ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Սիրիական Սուվեյդայի վրա ծխի ամպ է բարձրանում վերսկսված մարտերից հետո․ վերնագրերը, թանաքը դեռ չչորացած, փոխվում են

Սիրիական Սուվեյդայի թաղամասերում խմբավորումների միջև կռիվները կարծես դադարել էին, երբ տեղեկություններ տարածվեցին նոր մարտերի մասին։

Նախօրեին սիրիաական զորքը մտել էր մայրաքաղաք Դամասկոսից 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Աս Սուվեյդա քաղաք՝ դրուզների և բեդվինների բախումներին վերջ դնելու համար։ Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ հուլիսի 13-ից ի վեր բախումներից զոհվել է ավելի քան 200 մարդ, իսկ շատերը վիրավորվել են։

Սիրիական Սուվեյդայի վրա դարձյալ ծխի ամպեր են բարձրանում։ Միջազգային մամուլի «արյունալի բախումները ավարտվում են» բովանդակությամբ վերնագրերի թանաքը դեռ չչորացած՝ մարտերը կարծես վերսկսվում են։

Մի քանի օր առաջ՝ հուլիսի 13-ին, Սուվեյդիայում տարբեր խմբավորումների կողմից դրուզների բնակավայրերի ուղղությամբ հրթիռակոծություններով ուղեկցվող մարտական գործողությունները դադարելու միտումներ դրսևորեցին, երբ Իսրայելը միջամտեց գործին։ Իսրայելական ավիահարվածներից հետո Սիրիայի ժամանակավոր ղեկավարը հայտարարեց հրադադարի պայմանավորվածության մասին։

Սիրիայում դրուզ փոքրամասնության ու տեղի խմբավորումների միջև արյունալի բախումները սկսվեցին Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ Շարաայի վարչակազմի դեմ Իսրայելի նախաձեռնած լարվածությանը զուգահեռ։

Իսրայելը, ի պաշտպանություն դրուզների, հայտարարեց, որ թույլ չի տա՝ խմբավորումներն ուժեր տեղափոխեն Սիրիայի հարավ։ Իսրայելի դրուզներն իրենց ազգակիցներին օգնելու համար ճեղքել են սահմանային ցանկապատը և անցել Սիրիայի տարածք։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հրատապ ուղերձով դիմեց Իսրայելի քաղաքացի դրուզներին։

«Իմ եղբայր դրուզներ, Իսրայելի քաղաքացիներ։ Իրավիճակը Սուվեյդայում ծայրահեղ բարդ է։ ՑԱԽԱԼ–ն  ու այլ ուժեր գործում են։ Մենք գործում ենք, որ փրկենք մեր եղբայր դրուզներին և վերացնենք ռեժիմի բանդաները։ Ձեզ մի խնդրանք ունեմ՝ Իսրայելի քաղաքացիներ, մի անցեք սահմանը, դուք ձեր կյանքն եք վտանգում։ Ձեզ կարող են սպանել կամ գողանալ և դուք վնասում եք ՑԱԽԱԼ–ի ջանքերը։ Այդ պատճառով ես ձեզ խնդում եմ՝ վերադառնալ տուն և թույլ տալ, որ ՑԱԽԱԼ–ը գործի»։

Քաղաքագետ Արա Պողոսյանը, մեկնաբանելով Սիրիայի դրուզներին պաշտպանելու Իսրայելի քայլերը, Ֆեյսբուքում գրում է, որ Թել Ավիվի գործողությունները փայլուն ռազմավարական պլանավորման արդյունք են, և եթե Իսրայելը որոշի ֆորպոստ ստեղծել, ապա դրուզական նոր պետությունը հենց այն է, ինչը որ պետք է։

Սակայն Իսրայելի ավիահարվածներից հետո Սիրաիայի ժամանակավոր ղեկավար Ահմադ ալ Շարաան հայտարարեց, որ հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերել, և որ սիրիական կառավարական ուժերը կապահովեն անվտանգությունը։ Նա  հայտարարեց, որ չպետք է թույլ տալ, որ Սիրիան վերածվի քաոսի։ Ալ Շարաան վստահեցրեց, որ թույլ կտան ազդեցիկ դրուզներին ու հոգևոր առաջնորդներին միջամտել խնդրի լուծմանը։  

