
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելի հետ բանակցություններում միջնորդներին է փոխանցել իր պատասխանը Գազայի հատվածում հրադադար հաստատելու առաջարկի վերաբերյալ, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած պաղեստինցի պաշտոնյայի, որը սակայն չի կարողացել մանրամասնել պատասխանի բովանդակությունը:
Ավելի վաղ Ynet պորտալը, հղում անելով Իսրայելի անվտանգության մարմինների աղբյուրին, հայտնել էր, որ Կատարը և Եգիպտոսը հուլիսի 22-ի երեկոյան Գազայի հարցով վերջին առաջարկի վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներից պատասխան են ստացել: Աղբյուրի համաձայն՝ պատասխանը «չի բավարարել միջնորդներին», և նրանք «մերժել են այն՝ խնդրելով ՀԱՄԱՍ-ին մշակել ավելի համապատասխան մոտեցում»:




