
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր կայացել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։ Քննարկվել են տարբեր գերատեսչությունների աշխատանքային ներգրավվածությանը, ծրագրի ընթացքին և հրատապ լուծումներ պահանջող խնդիրներին վերաբերող հարցեր։
Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են ՀՀ վարչապետի աշխատակազմի, Էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների, Քաղաքաշինության և Կադաստրի պետական կոմիտեների, Երևանի քաղաքապետարանի և այլ կառույցների ներկայացուցիչներ։
Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ աշխատանքային խմբի ստեղծումը կնպաստի ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացմանը՝ ապահովելով աշխատանքների կազմակերպման ճկունություն և ընթացիկ տեղեկատվության առավել արագ փոխանակում։
Նախարարը նշել է, որ կան մի շարք հրատապ լուծում պահանջող խնդիրներ, որոնք վերաբերում են հողերի կադաստրային գրանցմանը, ենթակառուցվածքների և կոմունալ ծառայությունների կարգավորմանը, տրանսպորտային ռազմավարության մշակմանը, տարածքի մաքրմանը և բարեկարգմանը։
Ժաննա Անդրեասյանը հատկապես կարևորել է յուրաքանչյուր գերատեսչության գործառութային դերն աշխատանքների արդյունավետ կազմակերպման հարցում։ Քննարկման ընթացքում նշվել է, որ ակադեմիական քաղաքի տարածքում նախատեսվում է հիմնել նաև արհեստական բանականության տվյալային կենտրոնը, որի ներդրումային ծրագիրը զուգահեռաբար մշակվում է։ Առաջնահերթ է նաև ազգային ստադիոնի կառուցումը, որը տեղակայվելու է ակադեմիական քաղաքում կամ նրա հարակից տարածքում։




