
Թեև Աբու Դաբիում մոտ 5 ժամ տևած հայ-ադրբեջանական բանակցություններից մանրամասներ դեռ հայտնի չեն, բայց քննարկումները լայն են, մեկնաբանությունները՝ բազմազան։ Middle East Eye կայքն օրինակ, աղմկահարույց հոդված է հրապարակել, որում խոսել է իր այն տեղեկությունների մասին, թե ԱՄՆ-ը տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով սեփական առաջարկն է արել՝ ակնարկելով Սյունիքի մարզով անցնող 32 կիլոմետրանոց ճանապարհի վերահսկողությունը 100 տարով Միացյալ Նահանգներին արտապատվիրակելու մասին։ Պարբերականի այսպես ասենք «բացահայտման» մեջ շրջանառվել է նաև Թուրքիայի անունը։ Ուշագրավ է, սակայն, որ պաշտոնական Երևանը քանիցս հայտարարել է՝ արտապատվիրակման մասին խոսք գնալ չի կարող։
Երևանին և Բաքվին Վաշինգտոնի առաջարկի մասին շրջանառվող տեղեկությունները և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի խոսքերը խեղաթյուրված և ուռճացված են ներկայացվել հանրությանը՝ Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների գնահատումն է։ Որպես ապացույց՝ ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են հետևել ոչ թե տարբեր հոդվածագրերի ենթադրությունների կամ թարգմանությունների, այլ անձամբ լսել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքի խոսքերը։
Բարաքը ոչ թե դիվանագիտական և իրավական հստակ ձևակերպումներով, այլ որպես սեփական դիտարկում է ներկայացրել, թե, օրինակ, 32 կիլոմետր երկարությամբ ճանապարհի շուրջ Երևանի և Բաքվի վեճն ինչ տարբերակով կարող է լուծել Վաշինգտոնը, օրինակ՝ վերցնել այն վարձակալությամբ, որպեսզի այդ ճանապարհից օգտվեն բոլորը։
Միացյալ Նահանգների ենթադրյալ առաջարկի մասին գրել էր Մեծ Բրիտանիայում գործող Middle East Eye կայքը, որի սեփականատերերը հայտնի չեն։ Այս կայքն, ի դեպ, առաջինն էր, որ օրերս թուրք մեկնաբան Ռաջիփ Սոյլուի ստորագրած հոդվածով գրել էր Աբու Դաբիում նախապատրաստվող Փաշինյան-Ալիև հանդիպման մասին, ինչը հետագայում հաստատվեց իրադարձություններով։
Պաշտոնական Երևանն արդեն արձագանքել է այս հրապարակմանը և տարածվող լուրերին։ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը պարզաբանել է․
«Բազմիցս ասել ենք, որ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում: Որևէ այլ տրամաբանություն մենք չենք կարող քննարկել: Ինչ վերաբերվում է հողի վարձակալությանը` ՀՀ օրենսդրությամբ նման ինստիտուտ գոյություն ունի միայն գյուղատնտեսական նշանակության հողերի համար, որոնց վրա գյուղատնտեսական գործունեություն է ծավալվում։ Հետևաբար ԱՄՆ դեսպանի նշած տարբերակը հնարավոր չէ։ ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: ՀՀ տարածքի որևէ հատված չի կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից, իրավազորությունից դուրս»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի աշխատակազմը նույնպես հայտարարել է, թե տեղյակ չէ այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը» կառավարելու ԱՄՆ մտադրության մասին։

Պատգամավոր Արսեն Թորոսյանն իր հերթին է պարզաբանում մտցնում այս հարցում․ անձամբ է լսել Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի խոսքն ու ընդգծում է, որ դիվանագետը չի ասել, թե ԱՄՆ-ն առաջարկ է արել 100 տարով վարձակալել Հայաստանի ճանապարհները, առավել ևս՝ չի ասել, որ այդ առաջարկն իրենց արել է Թուրքիան։ Պատգամավորը չի բացառում կասկածելի ծագման պարբերականի աղմկահարույց հրապարակման՝ պատվերով լինելը։
