
Հայաստանի վարչապետը հաստատել է, որ կոմունիկացիաների ապաշրջափակման առնչությամբ ԱՄՆ-ից առաջարկներ ստացվել են, սակայն առաջարկների բովանդակությունը և կողմերի հնարավոր պատասխանը Փաշինյանը չի բացահայտել։ Այսօր հրավիրված մեծ ասուլիսի ընթացքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է բանակցային մի շարք հարցերի, որոնք հատկապես վերջին շրջանում լայնորեն շրջանառվում են, հաստատել, որ բանակցային կա նաև խաղաղության պայմանագրի նախաստորագրման գաղափար, բայց դա քննարկվող տարբերակներից ընդամենը մեկն է։
Ի՞նչ է քննարկվել Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև 5 ժամանոց հանդիպմանը, ինչ են խոսել բրյուսելյան հանդիպման մասնակիցները․ Փաշինյանն այս ամենի մասին խոսել է այն այսպես ասենք չափաբաժնով, որքան թույլ է տվել բանակցային ձևաչափը։ Մի բան վարչապետի համար ակնհայտ է՝ Հայաստանը սպասված գործընկեր է թե՛ Հյուսիսում, թե՛ Հարավում, թե՛ Արևմուտքում, թե՛ Արևելքում։ Այս գնահատումը վարչապետին թույլ է տվել եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունն անշեղորեն աճում է։
Երևանի և Բաքվի միջև բանակցային մի քանի հարց, որոնք մինչ այժմ շրջանառվում էին լուրերի և ենթադրությունների մակարդակում, հաստատում ստացան ՀՀ վարչապետի կողմից։ Բայց մինչև այդ՝ ընդհանուր բանակցային պրոցեսը նկարագրելիս վարչապետը ճշգրտեց՝ համարում է, որ Ադրբեջանի հետ բանակցություններում ոչ մի զիջման ինքը չի գնացել։
«Չգիտեմ` ոնց ձևակերպեմ, որ այս նոր կոնտեքստում ավելի կոռեկտ լինի, նկատի ունեմ՝ արտաքին կոնտեքստում, եթե ես պատմական Հայաստանի վարչապետն եմ կամ համայն հայության վարչապետն եմ, այդ դեպքում կարող եք ասել` անընդհատ զիջում եք։ Բայց ես ո՞ւմ և որտեղի՞ վարչապետն եմ, որտե՞ղ է իմ իրավազորությունը և իրավասությունը, եթե Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, իսկ, այո, դա այդպես է, Հայաստանի Հանրապետություն` իր միջազգային ճանաչված տարածքներով, ես ի՞նչ եմ զիջել։ Ես ոչ մի բան չեմ զիջել»։
Վարչապետ Փաշինյանն այլ հարց է համարում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող բանակցային փաթեթների հրապարակման գործընթացը ենթարկվում է համապարփակ գնահատման՝ պետական շահերին հնարավոր վնասի տեսանկյունից։ Բանակցային փաթեթները հրապարակելու շուրջ քննարկումները և ուսումնասիրությունները շարունակվում են, և առաջիկայում կձևավորվի հստակ եզրակացություն՝ ասաց։
Վերջին օրերի թերևս ամենաքննարկված հարցը Սյունիքով ճանապարհի հնարավոր բացման, դրա վերահսկողության և կառավարման լիազորությունների արտապատվիրակման և հնարավոր լուծումների մասին է։ Այս համատեքստում վարչապետը հաստատեց, որ առաջարկներ է ստացել ամերիկյան կողմից, սակայն այս բանակցություններում վերջակետ դեռ դրված չէ։