Թել Ավիվի համալսարանի Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Ջոել Փարքերը Reuters-ին ասել է, որ դրուզներն Իսրայելի համար առանձնահատուկ նշանակություն ունեն։

«Դրուզները յուրահատուկ փոքրամասնություն են։ Նրանք այն փոքրամասնությունն էին, որոնք մեզ ընդունեցին և նրանք արժանի էին աջակցության։ Եվ ես կարծում եմ, որ խոսքը միայն աջակցության մասին չէ, այլ այն գաղափարի մասին, որ դրուզները հավատում են, որ իրենց բնակության ցանկացած վայրում նրանք պետք է ցուցաբերեն հայրենասիրություն և հավատարմություն իրենց պետությանը։ Գոլանի բարձունքների հյուսիսային մասում գտնվող տարածքից 1000 դրուզ է անցել սիրիական կողմ, և դա անհավանական թիվ է։ Ես չգիտեմ Իսրայելի պատմության մեջ որևէ ժամանակաշրջան, երբ նրանք թույլ են տվել Իսրայելի որևէ քաղաքացու ինքնուրույն մտնել մեկ այլ երկիր՝ իրենց սեփական զենքերով և սկսել որևէ տեսակի զինված հակամարտություն, սա պարզապես աննախադեպ է»։

Reuters-ի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես են դրուզները ողջունում իսրայելական զորքի մուտքը Սիրիայի տարածք։

Փորձագետ Ջոել Փարքերը նշում է Իսրայելի հնարավոր գործողությունների մասին՝ ի պաշտպանություն դրուզների։

«Իսրայելը, դրուզներին պաշտպանելու համար, հավանաբար ստիպված կլինի դրամատիկ միջամտություն իրականացնելու Սիրիայի ներսում՝ դրուզների վրա սիրիական ուժերի հարձակումը կանխելու համար: Սիրիայի և Իսրայելի հարաբերությունների հնարավոր կարգավորման կամ Աբրահամի համաձայնագրերի կնքման Թրամփի նախագիծը այժմ մեծ սպառնալիքի տակ է։ Եվ ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները և Թրամփի վարչակազմը պետք է շահագրգռված լինեն իրավիճակը հնարավորինս արագ վերադարձնելու զրոյական կետին։ Որովհետև, եթե լարվածությունը շարունակի սրվել, կարծում եմ՝ մենք կանցնենք անդարձելի կետը։ Հնարավոր է՝ մենք արդեն անցել ենք այդ կետը, որտեղ բանակցությունները վերսկսելը շատ դժվար կլինի»։

Միջազգային մամուլի հիմնական շեշտադրումն այն է, թե արդյոք Սիրիայի անվտանգության ուժերը կապված են ծայրահեղականների հետ։

Իսկ հարցը, թե արդյոք Սիրիայի ներկայիս քաղաքական առաջնորդ Ահմեդ ալ Շարաան կկարողանա կանխել բռնությունն իր երկրի քաղաքացիների միջև ապագայում, նույնպես պարզ չէ։ Անորոշ այս իրավիճակում Իսրայելը 600 հազար դոլարի օգնություն է ուղարկել Աս Սուվեյդայի դրուզներին։

Թեև Սիրիայում ժամանակավոր ղեկավար Ահմեդ ալ Շարաան հայտարարում է դրուզների հետ խնդիրները հարթելու մասին, իրավիճակը երկրի հարավում ավելի է սրվում։ Reuterrs-ը գրում է, որ Սիրիական Սուվեյդայի վրա ծխի ամպ է բարձրանում վերսկսված մարտերից հետո։

Տարածվող տեսանյութերում երևում է, թե ինչպես են սիրական խմբավորումներին դրուզները սպառնում ոչնչացնել։

Մեկ այլ տեսանյութում էլ երևում է, որ ալ Շարաայի աջակից արաբական ցեղերը մոբիլիզացիա են հայտարարում հաջակցություն Սուվեյդայի բեդվինների, որոնք կռվում են դրուզների դեմ։ Քաղաքագետները կարծում են, որ ամենայն հավանականությամբ տարածաշրջանը նոր քաոսի ճանապարհին է։

Կարդացեք նաև

Back to top button