ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Հողի հետ հաշտվելով, կրծողների դեմ՝ պայքարելով․ Տալվորիկի գյուղատնտեսական առօրյան

Բաղրամյան համայնքի Տալվորիկ գյուղն Արմավիրի մարզի երիտասարդ համայնքներից է, որտեղ տարիներ առաջ գյուղացիներն անմշակ հողերը դժվարությամբ մշակովի են դարձրել, բայց եկամուտ չեն ստացել: Տարիներ անց շատերն իրենց հողերն օտարել են, իրենք էլ օրավարձով աշխատել այնտեղ: Տալվորիկում հիմա ավելացել են մշակովի տարածքները, մեծամասամբ պտղի ու խաղողի այգիներ են:  

Տալվորիկի անջրդի տարածքներում գյուղացիները տարիներ շարունակ հողից եկամուտ չեն ստացել, հողի մշակմանն ուղղված ու չվերադարձված ծախսերը ժամանակի ընթացքում վերածվել են պարտքերի ու վատ վարկային պատմության: Տարիների ընթացքում տալվորիկցիները ստիպված են եղել  վաճառել իրենց հողակտորները։ Դրանք ձեռք բերելը ձեռնտու է եղել խոշոր հողատերերին։

Տալվորիկի բնակիչ Վարդուհի Հակոբյան․ «Շատերն են հողերը վաճառել մեծ հողատերերի, հիմա էլ են վաճառում, քիչ-քիչ վաճառում են, իրենք բարձր գներով են վերցնում, որովհետև հիմա էնքան դժվար է հող մշակելը, որ ավելի լավ է գնան ուրիշի մոտ աշխատեն, քան իրենք հողից եկամուտ կստանան»:

Տալվորիկի երկարամյա գյուղապետ, հիմա արդեն վարչական ղեկավար Կիրակոս Սաղաթելյանն ասում է, որ  գյուղացիները հարկադրված են հողերն օտարել. ոռոգման ջուր չկար, հողն էլ եկամուտ չի ապահովել:

«Դե, էն ժամանակ վարկեր էին վերցնում, բերում, «դնում» հողի մեջ, ճիշտն ասած, տուժում էին, վարկերի պարտքերի տակ էին մնացել»:      

Տալվորիկցիներից հիմա քչերը հող ունեն: Հատկապես 2000-ականների սկզբին գյուղացիները հողերը վաճառել են, հետո սկսել օրավարձով աշխատել խոշոր հողատերերի մոտ: Սկզբում օրավարձը 3000 դրամ էր, իսկ հիմա՝ ավելի բարձր:

Կիրակոս Սաղաթելյան. «Մի քանի ընտանիք է մնացել, որ հող ունեն, մնացածը վաճառել են: Գյուղում 50 տնտեսություն է, 3 ընտանիք էլ դուրս է եկել երկրից: 15-20 հոգի հազիվ հող ունենա՝ ընդհանուր՝ մոտ 50 հա: Բոլորը վաճառել են: Մի ընտանիքից 2-3 հոգի է հիմա աշխատում: Օրը 7000-8000 դրամ են վաստակում»:

Բայց գյուղում փոփոխություններ էլ կան։ Ներկայում գյուղի հողային պատկերը նկատելիորեն փոխվել է՝ ջրի խնդրի լուծման արդյունքում 4-րդ-5-րդ կարգի հողերը վերածվել են կանաչ տարածքների: Խոշոր հողատերերն ամայի տարածքներում այգիներ են հիմնել՝ պատմում է Տալվորիկի վարչական ղեկավար Կիրակոս Սաղաթելյանը:

«Գյուղի մշակովի հողերը տարեցտարի ավելանում են, ներկա պահին շուրջ 1500 հա է: Իսկ գյուղի վարչական տարածքը 1871 հա է: Մշակում են բանջարաբոստանային մշակաբույսեր ու հիմնականում՝ պտուղ: Մանավանդ հիմա շատ են ինտենսիվ այգիները՝ 400-450 հա: Խոշոր հողատերերն անհատներ են»:

