
Մի քանի ժամ տևած ասուլիսի ընթացքում վարչապետը խոսել է նաև եկեղեցու շուրջ ծավալվող խիստ աղմկահարույց թեմաներից։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառաջնորդի կաթողիկոսին կարգալույծ անելու շարժումն այնպես, ինչպես 2018-ին առաջնորդել է Թավշյա հեղափոխությունը։
Վարչապետը դա կարևորել է ոչ միայն եկեղեցական կարգուկանոնի, այլև անվտանգային ու եկեղեցու սեփականությունը պաշտպանելու համատեքստում։ Անդրադառնալով եկեղեցու որոշ սպասավորների՝ Հայաստանի դեմ ծրագրված ենթադրյալ ահաբեկչությանը մասնակցելու հանգամանքին՝ Փաշինյանը նշել է, որ թեև դեռ չկա դատարանի որոշումը, սակայն նման գործընթացներին անգամ ամենաժողովրդավարական երկրներում հաջորդում են հանրային քաղաքական լայն քննարկումներ։ Վարչապետն արձագանքել է նաև գործարար Սամվել Կարապետյանի՝ նոր քաղաքական ուժ ստեղծելու հայտարարությանը և ընդգծել, որ դա օրենքի առջև պատասխան չտալու հերթական փորձն է։
Որևէ մեկը չի կարող պաշտպանել եկեղեցուն, որովհետև եկեղեցու դեմ որևէ արշավ կամ գործողություն ծրագրված չէ՝ հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու վստահեցնում՝ ոչ թե ընդդեմ, այլ հանուն եկեղեցու են վերջին շաբաթների իր հայտարարություններն ու գործողությունները․
«Հակառակ դեպքում, եթե Հայ Առաքելական եկեղեցին մեզ համար սրբություն չլիներ, մենք ուղղակի կարող էինք բացարձակ անտարբեր գտնվել այն կործանարար ընթացքի նկատմամբ, որը տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցում։ Առավել ևս այն պայմաններում, երբ եկեղեցու այդ գործելակերպն ուղիղ վնաս է հասցնում հենց եկեղեցուն։ Նկատի ունեմ, որ եթե Հայ Առաքելական Եկեղեցին ինձ համար սրբություն չլիներ, կարելի էր ուղղակի որևէ ուշադրություն չդարձնել էդ երևույթների վրա»։
Փաշինյանը սաղմոսներով է պատասխանում լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում իրեն նզովող եկեղեցականներին ու պնդում՝ ինքը նզովելու ավելի շատ հիմքեր ունի։ Սակայն Փաշինյանն ասում է՝ նզովելու փոխարեն պատրաստ է առաջնորդելու կաթողիկոսին փոխարինելու շարժումը՝ ճիշտ նույն տրամաբանությամբ, ասում է, ինչպես 2018-ին՝ Թավշյա հեղափոխությունը։
«Ինչպե՞ս ենք ազատելու, անպես, ինչպես Հայաստանը ազատեցինք Սերժ Սարգսյանից։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 2018 թվականի հեղափոխությունը սիրո և համերաշխության հեղափոխություն էր։ Էս մյուսն ունի միայն մի տարբերություն, որ եթե քաղաքական հեղափոխությանը մասնակցելու և առաջնային դիրքերում լինելու իրավունք ունեն բոլոր քաղաքացիները, էս դեպքում դրա առաջին շարքերում կլինեն մարդիկ, ովքեր Հայ առաքելական եկեղեցու հետևորդ են»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ գործընթացին ինքը ոչ թե իբրև վարչապետ, այլ հայոց եկեղեցու հետևորդ է մասնակցելու։
