
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունները Գազայի հատվածում գերազանցել են Հիտլերի հանցագործությունները: Թուրք առաջնորդն այս մասին գրել է X-ի իր էջում:
«Նեթանյահուն և նրա մարդասպանների ցանցն իրենց բարբարոսությամբ արդեն գերազանցել են Հիտլերին: Նույնիսկ Հոլոքոստի ժամանակ Եվրոպայում Գազայի պես անմարդկային դրսևորումներ չեն եղել», — ասվում է հայտարարության մեջ: Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը չհանդուրժել դաժանությունը և արձագանքել Պաղեստինում սովահարության դեպքերին:
Ավելի վաղ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր, որ շարունակվող շրջափակման պատճառով Գազայի հատվածի ավելի քան 2 միլիոն բնակիչ սովից մահվան վտանգի տակ են:
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիխայ Էդրին հերքել էր ՀԱՄԱՍ-ի մեղադրանքները՝ ասելով, որ արմատականները լրատվամիջոցներն օգտագործում են «ստեր տարածելու համար, որ փրկեն պարտված ՀԱՄԱՍ-ին»:




