ԿարևորՄիջազգային

Էփշտեյնի գործը Թրամփի համար դառնում է ներքաղաքական խնդիր

Սպիտակ տունը նախ զայրույթով հերքել, ապա հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը հիշատակվում է Էփշտեյնի գործի փաստաթղթերում, հայտնում է BBC-ին։

Չորեքշաբթի օրը Wall Street Journal-ը գրել էր, որ ԱՄՆ գլխավոր դատախազ Փամելա Բոնդին մայիսին տեղեկացրել է Թրամփին, որ նրա անունը նշված է սեռական հանցագործությունների մեջ մեղադրված Ջեֆրի Էփշտեյնի գործով քննչական նյութերում։ Բոնդին այն ժամանակ նշել էր, որ փաստաթղթերում կան տարբեր անձանց, այդ թվում՝ Թրամփի մասին լուրեր։ Նաեւ տեղեկացրել, որ Էփշտեյնի փաստաթղթերում կան մանկական պոռնոգրաֆիայի նյութեր և զոհերի վերաբերյալ տվյալներ, որոնք հրապարակման ենթակա չեն։

Փաստաթղթերում Թրամփի անվան հիշատակումը որեւէ հանցանքի ապացույց չէ, բայց այն կարող է ներքաղաքական խնդիր դառնալ նախագահի համար։

Սպիտակ տան հակասական արձագանքը

Հրապարակումից հետո նախ Սպիտակ տունը հայտարարություն տարածեց` պնդելով, որ տեղեկությունը ֆեյք է։ Ավելին` նախագահի մամուլի խոսնակ Սթիվեն Չունգը էլեկտրոնային նամակով հայտնեց, որ Թրամփը Էփշտեյնին դեռ 2000 թվականին հեռացրել էր իր ակումբից, քանի որ նա «այլասերված է»։ «Սա պարզապես Դեմոկրատների և լիբերալ լրատվամիջոցների հորինած կեղծ լուրերի շարունակությունն է»,- պնդում էր Չունգը։

ՀԴԲ-ի տնօրեն Քեշ Պատելն իր հերթին էր պնդում. «Տեղեկատվության հանցավոր արտահոսքի աղբյուրները և կեղծ լուրեր տարածող լրատվամիջոցները անդադար փորձում են վարկաբեկել նախագահ Թրամփին զրպարտությամբ ու սուտով, և այս պատմությունն էլ բացառություն չէ»։

Հետագայում Սպիտակ տան ներկայացուցիչը Reuters–ին հայտնել էր, որ վարչակազմը չի հերքում, որ Թրամփի անունը նշված է որոշ փաստաթղթերում։ Նա ընդգծել էր, որ նախագահը արդեն հիշատակվել էր Բոնդիի՝ փետրվարին պահպանողականների համար պատրաստված փաստաթղթերում։

Թրամփի անունը արդարադատության նախարարության գործի նյութերում հիշատակելու փաստի հրապարակումը կարող է խորացնել քաղաքական ճգնաժամը, հայտնում են ամերիկացի փորձագետները։ Ըստ նրանց` այս ճգնաժամի պատճառը Թրամփն ու իր նախընտրական քարոզարշավն են։

Տարիներ շարունակ Թրամփի կողմնակիցները առաջ են քաշում մանկապղծության մեջ մեղադրվող Էփշտեյնի «հաճախորդների» և նրա մահվան հանգամանքների շուրջ դավադրության տեսություններ։

Ֆինանսիստը մահացել է Նյու Յորքի բանտում 2019 թվականին։ Նրա մահը ճանաչվել է ինքնասպանություն։

Էփշտեյնի «հաճախորդների» ցուցակը

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը խոստացել էր հրապարակել Էփշտեյնի գործի բոլոր փաստաթղթերը։ Սակայն ենթադրյալ «հաճախորդների ցուցակը» այդպես էլ չհրապարակվեց։ Հուլիսի 7-ին գլխավոր դատախազը հայտարարեց, որ հրապարակելու համար բան չունի եւ արդարադատության նախարարությունը չի հայտնաբերել Էփշտեյնի «հաճախորդների ցուցակ»։

Մինչ այս դատախազ Բոնդին ակնարկել էր, որ ունի «շատ անուններ» և այդ ցուցակը «իր սեղանին է»։

Սա առաջացրել էր Թրամփի կուսակիցների զայրույթը։ Բորբոքվող սկանդալը կանգնեցնելու համար Թրամփը գլխավոր դատախազին հանձնարարել էր հրապարակել Մեծ ժյուրիի բոլոր նյութերը։ Արդարադատության նախարարությունը դիմել էր Ֆլորիդայի եւ Նյու Յորքի դատարաններին` փաստաթղթերը հրապարակելու թույլտվությամբ։

Սակայն Բարաք Օբամայի կողմից նշանակված դատավոր Ռոբին Ռոզենբերգը չորեքշաբթի օրը որոշել է, որ Ֆլորիդայի գործով փաստաթղթերի հրապարակումը կխախտի Մեծ ժյուրիի գաղտնիության կանոնները։ Խոսքը 2006 թ․ Էփշտեյնի գործի քննության ժամանակ ստացված արձանագրությունների մասին է, երբ նրան անչափահասին պոռնկության դրդելու համար մեղադրանք էր առաջադրվել։

Նյու Յորքի երկու դատավորներ էլ դեռ քննարկում են` հրապարակե՞լ արդյոք սեռական շահագործման գործի հետ կապված 2019 թ․ արձանագրությունները։

Դավադրության տեսություններ

Թրամփն ու նրա խորհրդականները վաղուց հայտարարում էին, որ կա Էփշտեյնի «հաճախորդների ցուցակ», որտեղ ամերիկյան վերնախավի հայտնի ներկայացուցիչների անուններն են, որոնք օգտվել են նրա ծառայություններից, իսկ Էփշտեյնն էլ ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան բանտում սպանել են, որ անուններ չհրապարակվեն։

Այժմ, երբ հայտարարվում է, որ նման ցուցակ չկա, այն էլ այն պաշտոնյաների շուրթերից, որոնք դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ հակառակն էին պնդում, Թրամփին դրել են դժվար կացության մեջ։

Խնդիրը պառակտել է իշխող Հանրապետական կուսակցությունը։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը երեքշաբթի օրը անսպասելիորեն հայտարարեց, որ օրենսդիրները ամառային արձակուրդ կմեկնեն մեկ օր շուտ՝ խուսափելու համար Էփշտեյնի գործով քվեարկության քննարկումից։

Նրա այս քայլը ժամանակավորապես հետաձգեց դեմոկրատների փորձը՝ պարտավորեցնել արդարադատության նախարարությանը հրապարակել Էփշտեյնի գործին վերաբերող բոլոր փաստաթղթերը։ Բայց արդեն չորեքշաբթի օրը Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողովի ենթահանձնաժողովը պահանջեց ներկայացնել բոլոր փաստաթղթերը։ Իսկ սա հնարավոր դարձավ, երբ դեմոկրատների նախաձեռնությանը միացավ երեք հանրապետական։

Կարդացեք նաև

Back to top button