Տեղի որոշ բնակիչներ էլ են նոր այգիներ հիմնել ու փոքր քանակով բանջարեղեն մշակում: Վարդուհի Հակոբյանի ընտանիքը սեփական 2 հա հողում կեռասի ու ծիրանի տնկիներ է դրել, իսկ վարձակալած հողամասում՝ բանջարեղեն մշակում։   Նորատունկ ծառերն ու բանջարեղենն անցած տարի տուժեցին կրծողներից ու վնասատու միջատներից:

«Լոլիկն ամբողջությամբ որդերը կերան՝ ցեցը: Դե, որ բերքը փչանում է, ինքնըստինքյան, նաև քչանում է: Վաճառքն էլ շատ քիչ էր, նախանցած տարի ավելի լավ էր, քան անցած տարի: Լոլիկի դաշտերում ցեց վաղուց կար, բայց անցած տարի շա՜տ-շատ էր: Սրսկումներն էլ չօգնեցին, ամբողջ բերքը փչացավ: Մկներն ավելի շատ ավերեցին: Քոլի վրա մկներն ամբողջ լոլիկները կերել էին, ծիրանի դաշտերում էլ լրիվ ծառերն են կերել: Ահագին վնաս են տվել»:

Մկների հասցրած վնասից ծառերը չորացել են, հողատերերն էլ՝ ստիպված արմատախիլ արել: Այս տարի էլ տևական անձրևների պատճառով  ցանքը գրեթե մեկ ամիս ուշ սկսեցին, բերքն էլ ուշ են հավաքելու՝ ասում է Վարդուհի Հակոբյանը.

«Անձրևները շատ խանգարեցին, շատ ուշացրինք, լոլիկը ջերմոցներում արդեն ծաղկել էր: Մենք պետք է ապրիլի կեսերին դնեինք, երբ սկսվում է ոռոգման սեզոնը, բայց մայիսի 20-ից հետո ենք դրել: Հիմնականում բանջարեղեն ենք մշակում։ Բանջարեղենը հիմա 2 հա է, բայց հողը վարձակալել ենք: Այդքան էլ ձեռնտու տարբերակ չէ, երբ հաշվարկներ ենք անում, գրեթե զրոյի վրա է կանգնում: Էս պահին ավելի շատ լոլիկի ու ձմերուկի ցանքերն են»:

Տալվորիկում հիմա ոռոգման ջրի խնդիր չկա, խոշոր հողատերերը ջրավազաններ են կառուցել, այգիների մի մասը կաթիլային համակարգով են ոռոգում, գյուղացիներն էլ՝ ջրանցքի ջրով:

«Տարեկան 500 հազար դրամ ոռոգման ջրի վարձ ենք տալիս, այսինքն՝ սեզոնին ոռոգման ջրի խնդիր չի լինում: Էս երկու տարի միշտ կա, մի տարի խնդիր եղավ, ասեցին՝ չի լինելու, բայց հիմնականում լինում է»:

Վարդուհին հիշում է, որ մինչև այգիներ  հիմնելը լոլիկի դաշտերը շատ էին,  հետզհետե կրճատվեցին: Դաշտերում միայն ընտանիքով չեն կարող բանջարեղեն մշակել, օգնող ուժ են բերում:

«Աշխատողներին հարևան գյուղերից ենք բերում: Էս պահին աշխատողներ չունենք: Խոսք են տվել, որ պիտի գան, քաղհանեն, տեսնենք: Դալարիկից են գալու, Նոր Կեսարիայից, որտեղ աշխատուժ կա: Մենք ենք գնում մեքենայով բերում, վճարում: Իրենց աշխատանքը թանկացրել են, 8000 դրամ է օրը, իսկ անցած տարի՝ 7000 դրամ էր»:   

Գյուղացիները, սակայն, բանջարեղենի իրացման խնդիրներ էլ ունեն։ Մեծածախ շուկայում, ասում են, օրերով կանգնում են, որ բերքն իրացվի, իսկ խոշոր հողատերերն այդ հարցում առանձնակի դժվարություն չունեն, մթերում են սեփական արտադրությունների համար։

Կարդացեք նաև

Back to top button