«Հիմա չկա մի կոնկրետ տարբերակ և բանաձև, որ ես ասեմ` ահա մենք համաձայնության ենք եկել կամ շատ մոտ ենք համաձայնության գալ։ Այս բանաձևի շուրջ կան գաղափարներ, կան քննարկումներ, մի բան ակնհայտ է, որ մենք ուզում ենք և պատրաստ ենք Հայաստանի Հանրապետությունը դարձնել տարանցիկ երկիր համաշխարհային առումով, և, իհարկե, պետք է փորձենք գրավիչ պայմաններ առաջարկել, որպեսզի միջազգային ներդրողներին ևս կարողանանք համոզել, որ սա է ճիշտ ճանապարհը, շատ անվտանգ, արդյունավետ ներդրումների տեղ է, ներդրումային միջավայր է։ Եվ եթե կլինեն այստեղով հետաքրքրված, և կան արդեն հետաքրքրված գլոբալ խաղացողներ, որոնց ներկայությունն արդեն կարող է դառնալ ներդրումային միջավայրի նկատմամբ ինքնին վստահություն։ Այո, մենք այս բոլոր ուղղություններով քննարկումները շարունակում ենք»։
Հայաստանի վարչապետը տեսականորեն հավանական է համարում ճանապարհի սպասարկման արտապատվիրակումը Միացյալ Նահանգներից մինչև Ռուսաստան աշխարհագրությամբ։ Թեև այս փուլում հավաքական Արևմուտքն է ջանում լուծել տարածաշրջանի ապաշրջափակման հարցը, բայց հարկ է ընդգծել, որ «Հայաստանի երկաթուղիներ» ընկերությունը դեռ տևական ժամանակ գտնվելու է ռուսական «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցենսիոն կառավարման ներքո։
««Հարավկովկասյան երկաթուղին» անում է ներդրումներ, ընդ որում, այդ ներդրումներն անում է կառավարության համաձայնությամբ և իրավունք ունի ակնկալել, որ այդ փողը հետ կստանա և շահույթ կստանա, բայց «Հարավկովկասյան երկաթուղու տիրապետած տարածքի մի քառակուսի միլիմետր տեղ չկա, որտեղ ՀՀ որևէ պետական մարմնի լիազորությունները սահմանափակված են։ Միացյալ Նահանգները հետաքրքրվա՞ծ են, այո, հետաքրքրված են, մենք հետաքրքրվա՞ծ ենք Միացյալ Նահանգների հետաքրքրությամբ, այո, հետաքրքրված ենք։ Բայց միայն Միացյալ Նահանգները չեն հետաքրքրված, Եվրամիությունն էլ է հետաքրքրված, մենք Եվրամիության հետաքրքրվածությամբ հետաքրքրվա՞ծ ենք՝ այո։ Ի՞նչ մոդելներ կարող են լինել․ քննարկումներ կան, իդեաներ կան, առաջարկներ կան, նորմալ տնտեսական սխեմաների մասին ենք մենք խոսում»։
Ապաշրջափակման և տարանցիկ երկիր դառնալու համար Հայաստանը պատրաստ է անգամ որոշակի պարզեցումների՝ նախկինում հնչեցրած առաջարկը կրկնեց վարչապետը, բայց նաև շտապեց վստահեցնել՝ ինչ էլ քննարկեն, ինչ էլ դրված լինի բանակցային սեղանին, բոլոր հարցերը քննարկվում են ՀՀ ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքից ելնելով։ Հայաստանի վարչապետը պարզաբանել է, որ բանակցությունները միայն երկաթուղու կամ ավտոմոբիլային ճանապարհների շուրջ չեն։
«Խոսք է գնում նաև խողովակաշարերի մասին, լինեն դրանք նավթամուղ, գազամուղ, խոսք է գնում էլեկտրահաղորդման գծերի մասին, հեռահաղորդակցության մալուխների մասին և այլն, և դա մի տնտեսություն է, որը պետք է կառավարվի, և մի տնտեսություն է, որը պետք է ստեղծվի, սրա մասին է խոսքը։ Այսօր աշխարհում կա նաև երկրների միջև մրցակցություն, որպեսզի հրավիրեն իրենց տարածքով անցնելու բեռները, էներգակիրները և այլն։ Սա էլ է պետք հաշվի առնել, որովհետև երբեմն ինձ համար շատ զարմանալի է, որ Հայաստանի Հանրապետության տարածքով երկաթուղու վերաբացումը զարմանալիորեն կան ուժեր և մարդիկ, ովքեր փորձ են անում ներկայացնել որպես ողբերգություն, մինչդեռ ողբերգությունն այն է, որ Հայաստանով անցնող տարանցիկ երկաթուղի չկա»։
