ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Պուտինն արձագանքել է Թրամփի պահանջին․ ուկրաինական քաղաքների զանգվածային հրետակոծությունը շարունակվում է

ԱՄՆ նախագահի սահմանած 50-օրյա ժամկետը ՌԴ-ի նկատմամբ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել։ Ինչո՞ւ է Թրամփը նման քայլի դիմել, և ի՞նչ է լինելու առաջիկա 48 օրում։ Դիտարկումները տարբեր են, սակայն վերլուծականներում մեծ մասամբ նշվում է, որ մինչև 50 օրը լրանալը Պուտինը  կհամաձայնի բանակցություններ սկսելուն։ Թե ինչ կլինի հետո, դեռ չի պարզաբանվում․ ամեն ինչ պայմանավորված է այն քայլերով, որոնք կտեսնենք առաջիկա մեկուկես ամսում՝ գրում է միջազգային մամուլը։ Աննա Նազարյանի անդրադարձը։

50-2․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի համար սահմանած վերջնաժամկետից ընդամենը երկու օր է անցել, և արդեն Ուկրաինա են տեղափոխվում Patriot համակարգերը։ Հայտարարությունների տեսքով սպառնալիքները բավական խիստ են։ Եվրոպական (արևմտյան) մամուլում ծաղրանկարների պակաս չկա։ Դրանցում պատկերված է Թրամփը՝ 50 թվագրումը ձեռքին, իսկ առջևում ձեռքերը գրպանը դրած Պուտինն է՝ թերահավատ ժպիտով։ Մեկ այլ տեղում էլ Թրամփը բռնցքամարտի ձեռնոցներով ու վճռական դեմքով սպասում է, և այսպես շարունակ․․․

Տեղեկատվական հարթակներում տպավորիչ ու բավական սպառնալից հայտարարություններ են, որոշ մանրամասներ են հրապարակվում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրուցից, որից ընդամենը մեկ օր անց Financial Times-ը գրում է, որ Թրամփը Զելենսկիից հետաքրքրվել է, թե արդյոք ուկրաինացիներն ի վիճակի են հարվածելու Մոսկվային, եթե ԱՄՆ-ն հեռահար սպառազինություն մատակարարի Կիև։

Այս հրապարակումներին զուգահեռ՝ Մերիլենդի ռազմաբազայում մոտենալով լրագրողներին՝ Թրամփը հայտարարել է, որ Patriot հրթիռներն արդեն առաքվում են Ուկրաինա․

«Դրանք արդեն առաքվում են։ Դրանք գալիս են Գերմանիայից։ Եվ բոլոր դեպքերում Միացյալ Նահանգները ստանում է ամբողջական վճարում։ Այսպիսով, ինչպես գիտեք, Եվրամիությունը կամ ՆԱՏՕ-ն մեզ կվճարի դրա համար։ Որոշ դեպքերում մեզ կվճարեն անմիջապես Եվրամիության երկրները։ Մենք միշտ ստանում ենք մեր գումարը ամբողջությամբ։ Այսպիսով, մենք այլևս ներդրումներ չենք ունենալու։ Եվ եթե կարողանանք համաձայնության հասնել, հիանալի կլինի։

Մենք շաբաթական կխնայենք 5000- 6000 զինվոր։ Նրանք ռուս և ուկրաինացի զինվորներ են։ Ամերիկացի զինվորներ չեն»։

ԱՄՆ նախագահը երկու օր առաջ 50 օր ժամանակ էր տվել Մոսկվային Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելու համար և այսօր տեղեկացնում է, որ այդ հայտարարությունից հետո չի զրուցել Պուտինի հետ։ Պայմանը չկատարելու դեպքում Թրամփը Ռուսաստանին և այդ երկրից նավթ ու գազ գնող երկրներին սպառնացել է պատժամիջոցներով, մասնավորապես ներմուծվող ապրանքների համար մինչև 100% մաքսատուրքով։

Չինաստանում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արձագանքելով Թրամփի սահմանած 50-օրյա ժամկետին, ասել է, որ դեռ պետք է հասկանան, թե ինչ է նշանակում Թրամփի այս ձևակերպումը։

«Մենք դեռ պետք է հասկանանք, թե ինչ է թաքնված Դոնալդ Թրամփի՝ 50-օրյա ժամկետի մասին վերջին հայտարարությունների հետևում։ Նախկինում 24 ժամ է եղել, նաև 100 օր։ Այդ ամենի միջով մենք անցել ենք։ Մենք իրոք ցանկանում ենք հասկանալ, թե որոնք են ԱՄՆ նախագահի հայտարարության դրդապատճառները։ Թրամփը գտնվում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարների ահռելի, ես կասեի, անպարկեշտ ճնշման ներքո»։

DW-ի սյունակագիր Կոնստանտին Էգերտը, անդրադառնալով Թրամփի պայմանին, գրում է․ «50 օր հետաձգում. Թրամփը փորձության է ենթարկում Պուտինին և իրեն»։

