ԿարևորՄիջազգային

Կամչատկայի ափերի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժը ցունամի է առաջացրել, Ճապոնիայում և Հավայան կղզիներում տարհանում է հայտարարվել

Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի հետևանքով թերակղզու ափերին ցունամի է առաջացել, Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասի բոլոր ափամերձ շրջաններում մինչև երեք մետր բարձրությամբ ալիքների մասին նախազգուշացումներ են ստացվել։

Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ Կամչատկայի երկրամասի առողջապահության նախարար Օլեգ Մելնիկովը հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։

«Բոլոր հիվանդները գտնվում են բավարար վիճակում։ Այս պահին լուրջ վնասվածքներ չեն գրանցվել», — Մելնիկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տվյալներով՝ 8.7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից մոտավորապես 150 կմ հեռավորության վրա, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 17 կմ խորության վրա։

Սեյսմոլոգների կարծիքով՝ սա տարածաշրջանում ամենաուժեղ երկրաշարժն է 1952 թվականի երկրաշարժից և ցունամիից ի վեր, երբ Կուրիլյան կղզիներում և Կամչատկայում զոհվեց առնվազն 2000 մարդ։

Ցունամիի մասին նախազգուշացումներ են տրվել Ճապոնիայում, Հավայան կղզիներում, Ալյասկայում և Հյուսիսային Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափին։

Ճապոնիայում և Հավայան կղզիներում իշխանությունները հայտարարել են ափամերձ տարածքներից բարձրադիր վայրեր շտապ տարհանվելու անհրաժեշտության մասին։

Կարդացեք նաև

Back to top button