Վարչապետն, ի դեպ, կարծում է, որ «միջանցք» բառից պետք չէ վախենալ և նկատում, որ այդպիսի մի միջանցք Հայաստանում արդեն կա․
«Մի քիչ նուրբ հարց է հիմա, օրինակ, ձեզ հայտնի հանգամանքների բերումով միջանցք բառը հայաստանյան քաղաքական խոսույթում ունի որոշակի իմաստներ, որը, մեղմ ասած, ալերգիկ է բոլորիս համար։ Բայց Հայաստանի Հանրապետության Հյուսիս-հարավ ճանապարհը գիտե՞ք ոնց է կոչվում, պաշտոնական փաստաթղթերի մեջ գրվում է «Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցք»։ Շատ դեպքերում միջազգային մեր գործընկերները երբ ասում են միջանցք, մենք մի քիչ վեր ենք թռչում, իրենք էլ իրենց հերթին են վեր թռչում, ասում են՝ բայց ի՞նչ ասացինք։ Բոլոր պարագաներում ցանկացած տերմին, որ դուք լսում եք, լրացուցիչ ճշգրտման անհրաժեշտություն չկա։ Մենք այդ բոլոր հարցերը քննարկում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության, իրավազորության, ինքնիշխանության հենքի վրա»։
Հայաստանի արտաքին քաղաքականության ու անվտանգության ուղղությամբ հետագա քայլերի մասին Փաշինյանը մի քանի ակնարկ արեց։ Հաստատեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ քննարկումներում կա նաև համաձայնեցված պայմանագրի նախաստորագրման գաղափարը։ Խշխանությունը խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին առաջ գնալու ոչ մի հնարավորություն բաց չի թողնելու և բաց չի թողնում՝ ՀՀ պետական շահերի աներկբա հաշվառումով։
«Մյուս կողմից, նաև պետք է հասկանանք, որ աշխարհը դինամիկ է և պետք է մոտենալ ճկուն, ուշադիր լինել, որ հանկարծ չստացվի՝ նայում ենք և չենք տեսնում հնարավորությունները, որոնք առկա են»,-ասաց Փաշինյանը։
Վարչապետի մեկ այլ հավաստիացում էլ վերաբերում էր Ադրբեջանում պահվող գերիների հարցին։ Ադրբեջանի հետ բոլոր բանակցություններում շոշափվում է այդ հարցը, այն եղել է նաև Աբու Դաբիում գրեթե 5 ժամ տևած հանդիպման օրակարգում։ Եթե արդյունքներ լինեին, հանրությունը կիմանար՝ առայժմ միայն քննարկումների մակարդակում մնացած հարցի առնչությամբ ասաց վարչապետը։
Մյուս երկու ակնարկով վարչապետն առավել հավանական համարեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի դուրս գալը, քան իր անդամակցությունն այդ կազմակերպությանը ապասառեցնելը։ Իսկ դրան զուգահեռ՝ բրյուսելյան հանդիպումներից պատմեց, որ այնտեղ իրեն հարցրել են՝ Հայաստանը ցանկանու՞մ է դառնալ Եվրամիության անդամ և լսել են դրական պատասխան։ Սակայն այս ճանապարհը դեռ երկար է Հայաստանի և հանրության համար՝ զգուշացրեց Փաշինյանը՝ հավելելով, որ շարունակելու է բարեփոխումների ռազմավարական ուղին՝ հենվելով նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և սպասվող նոր օրակարգի վրա։




