ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ե՞րբ և ի՞նչ փաստաթղթեր կարող են հրապարակվել ԼՂ բանակցությունների մասով․ հարցը կրկին բուռն քննարկումներ է առաջացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո կրկին թարմացել է ԼՂ հակամարտության լուծմանը միտված բանակցային փաթեթների հրապարակման անհրաժեշտության հարցը, քանի որ դրա շուրջ կրկին իրարամերժ հայտարարություններ են հնչում։

ՀՀ վարչապետը նախօրեին չէր բացառել ավելի քան 3 տասնամյակ քննարկված փաթեթների առաջիկա հրապարակումը։ Փաշինյանն ընդգծել էր, որ դա կարվի այն ժամանակ, երբ կլինի նաև գնահատում, թե որքանով կարող է այդ փաստաթղթերի հրապարակումն անվտանգային ռիսկեր ենթադրել։

Այս հունվարին Հայաստանի վարչապետն արտգործնախարարին հանձնարարել էր գույքագրել արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը։ Հանձնարարականը հնչել էր վարչապետի և երեք նախագահների միջև ԼՂ հակամարտությանն առնչվող հեռակա բանավեճի ֆոնին։ 7 ամիս ժամկետը կառավարության համար դեռ բավարար չէ վերլուծություններ անելու և փաթեթները հրապարակելու, ինչպես նաև նրա համար, որ հասարակությունը վերջապես հասկանա, թե ով է պատասխանատու Արցախի կորստի համար։ Այս հարցի առնչությամբ վարչապետը շեշտում է, որ փաստաթղթերի հրապարակման  որևէ սահմանափակում  չկա։

«Հիմա թերևս արվում է համապարփակ վերլուծություն, թե պետական անվտանգությանն առնչվող թեմաներ կա՞ն, թե՞ չկան։ Դա նորմալ պրակտիկա է, կան տեղեկություններ, որոնք ունեն բացահայտման որոշակի ժամկետայնություն։ Այսինքն` պետք է վերլուծել, թե այս պահին այս կամ այն փաստաթղթի բացահայտումն ինչքանով կարող է վնասել Հայաստանի պետական շահերին։ Բայց մյուս կողմից ես ուզում եմ ասել, որ բանակցային գործընթացի վերաբերյալ, ըստ էության, չկա այնպիսի էական դետալ, որի մասին հանրությունը տեղեկացված չէ»։  

Վարչապետը հիշեցնում է, որ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում, դրանից առաջ և դրանից հետո, կառավարության հետ հարց ու պատասխանների, հարցազրույցների ընթացքում բանակցային տարբեր դրվագների մասին ինքը խոսել է։ Ինչպես տարեսկզբին, այնպես էլ հիմա համոզված է, որ ճշմարտությունը բացահայտելու լավագույն ձևը կլիներ նախկին նախագահների հետ այդ հարցի շուրջ բանավեճը։ Նախորդիվ Հայաստանի նախկին երեք ղեկավարների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրասենյակներից միաձայն պնդել են, թե Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի մասին տեղեկությունները: Իսկ Փաշինյանը համոզված պնդում է՝ 1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Առաջին նախագահը բանավիճելու փոխարեն Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր հրապարակել ղարաբաղյան բանակցություններին վերաբերող բոլոր փաստաթղթերը։ Թեև վարչապետի խոսքով՝ իրեն ոչինչ չի կաշկանդում փաստաթղթերը հրապարակել, բայց լավագույն լուծումն այլ է համարում․

«Ճիշտ է՝ Հայաստանի նախկին ղեկավարներն այդպես էլ չեն համարձակվում գալ բանավեճի, ամենալավ ձևը դա կլիներ, ինֆորմացիային ամբողջապես տիրապետող մարդիկ գային և հանրության առջև կիսվեին իրենց դիրքորոշումներով և հիմնավորեին։  Բայց նաև խորհրդարանում նրանց ներկայացուցիչների բարձրացրած հարցերի համատեքստում այդ հարցի վերաբերյալ լուրջ քննարկումներ են եղել, և, կարծում եմ, բավականին բան բացահայտվել է, բայց այդ հարցով ուսումնասիրությունը շարունակվում է, և ես համոզված եմ, որ առաջիկայում որևէ եզրակացության կգանք»։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը վարչապետի հայտարարություններից հետո սոցցանցում գրառում է կատարել․

«2019 թվականին՝ պատերազմից 1 տարի առաջ, միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված. ասուլիսն էլ բացառություն չէր: Սկզբում իշխանությունն առհասարակ հերքում էր դրա գոյությունը, հետո համանախագահ երկրների հաստատումից հետո ստիպված եղան խոսել դրա մասին։ Սերժ Սարգսյանը մի քանի առիթով, արձագանքելով արցախյան հակամարտության բանակցությունների ակնհայտ խեղաթյուրումներին, հորդորել էր բանակցային բոլոր փաթեթները հանրայնացնել, այդ թվում` 2019 թվականին ստացվածը, սակայն տարբեր պրիմիտիվ պատճառներով իշխանությունը հրաժարվում է»:

Տիգրան Աբրահամյանը համոզված է, որ բանակցային փաթեթների հրապարակումը ոչ միայն հնարավորություն կտա վերջին 3 տասնամյակի բանակցային գործընթացի դինամիկան օբյեկտիվ գնահատելու, այլև առավել ճշգրիտ ախտորոշելու, թե ինչո՞ւ, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում բանակցությունները տապալվեցին, ու 2020-ին ռազմական գործողություններ ծավալվեցին:

Ի պատասխան այսօրինակ հայտարարությունների՝  Փաշինյանը պարբերաբար հիշեցնում է 2018–ի ապրիլին ԱԺ-ում վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական խոսքից մի հատված, որում Սարգսյանն ասում էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում։ Ինչ վերաբերում է նախկին նախագահների և նրանց թիմակիցների պնդումներին՝ հրապարակել, թե ինչ առաջարկներ է 2019–ին բանակցային միջնորդներից ստացել և մերժել Փաշինյանը, վարչապետը պարզաբանում է․

«Ես ԵԱՀԿ ՄԽ–ից 2 առաջարկ չեմ ստացել։ Ես ընդհանրապես ԵԱՀԿ ՄԽ-ից ոչ մի առաջարկ չեմ ստացել։ Ես ստացել եմ ԵԱՀԿ ՄԽ-ի՝ Սերժ Սարգսյանին արած առաջարկների մնացորդները։ Այն թուղթը, որ դուք համարում եք, որ ես որպես առաջարկ ստացել եմ,  սկսվում է հետևյալ նախադասությամբ`«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահները», և այդ թուղթը ուղղված է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահներին։ Ես երբեք Հայաստանի Հանրապետության նախագահ չեմ եղել, և այդ թուղթը, որը հասցեագրված է Հայաստանի Հանրապետության նախագահին, չէր կարող հասցեագրված լինել ինձ»։  

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ամեն դեպքում պնդում է՝ Հայաստանում իշխանափոխությունից գրեթե մեկուկես տարի անց երեք գերտերությունները չէին կարող այնքան անուշադիր լինել, որ առաջարկների հասցեատերերին շփոթեին կամ անգամ տեղյակ չլինեին երկրում տեղի ունեցած փոփոխություններից։ Ինչ վերաբերում է ստացված փաստաթղթի բովանդակությանը, որին իշխանությունը երբեք չի անդրադառնում, ՀԱԿ փոխնախագահն ամեն դեպքում պնդում է՝ միջնորդները ժամանակին հաստատել և բացահայտել էին բոլորովին նոր առաջարկների էությունը․

«Առաջին անգամ առաջարկների մեջ չի եղել ԼՂ կարգավիճակի որոշման մեխանիզմը։ Այլ անգամ եղել է հետևյալը, որ 5 շրջանը վերադարձնում եք, իսկ Քելբաջարի ու Լաչինի ոչ միջանցքային մասը կվերադարձվի, երբ Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում կորոշվի ԼՂ վերջնական կարգավիճակը»։

Ընդդիմադիրներն ամեն դեպքում պնդում են, որ ցանկացած տարբերակ, որը քննարկվել է կամ դրված է եղել սեղանին՝ սկսած 91 թվականի Ժելեզնովոդսկից, շատ ավելի լավն է եղել, քան այն վիճակը, որ կա այսօր։ Ի դեպ, երեք տասնամյակից ավելի տևած բանակցային գործընթացի  առաջին միջազգային փաստաթուղթը, ըստ որոշ գնահատումների, համարվում է 1991թ. սեպտեմբերի 23-ին ռուսական Ժելեզնովոդսկ քաղաքում ստորագրված հուշագիրը։

Այստեղ ուշագրավն այն է, որ նշված տարվա սեպտեմբերի 23-ի կեսգիշերին ստորագրված Ժելեզնովոդսկի հուշագրի տակ դրված են Բորիս Ելցինի, Նուրսուլթան Նազարբաևի, Այազ Մութալիբովի և Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունները: Փաստաթղթի վերջում գրված է, որ հուշագրի քննարկմանը մասնակցել են նաև Վագիֆ Ջաֆարովը, ով ներկայացնում էր Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիներին, Լեոնարդ Պետրոսյանը՝ Արցախի այդ օրերի թիվ մեկ պետական պաշտոնյան, և Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախի թիվ մեկ քաղաքական դեմքը կամ ոչ պաշտոնական առաջնորդը: Արդյոք Ժելեզնովոդսկի հուշագրով Արցախը բանակցային գործընթացի մաս կազմե՞լ է, սա հարց է, որը տարբեր կերպ է մեկնաբանվում։

Վերլուծաբաններն ու քաղաքագետները բազմիցս են անդրադարձել հակամարտությունների միջոցով  կոնկրետ տարածքներ վերահսկողության տակ պահելու գերտերությունների հնարքին։ Այժմ Հարավային Կովկասը նման փոփոխությունների փուլում է՝ ընդունում են վերլուծաբանները՝  ունենալով տարաձայնություններ կոնկրետ երկրների առնչությամբ։ Սակայն  կարծիքները միանման են այն առումով, որ իրականում, մեզ դուր է գալիս, թե չէ, Հայաստանը «մեծ խաղի» կամ «մեծ փոփոխությունների» մաս է․ ձևակերպումները կախված են վերլուծաբանների նախասիրություններից և քաղաքական կողմնորոշումներից, բայց  նաև միանշանակ է, որ այժմ պետք չէ կորցնել ճիշտ դիրքավորվելու պահը։  

Կարդացեք նաև

Back to top button