Հայաստանի մայրաքաղաք Երևանը ներառվել է աշխարհի այն եզակի քաղաքների շարքում, որոնք ճանաչվել են իրենց վարդագույն երանգներով։ Ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» պարբերականի հրապարակման համաձայն՝ Երևանը, Ջայպուրը (Հնդկաստան), ինչպես նաև Թուլուզը, Ալբին և Մոնտոբանը (Ֆրանսիա) ներառվել են «վարդագույն քաղաքների» ցանկում, որտեղ ճարտարապետությունն ու նյութերը ձևավորում են յուրահատուկ գունային ինքնություն։
Երևանի կենտրոնը կառուցված է տեղական հրաբխային տուֆ քարից, որն ունի բաց վարդագույնից մինչև նարնջագույն երանգներ։ Այս բնական նյութը դարձել է քաղաքի տեսքի անբաժան մասը՝ ստեղծելով տաք ու ներդաշնակ մթնոլորտ, հատկապես մայրամուտի ժամերին։
Քաղաքի ներկայիս ճարտարապետական դիմագիծը ձևավորվել է 20-րդ դարի նշանավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծերով, ով քաղաքի գունային ամբողջականությունը վերածեց հստակ ոճի։
«Le Figaro»-ն նշում է, որ այս մականունը՝ «վարդագույն քաղաք», պատահական բնութագիր չէ. այն հիմնված է պատմական համատեքստի, նյութական մշակույթի և գեղագիտական որոշումների վրա։
Եթե Ջայպուրում վարդագույնը կիրառվել է ի նշան հյուրընկալության, ապա Երևանում այն պարզապես քաղաքի բնությունից է բխում։
Երևանը միակ մայրաքաղաքն է այս ցուցակում և միակ քաղաքը, որի գունային ինքնությունը ձևավորվել է հենց նրա տարածքում առկա բնական նյութերի միջոցով՝ ոչ թե արհեստական ներկման արդյունքում։ Այդպիսով, Երևանը ոչ միայն աչքի է ընկնում իր պատմությամբ ու մշակույթով, այլ նաև իր վարդագույն ճարտարապետությամբ, որն այսօր արդեն միջազգային ճանաչում ունի։




