
Երեկ Գյումրիի համայնքապետարանում պարգևատրել են 2024-25 թվականներին Օլիմպիական խաղերում, Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում չեմպիոններ դարձած ու մրցանակային տեղեր զբաղեցրած գյումրեցի մարզիկներին: Դրամական պարգևների համար համայնքային բյուջեից հատկացվել է մոտ 47 մլն դրամ:
Արվեստների, արհեստների ու մշակույթի քաղաք լինելուց բացի,Գյումրին շատերը համարում են նաև սպորտային դարբնոց: Դեռ խորհրդային տարիներից գյումրեցի ծանրորդներ Յուրի Վարդանյանը,Վարդան Միլիտոսյանը, աթլետներ Հովհաննես Ստեփանյանն ու Ռոբերտ Էմիյանը նվաճեցին ոչ միայն Եվրոպայի ու Աշխարհի չեմիպիոնական տիտղոսներ, այլև անգերազանցելի արդյունքներով համաշխարհային ռեկորդներ սահմանեցին ու միջազգային հարթակներում ճանաչելի դարձրին հանրապետության երկրորդ քաղաքը: Սպորտային լավագույն ավանդույթները այսօր էլ շարունակվում են։ Գյումրեցի մարզիկները միջազգային մրցաշարերից մշտապես վերադառնում են հաղթանակներով ու բարձր են պահում ոչ միայն Գյումրիի, այլև Հայաստանի Հանրապետության պատիվը, ասում է Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը:

« Մարզիկները մեր երկրի դրոշը բարձրացնողն են և հիմնը հնչեցնողը: Ուրեմն, ինչքան էլ ձեր նկատմամբ պետությունը բարյացկամ վերաբերմունք ցույց տա,ես գտնում եմ, որ դարձյալ քիչ է: Դրոշը և հիմնը բարձրացվում է էն ժամանակ, երբ որ հաղթանակ է տարվում ազգի կողմից, իսկ դրանից հետո միայն մեր մարզիկներն են, որ ՀՀ դրոշը բարձրացնում են աշխարհով մեկ և հիմնը հնչեցնում են աշխարհով մեկ, և ինձ նման մարդիկ գլուխ են խոնարհում ձեր առջև: Գյումրին ՀՀ սպորտային դարբնոցն է , դա եղել է միշտ ու էդպես է»։

Գյումրիում ամենատարածված մարզաձևերը ծանրամարտը, ըմբշամարտն ու թեթև աթլետիկան են: Հաղթանակները ոգևորում են շատ պատանիների ու երիտասարդների, և մարզադպրոց հաճախողների թիվը կրկնապատկվում է: Մրցանակակիրների պարգևատրմանը մասնակցում էին Գյումրիի ավագանու բոլոր խմբակցությունները: «Մեր քաղաքը» և «Իմ հզոր համայնք» խմբակցությունների ղեկավարներ Լիզա Գասպարյանն ու Ռուբեն Մխիթարյանը իրենց ելույթներում նախ՝ շնորհակալություն հայտնեցին մարզիկներին իրենց նվիրական աշխատանքի համար, ապա ընդգծեցին, որ չնայած նվաճումներին ու միջազգային փառքին, հայ մարզիկները ամենահամեստն են իրենց տեսակով ու բնավորությամբ:

«Մարզիկները մեր քաղաքի ամենահամեստ մարդիկ են, որովհետև շատ բան են անում, բայց այդ մասին շատ քիչ է խոսվում և լուսաբանվում , և այո, մենք պիտի միշտ առիթը բաց չթողնենք խոսելու նրանց մասին, ներկայացնելու, շնորհակալություն ասելու, ինչու չէ նաև հաճախակի պարգևատրումներ անելու: Այն, ինչ արվում է ձեզ համար, մարզական ոլորտի համար, դրանք պիտի անեինքի շարքում է: Մենք պարտական ենք ձեզ և պիտի անենք: Այն, ինչ որ դուք անում եք, անում եք մի բան էլ ավելին»։
«Սպորտսմեններ, որոնց երկրպագում են բոլորը՝ առանց քաղաքական պատկանելության, բոլորը Գյումրիում՝ առանց ծանոթ-բարեկամի։ Մենք բոլորս հավասարաչափ ենք ուրախանում մեր մարզիկների հաջողությամբ և, իհարկե, յուրահատուկ կերպով, երբ մեր եռագույնը բարձրանում է, մենք էլ սրտի թրթիռով սպասում ենք հենց էտ պահին»։

Ավագանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանն էլ իր ելույթում գյումրեցի մարզիկներին շնորհավորելուց ու շնորհակալություն հայտնելուց բացի, նշեց, որ մեր երկրի համար սպորտը դարձել է ռազմավարական ուղղություններից մեկը, և կառավարությունը ֆինանսական հատկացումներով վերջին տարիներին բարելավում է մարզադպրոցների վիճակն ու պարգևատրումներով խրախուսում չեմպիոն մարզիկ-մարզուհիներին:
«2018 թվականին Հայաստանում սպորտի ոլորտը տարեկան բյուջեից ֆինանսավորվել է ընդամենը 2,5 մլրդ դրամով, իսկ արդեն 2023 թվականին այդ գումարը հասել է մոտավորապես 11 միլիարդի: Նաև ուզում եմ շեշտել, որ մարզիչներն ու մարզիկները իրենց հաջողությունների համար կառավարության կողմից շարունակվելու են տարբեր միջոցառումների ընթացքում խրախուսանքի արժանանալ, և դա շարունակական պրոցես է լինելու: Նաև նշեմ, որ օլիմպիական մարզիկների անուններով կառուցվելու են ՀՀ-ում մարզադպրոցներ, սա ևս կառավարության առաջնահերթ ծրագրերից մեկն է: Ուզում եմ նշել, որ վերջերս Գյումրու բարձրագույն վարպետության մարզադպրոցում շինարարական աշխատանքներ են իրականացվել կառավարության կողմից՝ մոտ 34 մլն դրամի»։
Չնայած մարզիկների բարձր արդյուներին ու նվաճած մեդալների աննախադեպ քանակին, Գյումրիի մի քանի մարզադպրոցներ դեռևս գտնվում են խիստ անբարեկարգ վիճակում։ Տիտղոսակիր մարզիկների մարզվելու համար դրանցում չկան նույնիսկ նվազագույն պայմաններ: Գյումրիի համայնքապետարանը կառավարությանն առաջարկում է լրացուցիչ ֆինանսավորումով թեթևացնել համայնքի բեռը, այս կերպ նպաստելով մարզադպրոցների հիմնանորոգման ու մարզիկների համար պատշաճ պայմաններ ստեղծելու ծրագրերին՝ նշեց Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը:
« Երբ որ նայում ես «Արթուր Ալեքսանյանի» դպրոցին, տեսնում ես, թե էս դպրոցում ոնց է մարդը դառել օլիմպիական չեմպիոն, կամ մեր Լալայանի դպրոցին, որ էսօր խայտառակ վիճակի մեջ է, այրվել է և ինքը պարապում է «Յուրի Վարդանյանի» դպրոցում, և մնացած դպրոցները, որ նայում ենք, զարմանում ենք, թե էս պայմաններում ոնց են մեր սաները, մեր մարզիկները Աշխարհի և Օլիմպիական մեդալները բերում ՀՀ-ն և ամբողջ ազգը ուրախանում է»։
Գյումրիում 13 մարզադպրոց է գործում:Դրանցից մի քանիսը պետական ու սուբվենցիոն ծրագրերով, համայնքի միջոցներով հիմնանորոգվել ու վերանորոգվել են: 2021 թվականից էլ կառուցվում է «Արթուր Ալեքսանյանի» անվան մարզադպրոց-համալիրը։ Շահագործման հանձնելուց հետո այն կդառնա մի քանի մարզաձևեր մեկտեղող եզակի համալիր տարածաշրջանում, որտեղ կանցկացվեն նաև միջազգային մրցաշարեր ու մարզական հավաքներ:




