ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Կառավարությունը կշարունակի խթանել անհուսալի վարկեր ունեցողների տնտեսական ակտիվությունը

Կառավարությունը որոշել է շարունակել խթանել անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվությունը։ Սոցիալական այս ծրագիրն իրականացվում է 2025 թ․ փետրվարի 1–ից։ Այն նպատակ ունի անմրցունակ անձնաց համար աշխատաշուկայում բարենպաստ մրցակցային պայմաններ ստեղծելու։

Գործադիրը հերթական որոշումն է ընդունել, որը վերաբերում է վարկառու այն ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը երեք և ավելի տարի դասակարգված են որպես անհուսալի, բայց մայր գումարի գծով պարտավորությունը չի գերազանցում 1 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը։

Նոր միջոցառման շրջանակում շահառուին ֆինանսական աջակցություն է տրվում շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում ստացված եկամտից) հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով։ Այն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը: Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամսով՝ սկսած շահառու ճանաչվելուն հաջորդող ամսվա 1-ից, բայց ոչ ավելի, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը, աջակցության՝ որոշմամբ սահմանված հիմքով դադարեցվելը կամ պարտավորության օրենքով սահմանված հիմքով դադարելը։ Սոցիալական այս նոր ծրագիրը  2025 թ․ փետրվարի 1–ից է իրականացվում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը   ավելի վաղ հայտնել էր, որ 1,5 տարում անհուսալի վարկեր ունեցողների ֆինանսական բեռն ավելացել է ավելի քան 100 մլրդ դրամով:

«Նրանց մինչև 20 տոկոսն է, որ ունի ֆորմալ զբաղվածություն: Մնացածը կա՛մ չունեն աշխատանք, կա՛մ գտնվում են ոչ ֆորմալ զբաղվածության մեջ: Այսինքն՝ անհուսալի դասակարգված վարկեր ունեցողների մեծ մասը գտնվում է ոչ ֆորմալ զբաղվածության մեջ, իսկ նրանց մի մասն էլ՝ որպես անապահով ընտանիք, հաշվառված է անապահովության գնահատման համակարգում և պետությունից ստանում է նպաստ»:

Կառավարությունն այսօր որոշել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության հետագա խթանման համար 2025 թ. պետբյուջեով նախատեսված միջոցներից հատկացնել 205 մլն դրամ: Գնահատականներում հաշվի է առնվել այն, որ 2025 թ. փետրվարին ներկայացրած դիմումներով շահառու է ճանաչվել 1․896 անձ, որոնց վարկային պարտավորությունները 2025 թ. մարտին մարելու համար հատկացվել է շուրջ 70 միլիոն 625 հազար դրամ․ աջակցությունը տրամադրվում է շահառու ճանաչվելուն հաջորդող ամսվա 1-ից: 2025 թ. մարտին ներկայացրած դիմումներով՝ շահառու է ճանաչվել 2․295 անձ, որոնց վարկային պարտավորությունները 2025 թ. ապրիլին մարելու համար հատկացվել է շուրջ 86 միլիոն 420 հազար դրամ: 2025 թ. ապրիլին ներկայացրած դիմումներով շահառու է ճանաչվել 2․866 անձ։

Արդյո՞ք անհավասար պայմաններ չեն ստեղծվում պարտաճանաչ և անուսալի վարկառուների միջև։ Տնտեսագետ Արմեն Քթոյանը կարծում է, որ սա մի իրավիճակ է, որտեղ լավ լուծումներ չեն կարող լինել։ Նա նկատում է՝ կան քաղաքացիներ, որոնք ֆորմալ դաշտ ներառվելու հնարավորություն չունեն։ Տարբերակները շատ են՝ անտեսել այս մարդկանց, համարել, որ նրանց պետք է հարկման դաշտ բերել խիստ մեթոդներով։ Բայց այս դեպքում միջանլյալ լուծում է գտնվել․

«Ավելի շատ միտված է ապագային։ Նրանք, որոնք պոտենցիալ աշխատուժ են, կարող են հավելյալ արդյունք ստեղծել։ Այն կձևավորվի, եկամուտները ֆորմալ դաշտում կարտացոլվեն դրանից բխող բոլոր արդյունքներով»։

Պետական աջակցության ծրագրերն ընդհանուր առմամբ միտված են քաղաքացիներին աշխատաշուկայում մրցունակ դարձնելուն։ Բայց այստեղ փորձագետները ռիսկեր տեսնում են․ այդուհանդերձ անհավասար պայմաններ կարող են ստեղծվել։ Նրանք կարծում են, որ նման որոշումներ կայացնելիս կարևոր է ձեռքը զարկերակին պահելը։

Կարդացեք նաև

Back to top button