Շեշտում է՝ «Եթե մենք, օրինակ, Ներսիսյանին համարենք Ամենայն Հայոց Կաթողիկոս, ապա ինքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ունեցվածքի միակ տերն է, և ստացվում է, որ իր զավակը էդ ամեն ինչի ժառանգորդն է։ Այսինքն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ամբողջ ունեցվածքը կարող է պարզվի, եթե մենք էս պրոցեսները չկանխենք, կարող է պարզվի ինչ-որ մասնավոր անձի սեփականություն է»։
Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսին կարգալույծ անելու գործընթացը կարևորում է նաև, իր ձևակերպմամբ, պետության ներսում այլ պետության գոյությունը թույլ չտալու համատեքստում․
«Թույլ չենք տա, որ որոշ արտաքին ուժեր սրբությունները պղծողների անձնական և այլ կյանքի մասին ունեցած ինֆորմացիայի օգտագործմամբ նրանց փորձեն օգտագործել Հայաստանի Հանրապետության դեմ և փորձ անեն պետության մեջ պետություն ստեղծել։ Այս հատվածով, առավել ևս, անհրաժեշտության դեպքում, իհարկե, մեր գործողությունները կլինեն շատ կտրուկ, բայց օրինական»։
Թե երբ կլինեն այդ գործողությունները, վարչապետը չի մանրամասնում, փոխարենը խոսում է համացանցում տարածված, սակայն նաև անընդունելի խոսույթի մասին, նկատում, որ իր և տիկնոջ ակտիվ հրապարակումները, որքան էլ իր համար ցավալի է, պայքարի արդյունավետ միջոց էին․
«Ամենատխուրն այն է, որ այս մոտեցումը ցույց տվեց իր արդյունավետությունը, որովհետև մարդիկ կան, մտածում են, որ չի կարող նույն կերպ լինել և դեռ մի բան էլ ուժեղացված դոզաներով հակադարձումներ են անում, իրենց շատ անկաշկանդ են զգում։ Ես ասում եմ, որ չի կարող այդպես լինել, մենք կորոշենք, թե երբ, ինչպես, ինչ դոզայով, բայց իմացեք, որ էդ գործիքակազմը այլևս կա»։
Վարչապետը հորդորում է հեռակա բանավեճերում այլևս չհայհոյել, միևնույն ժամանակ վստահեցնում է, որ հակառակ դեպքում ինքը բացարձակ հաղթող կլինի․
«Ոչ մեկը թող չփորձի մրցակցել ինձ հետ։ Ես 5 քրեակատարողական հիմնարկում երկար ժամանակ անցկացրած մարդ եմ՝ բանասիրական և բանահյուսական հետաքրքրություններով։ Պետք չի Պանդորայի արկղը բացել»։

Փաշինյանն անդրադարձավ նաև ներքաղաքական թեմաների և որոշ ընդդիմախոսների քննադատությանը, թե ինքը և իշխող մեծամասնությունը խախտում են Հայաստանի դեմ ենթադրյալ հեղաշրջման փորձի շրջանակում ձերբակալված անձանց անմեղության կանխավարկածը և մեղադրում նրանց դատական ճանապարհով դեռ չապացուցված հանցագործությունների համար։ Փաշինյանն այլ երկրների օրինակը բերեց։
«Եկեք Հայաստանից մի պահ կտրվենք և գնանք ամենաժողովրդավարական երկրներ, երբ էսպիսի քրեական գործեր են լինում, էսպիսի բացահայտումներ են լինում, բոլոր երկրներում տեղի են ունենում քաղաքական քննարկումներ։ Այսինքն՝ ես ուզում եմ, որ մենք իրավական գնահատականը տարբերակենք քաղաքական գնահատականից, իրավական գնահատականի հետ քաղաքական մարմինը և քաղաքական ներկայացուցիչը գործ չունի, բայց էդ տվյալները, երբ Հայաստանի համապատասխան մարմինները հրապարակում են, նման երկիր չկա, որ դրանից հետո սուսուփուս նստեն, ասեն՝ դե սուս մնացեք, տեսնենք դատարանը ի՞նչ կորոշի»։
Ասուլիսին ներկայացվեցին նաև, այսպես ասած, «հեղաշրջման» գործով անցնողների պաշտպանների պնդումներն առ այն, որ իշխող ուժը միջամտում է դատական գործերի ընթացքին, և որ ուժային կառույցներն ուղղորդում են ստանում վարչապետից։ Սա վարչապետը դիտարկեց որպես առիթ կրկին խոսելու սահմանադրական առաջիկա փոփոխություններից։ Բայց նախ նկատեց, որ դատական համակարգի ամենամեծ բացը երդվյալ ատենակալների ինստիտուտի բացակայությունն է․
«Մեր դատական իշխանության ամենամեծ ամենամեծ խնդիրն այն է, որ ինքը օրգանական կապ չունի ժողովրդի հետ, և սա է պատճառը, որ ես համոզված եմ, որ նոր Սահմանադրության համատեքստում մենք պետք է անպայման ներդնենք ատենակալների դատարանի ինստիտուտը, որովհետև ժողովուրդը պետք է օրգանապես կապված լինի դատական համակարգի հետ»։
Հարցերից մեկն էլ աղմկահարույց մեկ այլ թեմայի շուրջ էր․ ինչո՞ւ և ինչպե՞ս գործարար, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի հայտարարության մեջ իրավապահները պետության գործերին միջամտելու ցանկություն ու հեղաշրջման վտանգ տեսան։ Փաշինյանը չշտապեց՝ մեկնաբանելու Կարապետյանի ձերբակալության իրավական հիմքերը, բայց վերահաստատեց նախկինում հնչեցրած միտքը․
«Ես ասում եմ՝ հարգելիներս, ոնց որ ձեր հիմնական քաղաքացիության երկրում ձեզ պահում եք, Հայաստան գալիս, հավսար զգաստ եղեք, սա ձեզ համար բան չի։ Պետության համը մնալու է բերաններդ»։
Արձագանքելով գործարարի՝ օրերս տարածած այն հաղորդագրությանը, որով վերջինը քաղաքական թիմ ձևավորելու մասին էր խոսում, Փաշինյանը ընդգծեց․
«Ով օրենքի հետ կապված որևէ խնդիր է ունենում, կարող է սկսել զբաղվել քաղաքական գործունեությամբ, որովհետև դա շատ լավ տանիք է, որպեսզի այդ քաղաքական հետապնդման թելը թելվի»։
Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո վարչապետը հայտարարել էր, որ ՀԷՑ-ը կպետականացվի։ Օրեր անց խորհրդարանն արտահերթ նիստ գումարեց և ընդունեց համապատասխան օրենքի նախագծերը։ Թեև ՀԷՑ-ի տնօրենությունը հայտարարել է, որ հնարավոր բոլոր միջոցներով, ներառյալ միջազգային իրավական ատյանների օգնությունը, պայքարելու են այդ գործընթացի դեմ, վարչապետը հայտարարեց՝ ՀԷՑ-ի պետականացումն այլևս այլընտրանք չունի․
«Մենք այս փուլում պետք է վերցնենք ՀԷՑ-ի կառավարումը, պետությունը, բայց մենք ամենևին չենք ասել, որ պետականացման գործընթացից հետո կամ այդ ընթացքում հենց պետությունն է միշտ լինելու կառավարողը Հայաստանի էներգետիկ ցանցերի, որովհետև, տեսեք, արտապատվիրակման մասին ենք ասում, մենք խնդիր ունենք ցանկացած դեպքում գտնել ամենահնարավոր, ամենա արդյունավետ կառավարչին և նաև այդ կառավարման նկատմամբ ձևավորել շատ հստակ և արդյունավետ պետական վերահսկողություն»։
Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ պետակացումից հետո ՀԷՑ-ի կառավարումը կարտապատվիրակվի որևէ միջազգային ընկերության, բայց բացառում է մամուլում քննարկվող տարբերակը, թե դա կլինի Թուրքիան։