Ըստ սյունակագրի՝ ԱՄՆ նախագահը և նրա դաշնակիցները պետք է որոշեն, թե ինչ անեն, եթե Պուտինը անտեսի Սպիտակ տան պայմանները: Նա կարծում է, որ 50-օրյա ժամկետը ցույց կտա Ռուսաստանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականության իսկությունը։

Ըստ Էգերտի՝ Պուտինն արդեն արձագանքել է Թրամփի պահանջին՝ ուկրաինական քաղաքները զանգվածաբար հրետակոծելով։ Թրամփի տրամադրած ժամկետը, ըստ սյունակագրի, էական փոփոխություններ չի մտցնի Կրեմլի վարքագծում: Մոսկվան պարզապես չի հավատում Վաշինգտոնի և նրա դաշնակիցների մտադրությունների լրջությանը՝ գրում է եվրոպացի վերլուծաբանը:

Մյուս կողմից, սակայն, Էգերտին թվում է, որ Մոսկվային ուղղված խաղաղության պահանջն իրականում Սպիտակ տան վերջին քայլն է և խորհրդանշական բնույթ ունի:

«Ի վերջո, մեկուկես ամսում հնարավոր է լուրջ խաղաղության պայմանագիր կնքել միայն մեկ պայմանով՝ հակամարտության բոլոր կողմերը պետք է երազեն դրա ավարտի մասին և պետք է պատրաստ լինեն ամեն գնով հասնելու դրան: Սակայն նման բան չկա ո՛չ Մոսկվայում, ո՛չ Կիևում՝ տարբեր պատճառներով»:

Թրամփի վարչակազմը չի կարող չհասկանալ սա։ 50-օրյա ժամկետը, ըստ սյունակագրի, կարծես նախատեսված է Թրամփի ընտրողներին ցույց տալու համար, որ սպառվել են դիվանագիտական բոլոր ​​ուղիները։ Եվրոպացիներից Ուկրաինային տրվող ամերիկյան զենքի համար վճարը ևս հաշվարկված է։ Այն ամերիկացի հարկատուներին պետք է ցույց տա, որ իրենց վճարած հարկերից ոչ մի տոկոս չի ծախսվի Ուկրաինային աջակցելու ուղղությամբ։

Washington Post-ի լրագրող Դեյվիդ Իգնատիուսն ընդգծում է այն, որ Թրամփը չի բացառում Կիև Tomahawk թևավոր հրթիռներ մատակարարելու հնարավորությունը։ Միացյալ Նահանգների նախագահի գաղափարը պարզ է՝ ռուսներին ստիպել, որ լրջորեն մտածեն խաղաղության մասին։

Վերլուծաբանը գրում է՝ հայտնի է, որ Պուտինի համար ամենակարևորը թույլ չերևալն է թե՛ աշխարհի, թե՛ սեփական երկրի բնակչության և թե՛ էլիտայի աչքերում։

Պուտինին մեկ անգամ չէ փրկել այն փաստը, որ Արևմուտքը վախենում է, նախ, այսպես կոչված, «էսկալացիայից», այսինքն՝ Ռուսաստանի՝ միջուկային զենքի կիրառումից, և երկրորդ՝ ռեժիմի փլուզումից հետո հնարավոր «անորոշությունից»։

Հիմնական հարցը, որին ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պետք է պատասխանեն, հետևյալն է՝ ըստ փորձագետների․ արդյո՞ք Արևմուտքը պատրաստ է մեծացնելու ճնշումը Ռուսաստանի վրա և օգնելու Ուկրաինային, օրինակ՝ թևավոր հրթիռներով, առանց հաշվի առնելու լարվածության առաջացման մտավախությունները։

Վերլուծաբան Կոնստանտին Էգերտի կարծիքով՝ Պուտինը համոզված է, որ նման բան տեղի չի ունենա։ Որոշ ժամանակ անց, ըստ նրա, ՌԴ նախագահն ամենայն հավանականությամբ կփորձի երկխոսության պատրաստակամության իմիտացիա ստեղծել։ Օրինակ՝ կրկին կուղարկի Լավրովին պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման։ Այս պահը վճռորոշ կլինի Թրամփի և նրա հեղինակության համար, քանի որ 50 օրն արագ կթռչի։

Ինչ իրադարձություններ կարող են տեղի ունենալ մինչև սեպտեմբերի 2-ը, երբ լրանա Թրամփի սահմանած վերջնաժամկետը, դեռ պարզ չէ, սակայն պարզ է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, որը ներառում է նավթի գնի նոր սահմանաչափ, չեն հաստատել ԵՄ երկրները։ Այն մերժել է Սլովակիան։ Սակայն ԵՄ արտաքին գործերի նախարարները հաստատել են մարդու իրավունքների խախտումների և հիբրիդային գործունեության համար պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանցիների նոր ցանկը:

Ըստ այդմ՝ պատժամիջոցներ են սահմանվում Ռուսաստանի դատական համակարգի հինգ անդամների նկատմամբ, ինչը նշանակում է, որ կարգելվի նրանց մուտքը ԵՄ երկրներ, իսկ նրանց ակտիվները կսառեցվեն:

Կարդացեք նաև

Back to top button