
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ իր հանդիպումը կկայանա մինչև տարեվերջ։
«Նա (Սի Ծինփինը) ցանկանում է հանդիպել, և ես նույնպես անհամբեր սպասում եմ նրա հետ հանդիպմանը։ Ես կասեի, որ դա տեղի կունենա մինչև տարեվերջ», — հայտարարել է Թրամփը՝ Աբերդինից Վաշինգտոն թռչող իր ինքնաթիռում լրագրողների հետ խոսելիս։
Նա կրկնել է, որ Շվեդիայում ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունները «շատ լավ» են անցել։
ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները երկուշաբթի օրը Ստոկհոլմում ավելի քան հինգ ժամ տևողությամբ բանակցություններ էին անցկացրել՝ նպատակ ունենալով լուծել աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև առևտրային վեճերը և կանխել առևտրային պատերազմի սրացումը։
Չինաստանը պետք է մինչև օգոստոսի 12-ը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ կնքի մաքսային համաձայնագիր։ Կողմերը մայիսին և հունիսին ձեռք էին բերել նախնական պայմանավորվածություններ՝ դադարեցնելու փոխադարձ մաքսատուրքերի բարձրացումը և հազվագյուտ հանքանյութերի մատակարարման սահմանափակումը։
Ավելի վաղ Չինաստանի առևտրի նախարարությունը հայտնել էր, որ Չինաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հուլիսի 27-ից 30-ը Շվեդիայում կանցկացնեն առևտրատնտեսական բանակցությունների նոր փուլ:




