ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչն աշխատանքային առաջին օրն սկսեց հայտարարություններով

Այս պահին աշխատողների մասսայական ազատումներ չեն լինելու,– «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շենքի առջև հայտարարել է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Նա հստակեցրել է, որ ազատումներ կլինեն թոփ մենեջմենթի շրջանում, որոնց աշխատանքի արդյունքն է համակարգում ստեղծված իրավիճակը։ Ռոմանոս Պետրոսյանը չի պատասխանել հարցին՝ արդյո՞ք առաջիկայում հոսանքի թանկացում սպասվում է, թե ոչ։ Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ  Մեսրոպ Մեսրոպյանի որոշումով վարչական վարույթ է հարուցվել ՀԷՑ-ի նկատմամբ և Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ընկերության ժամանակավոր կառավարիչ։

Առաջին աշխատանքային օրը ՀԷՑ–ում։ Հուլիսի 18–ին ՀԾԿՀ նախագահի որոշումով Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Դրանից մեկ օր առաջ նա ազատվել էր ՊՎԾ պետի պաշտոնից։ Հանձնաժողովը ՀԷՑ–ի նկատմամբ վարչական վարույթ է հարուցել։ Հուլիսի 21-ին Պետրոսյանը նոր աշխատավայր ժամանեց։ Երբ լրագրողները հետաքրքրվեցին, արդյո՞ք թիկնապահներով է աշխատանքի գալու, նա այսպես արձագանքեց․

 «Ես անվտանգություն չունեմ, իմ թիմակիցներն են, ովքեր ինձ պետք է ուղեկցեն այս գործընթացի ընթացքում»։

Մինչև ՀԷՑ այցելելը, Ռոմանոս Պետրոսյանը պետական ռեգիստ էր գնացել։ Այցի նպատակն այսպես բացատրեց՝ ՀԾԿՀ նախագահի որոշումով է նշանակվել, բայց անհրաժեշտ էր նաև լիազորությունները գրանցել պետական ռեգիստրում։ Գրանցվել է և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով ներկայացել  աշխատանքի։

Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց՝ այս պահին աշխատակիցների մասսայական ազատումներ չեն լինելու։ Բայց միաժամանակ նշեց՝ նրանք, որոնք ՀԷՑ–ն այս վիճակին են հասցրել, կազատվեն աշխատանքից․

 «Որևէ ազատումներ այս պահին չի նախատեսվում։ Ես մի քաղաքական թիմի ներկայացուցիչ եմ, որը տասնյակ հազարներով աշխատատեղ է ստեղծել, ինչպե՞ս կարող են մասսայական ազատումներ լինել։

Ազատումներ կլինեն թոփ մենեջմենթի շրջանում, կոնկրետ անձինք, որոնք իրենց ղեկավարման շրջանում ՀԷՑ–ը, որը ավելի քան 3 մլն բաժանորդի կյանքի որակի վրա ունի ուղղակի ազդեցություն, շուրջ 1,1 միլիոն պաշտոնական բաժանորդ ունի, հասցրել են այս վիճակին, որ պետությոնը ստիպված է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել»

Ռոմանոս Պետրոսյանը  էներգետիկ ոլորտի մասնագետներին,  ՀԷՑ–ի երկարամյա աշխատակիցներին հորդորեց աշխատել ՝ չոտնահարելով որևէ մեկի իրավունքները։

«Էներգետիկ համակարգի այն վաստակաշատ գործընկերները , ովքեր պետք է այս ընթացքում ու առհասարակ ապահովեն  ՀԷՑ–ի անխաթար  աշխատանքը, հանրապետությունում ապահովեն էլեկտրամատակարարման անխափան աշխատանքը խոշոր բիզնեսին, քաղաքացիներին, բնակիչներին, միջին վիճակագրական սպառողին, իրենց աշխատանքը մենք հարգում ենք, և ես իրենց  այս պահին պաշտոնապես խնդրում եմ, հորդորում եմ իրենց աշխատանքը իրականացնել պատշաճ, աշխատանքային օրենսգրքի  պաշտոնի անձնագրերին համապատասխան, որևէ մեկի իրավունքը հանկարծ չոտնահարել, գործել հանուն ՀՀ–ի բարօրության, այդ թվում նաև տնտեսվարողի կոմերցիոն շահերի շրջանակում գործել։ Բայց որևէ կերպ տուրք չտալ սաբոտաժային հնարավոր ցուցումների, քանի որ սաբոտաժը քրեորեն պատժելի արարք է, և ես հետամուտ եմ լինելու ցանկացած սաբոտաժի դրսևորման, որը կբերի ՀԷՑ–ի տարբեր ծավալի աշխատանքների խաթարման»։

Աշխատանքից ազատման կոնկրետ անուն հնչեցրեց Ռոմանոս Պետրոսյանը՝ ՀԷՑ տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյան։

 «Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, քանի որ ՀԷՑ–ը այս վիճակին կարծես թե հասցնող պաշտոնյաներից է ինքը»։

ՀԷՑ –ի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը, ինչպես երկու օր առաջ, այնպես էլ այսօր, այսպես արձագանքեց՝ դիմում չի գրելու, չասաց՝ իր ազատումը դատարանում կվիճարկի՞, թե ոչ։ Նա շենքից դուրս եկավ այն ժամանակ, երբ Ռոմանոս Պետրոսյանը մտավ ներս․

 «Ես ասել եմ՝ «մեր ձևովը» որն է։ «Մեր ձևովը»  ի բարօրություն մեր բնակչության, 3 մլն բաժանորդների։ 20 տարի այստեղ աշխատել եմ, ոնց ասեմ, որ մեղմ լինի, կեղծ մեղադրանքներո՞վ․․․․ Խնդրեմ․․ իշխանությունը իրենց ձեռքն է, թող ապացուցեն։ Ժամանակը ցույց կտա։ Հայտարարություն արեց, եթե դիմումը չգրի, կազատեմ, խնդրեմ»։

Իսկ ՀԷՑ–ում նոր կառավարիչ նշանակելու գործընթացը ընդդիմության գնահատմամբ քաղաքական է և ծագել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի քաղաքական հայտարարությունից հետո։ Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է ոչ թե այդ հայտարարությունից հետո, այլ դրանից առաջ։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը խորհրդարանում հայտարարեց, որ վարչապետի գրավոր հանձնարարականը դեռ մեկ ամիս առաջ է ստացել:

 «Որակական փոփոխություն ապահովելու համար կառավարությունը նպատակադրվել է միջամտել ՀԷՑ–ի կառավարմանը։ Դրանից բացի հասկանալի է եղել, որ որակական ցուցանիշները, մանավանդ անջատումների թվով, խախտված են, և քննարկումները հանգեցրել են նրան, որ ՀԷՑ-ը տարեվերջին առնվազն 12,5 միլիարդ դրամի ակտավորվելու է։ Դրան գումարվել է նաև վարչապետի հանձնարարությունը մեկամսյա ժամեկտ է տրվել քայլեր ձեռնարկելու համար»։

Ռոմանոս Պետրոսյանը հիշեցրեց, որ ՀԾԿՀ նախագահն ու  ոլորտը համակարգող ՏԿԵ փոխնախարարն ավելի վաղ են ազատվել աշխատանքից։

ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչը չհստակեցրեց՝  էլեկտրաէներգիայի գինը կբարձրանա՞, թե՞ կմնա նույնը։

Կարդացեք նաև

Back to top button