ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հրանտ Մաթևոսյանի Ահնիձորի տունը տեղական հուշարձանի կարգավիճակ է ստացել

2025-ին լրացավ անվանի արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 90-ամյա հոբելյանը: Բոլորովին վերջերս ԿԳՄՍ նախարարությունը տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ է տվել նաև  Մաթևոսյանի՝ Ահնիձոր գյուղի հայրական  տանը։ Նախարարության պաշտոնյաները վստահեցնում են, որ առաջիկայում այն կդառնա սիրված կրթական ու տուրիստական վայր։ Ահնիձորցիներն այդ կարգավիճակը գյուղը մոռացությունից փրկելուն և նոր շունչ հաղորդելուն ուղղված քայլ են համարում։

Աշխարհի հեռու մի անկյունում ծվարած Ահնիձորը աշխարհի կենտրոնն էր Հրանտ Մաթևոսյանի համար։ Հայրական տանն այսօր էլ գրողի շատ անձնական իրեր կան, որ ջերմ հիշողություններ են արթնացնում նրան ճանաչողների մոտ։

Առանձնահատուկ է գրողի գրադարանը, որը խնամքով պահել-փայփայել է արձակագրի կրտսեր եղբայրը՝ գրականագետ Համո Մաթևոսյանը։ Չնայած Հրանտ Մաթևոսյանն այս տանը քիչ է ապրել, բայց բազմաթիվ թելերով կապված է եղել Ահնիձոր- Ծմակուտի հետ,-ասում է արձակագրի որդին, «Հրանտ Մաթևոսյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը։

«Մեր մեծ ընտանիքի տունն է, ես էդտեղ եմ մեծացել, եղբայրներիս և քույրերիս մանկությունն է անցել այնտեղ։ 1970-71 թվականներին ես պապիկիս օգնում էի տան ամենավերջին՝ պայմանական ասած Հրանտի սենյակը, Հրանտի տունը սարքելիս»: 

80-ականների վերջին գրողն ու կրտսեր եղբայրը փոքրիշատե նորոգել են հայրական օջախը, որ 1936-ին գրողի հայրը՝ Իգնատ Մաթևոսյանն է կառուցել։ Տունն այսօր լուրջ հիմնանորոգման կարիք ունի՝ ասում է Դավիթ Մաթևոսյանը։

«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի առաջարկը հաշվի առնելով՝ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովըՄաթևոսյանների տանը տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ է տվել։ Նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է, որ այդ կարգավիճակ ենթադրում է, որ տունն այսուհետև պետության հոգածության ներքո է, ուստի հետագա վերանորոգմանկամ ձևափոխման որոշակի սահմանափակումներ կլինեն։

«Օրինակ, օրենքով այլևս չի թույլատրվում քանդել այդտունը։ Փոփոխություններ կատարելիս սեփականատերերը պարտավոր են նախարարության հետ համաձայնեցնել ցանկացած միջամտություն։ Ինչ վերաբերում է հետագա պարտավորություններին, ըստ մեր օրենսդրության, հուշարձանների սեփականատերերն են պարտավոր պահպանել,ամրակայել,նորոգել և բարեկարգ վիճակում պահել հուշարձան շենքը»։

Հարություն Վանյանը վստահ է, որ Մաթևոսյանների տունը հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն կարող է դառնալ․ այցելուները կարող են տեսնել ու զգալ այնմիջավայրը,որտեղմեծացելէմեծանունգրողը։ 

Հատուկ կարգավիճակ ստանալուց հետո,  դատարկվող Ահնիձորում աշխուժություն է նկատվում․ մեծանուն գրողի տուն շատերն են սկսել այցելել,- «Ռադիոլուր»-ին ասում է «Ահնիձոր» զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Մաթևոսյանը։ Գյուղացիները հուսով են, որ ինչպես Թումանյանի տուն-թանգարանը՝ Դսեղում, այնպես էլ Մաթևոսյանների տունը մշակութային կենտրոն կդարձնի Ահնիձորը։

«Էդմասովդեռաշխատանքներունենքտանելու։ «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի հետ նախատեսում ենք աշնանը «Գոմեշը» ներկայացումը բերել Ահնիձոր, բացօթյա ներկայացում կազմակերպել։ Հույս ունենք,որ դա ևս նոր շունչ կտա Մոտկոր աշխարհին։ Մարդիկ գալիս են, որ Հրանտ Մաթևոսյանի տունը տեսնեն։ Դպրոցներ են գալիս, այս տարի Կապանից են եկել, Վայոց ձորից դպրոցներ, Բրյուսովի անվան համալսարանն է եկել։ Էդ առումով ահագին դրական փոփոխություններ են եղել»։ 

Մշակութային կյանքն աշխուժացնելու ու Ահնիձորին նոր շունչ տալու ծրագրերը շատ են՝ ասում է Հայկ Մաթևոսյանը։ Ահնիձորը հանրահռչակել է պետք, որպեսզի նոր սերունդը ևս հաղորդակից լինի այն միջավայրին, որին մասին գրում էր մեծանուն գրողը։ Ահնիձորի փրկության ծրագրերն ավելի հեռահար ու համախմբող են՝ ասում է արձակագրի որդին։ «Մոտկոր՝ հատուկ գոտի» գաղափարաբանության շուրջ ձևավորված հասարակական նախաձեռնության շրջանակներում մտադիր են Ահնիձորը դարձնել մշակութային հանգույց։ Մտադիր են տունը թանգարան դարձնել, սպասում են կադաստրային գրանցմանը։ Այս հարցում կարևորում են պետության աջակցությունն ու մասնավոր ներդրողների, հովանավորների ներգրավումը։ Դժվար է լինելու, բայց հաջողելու ենք՝ ասում է Դավիթ Մաթևոսյանը․

«Մաթևոսյանի ժառանգությունը մենք ընկալում ենք ո՛չ միայն, և ո՛չ որպես մշակութային, կրթական, հրապարակախոսական– հասարակական ժառանգություն, այլև գաղափարաբանություն՝ գյուղերի վերածննդի, բնության պահպանության և այլ շատ կարևոր խնդիրների համար, որովհետև ինքը դրա մասին էր խոսում, և հիմա այդ խոսքը առավել, քան առօրեական է: Տուն- թանգարանի ստեղծման շուրջ կզարգանա մշակութային, բնապահպանական զբոսաշրջությունը, կբարելավի բնապահպանության վիճակը, ներդրումներ կլինեն գյուղատնտեսությունը զարգացնելու»։

Մաթևոսյանի հերոսը գյուղն ու գյուղի մարդն էր՝ բնության հետ հաշտ ու ներդաշնակ։ Հենց հարազատ գյուղի խնդիրների մասին գրելով նա ոտք դրեց գրական աշխարհ, ընթերցողին պատմեց իր բաժին Անիձորի, գյուղացու դարդ ու ցավի մասին ու սիրելի դարձավ։ Պատահական չէ, որ մի առիթով անվանի արձակագիրն ասել էր՝ Ծմակուտն իրական Ահնիձորի և իմ սիրո միությունն է։

Կարդացեք նաև

Back to top button