրամադրվող վարկերին։ ԿԲ-ն այսօր էլ վստահեցնում է, որ աշխատում է վերահսկողական գործառույթներն ուժեղացնելու և դրանք ավելի թափանցիկ դարձնելու  ուղղությամբ։

Գլխավոր դրամատան ֆինանսական վերահսկողության ու լիցենզավորման դեպարտամենտի տնօրեն Վահան Ավետիսյանն ավելի վաղ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել էր, որ բանկային համակարգում ռիսկերն ավելի մանրամասն ու խորությամբ գնահատելը գերխնդիրներից մեկն է։

«Սա, ըստ էության, առաջին փորձն է, որը միջնաժամկետում կիրականացվի։ Բանկային համակարգի հետ նախանշում ենք ռիսկերը։ Ավելի մեծ ջանքեր պետք է գործադրենք ապագայում այդ ռիսկերը ավելի մեծ չափով կառավարելու համար»։

Վահան Ավետիսյանն ընդգծում է՝ սա չի նշանակում, որ էական խնդիրներ կան, քանի որ բանկային համակարգը կայուն է, իրացվելի ու վճարունակ։

«Սա չի նշանակում, որ որևէ շուկայում կամ կոնկրետ հիպոթեքային վարկավորման շուկայում պայմանները կխստանան, սահմանափակումներ կլինեն։ Ընդհակառակը, ինչպես գիտեք, վերջին 3 տարում շինարարության ու հիպթեքային վարկերի տարեկան մոտ 30 տոկոս աճ է արձանագրվում։ Մեր նատակն է, որ բանկերը ունենան դրանց ռիսկերը համարժեք կլանելու կարողություն»։

2015-2025 թթ․-ին Հայաստանում հիփոթեքային վարկավորման պորտֆելն աճել է 7 անգամ՝ հասնելով 1 տրլն 423 մլրդ դրամի (ընթացիկ փոխարժեքով՝ մոտ 3 մլրդ 576 մլն դոլար)։

Սա մասնագետները եկամտահարկի վերադարձի ու շինարարական բումի արդյունք  են համարում։ Տնտեսագետ Համլետ Մկրտչյանի կարծիքով՝ Երևանում շինարարության տեմպերը կնվազեն, բայց ոլորտի աճը կշարունակվի։

«Ռիսկեր կան նաև այժմ, բայց դրանք կառավարելի են։ Շինարարության մեծ ծավալները 2023-2025-ին կշարունակվեն։ Կարող ենք ասել, որ շինարարության ծավալները կդառնան տնտեսական ընդհանուր աճին համապատասխան, հարմոնիկ կլինեն։ Երևանում շինարարական բում չենք սպասում, քանի որ եկամտահարկի վերադարձը այլևս չկա»։

Շինարարության ոլորտում պահպանվող բարձր ակտիվության և անշարժ գույքի պահանջարկի անհավասարակշռությունը ռիսկեր է ծնում, որոնք պետք է գնահատվեն։ Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ Մերի Բոյաջյան․

«Շինարարությունն այն ոլորտն է, որտեղ ուղղվում է հիփոթեքային վարկերի մեծ մասը, և այստեղ դեռևս բարձր ակտիվություն է պահպանվում, և այստեղ որոշակի ռիսկային միջավայր է ստեղծվում, քանի որ դուրս է եկել եկամտային հարկի վերադարձի օրենքը, ինչը ենթադրում է պահանջարկի հնարավոր անկում անշարժ գույքի նկատմամբ»։

Գլխավոր դրամատանը պահանջարկի հնարավոր անկումը չեն բացառում, բացատրում են՝ շատերն արդեն գնել են բնակարաններ, ինչը նշանակում է, որ ապագայում դրանց պահանջարկը, հետևաբար նաև գները կարող են նվազել։ Կա նաև ավելցուկային առաջարկի ռիսկ. եթե բնակարանաշինությունը շարունակվի աճի նույն տեմպերով, բայց նոր բնակարաններ գնելու պահանջարկը նվազի, շուկան կարող է հայտնվել «հագեցած» վիճակում։

Կարդացեք նաև

Back to top button