
Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության առաջին փոխտնօրեն եւ 30-ամյա աշխատակից Միխայիլ Գուսմանը ազատվել է աշխատանքից։ Համապատասխան որոշումն ստորագրել է վարչապետ Միշուստինը։ Պատճառը չի նշվել, բայց աշխատանքի համար շնորհակալություն հայտնվել է։
Z-բլոգերները վերջին օրերին նրան եւ ադրբեջանամետ հայացքներով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկովին կոշտ քննադատության էին ենթարկում Շուշիի մեդիաֆորումին մասնակցելու համար։
Այդ համաժողովում Ալիեւը քննադատել էր Մոսկվային` մասնավորապես Չեչնիայում ադրբեջանական ինքնաթիռի հարվածից հետո Կրեմլի վարքագծի հետ կապված։
Իսկ ՏԱՍՍ-ի առաջին փոխտնօրենը գովերգել էր Ալիեւի վարած քաղաքականությունը։ «Այսօր Ադրբեջանը վարում է բացառիկ յուրահատուկ արտաքին քաղաքականություն։ Դա մի երեւույթ է, որն աշխարհում բոլորը պատշաճորեն չեն գնահատում։ Ես հասկանում եմ, որ հարցնել՝ ինչպես է Ձեզ դա հաջողվում, նույնն է, ինչ հարցնել վիրտուոզ ջութակահարին, թե ինչպես է նա նվագում։ Ձեր քաղաքականությունը հիմնված է շատ հստակ, հաշվարկված քաղաքական սկզբունքների վրա, որոնք թույլ են տալիս ձեզ վարել բազմավեկտոր քաղաքականություն»,- Ալիեւին դիմելով` ասել էր Գուսմանը։




