
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու գլոբալ հարցեր, հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը։
Էրդողանը, անդրադառնալով ռուս-ուկրաինական բանակցություններին, ասել է, որ բանակցությունների 2-րդ փուլի մեկնարկը կարևոր է։ Նաև հավելել է, որ Թուրքիան պատրաստ է Ստամբուլում կրկին հյուրընկալել բանակցող կողմերին։
Թուրքիայի նախագահը նաև խոսել է Սիրիայում տիրող իրավիճակի մասին։ Նա նշել է, որ Սիրիայի Սուվեյդա քաղաքից անվտանգության ուժերի դուրսբերմանը հաջորդած բախումները սպառնալիք են ողջ տարածաշրջանի համար։ Էրդողանն ընդգծել է, որ Իսրայելը չպետք է խախտի Սիրիայի ինքնիշխանությունը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ իրենց նպատակն է Սիրիայում ապահովել կայունություն և անվտանգություն ու երկրին օգնել հնարավորինս շուտ ոտքի կանգնել։