«Դիտեցի ամբողջ բրիֆինգը, որի վերջում դեսպանը պարզապես մի հետաքրքիր կոնտեքստում ներկայացնում է, թե ինչ դժվար է միջին Արևելքում ՝ասիական մտածելակերպով տեղերում, խնդիրների լուծումը։ Ոչ մեկը հարց չի տալիս նրան Հայաստանի և Ադրբեջանի մասին։ Իսկ նա ասում է՝ այ, օրինակ, կարող է Ամերիկան գալ, հենց այդպես «come out» այսինքն՝ գալ առաջարկությամբ, թե՝ տվեք մեզ ճանապարհը 100 տարով, իր բոլոր խնդիրները տվեք մեզ, և հետո շարունակում է՝ բայց այստեղ ամեն ինչ որոշում են անհատները, ընտանիքները, ազգերը և ժողովուրդները։ Ու այդ թեման դրանով փակվում է։ Իսկ ՀՀ դիրքորոշումն անփոփոխ է․ ցանկացած ապաշրջափակում պետք է լինի իրավահավասարության, փոխադարձության, իրավազորության և սուվերենության ներքո»։
Փոխադարձություն ասելով հայկական կողմը նկատի ունի հետևյալը․ այն պայմանները և կարգավորումները, որոնք կգործեն Սյունիքի ճանապարհների մասով, նույնությամբ կգործեն նաև Նախիջևանի տարածքում հայկական կողմի համար։
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ասոցացված փորձագետ Սամվել Մելիքսեթյանն ասում է՝ քանի դեռ քննարկման դետալները հայտնի չեն, քննարկումներն էլ իրարամերժ կարող են լինել։
«Մենք այդ քաղաքականացված սպեկուլյացիաները միշտ էլ ունենալու ենք այս հարցում, որովհետև այս տեղեկությունը հիմնականում փակ է, և դետալներին մենք ծանոթ չենք։ Ցանկացած դետալ կարող է պատկերը փոխել։ Բայց ընդհանուր իմաստն այն է, որ քանի որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները մոտավորապես 35 տարի եղել են կոնֆլիկտային, քանի որ կա այդ փոխվստահության և անվտանգային երաշխիքների բացակայության խնդիրը, դա կա նաև հասարակություններում, ուստի պետք է ինչ-որ երաշիքներ ունենալ կամ ինչ-որ այլ մեխանիզմներ մշակել»։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Եվրոպական ինտեգրման հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանը այս խոսակցությունում կարևոր է համարում լուծումների և ձևակերպումների հստակ տարբերակումը․
«Ի՞նչ է նշանակում վերահսկողություն․ նշանակում է՝ լիազորություն ցանկացած պահի անել այն գործառույթը, որը դու իրավունք ունես անելու։ Եվ գոյություն ունեն ինչ-որ ֆունկցիաներ, որ կարող է ինչ-որ մեկն անել։ Այսինքն՝ երբ խոսում են արտապատվիրակման մասին, խոսել են ոչ թե ինքնիշխան վերահսկողության իրավունքի արտապատվիրակման մասին, այլ ինչ-որ տեխնիկական ծառայության արտապատվիրակման մասին, որի նկատմամբ, միևնույնն է, վերևում «հովանոցի» նման կա պետության ինքնիշխան իրավունքը և լիազորությունները։ Ասենք, հիմա մեր օդակայանում սահմանապահ հսկողության ֆունկցիան արտապատվիրակված էր ռուս սահմանապահներին։ Բայց այն, ինչ այդ սահմանապահը կարող էր անել Ռուսաստանում, որովհետև դա իր ինքնիշխան տարածքն է, այստեղ ինքը չէր կարող անել։ Այստեղ ինքը անում էր միայն այն սահմանների շրջանակում, որոնք իրեն արտապատվիրակված էին։ Այդ շրջանակներից դուրս մի հատ էլ ավելի մեծ շրջանակ կար՝ «չորս կողմից իրեն փակող», որը ՀՀ ինքնիշխան լիազորությունների շրջանակն էր այսպես ասենք։ Դուք այդ արտապատվիրակում բառը միշտ այդպես հասկացեք»։
Ճանապարհների ապաշրջափակման շուրջ բանակցությունները յուրովի է մեկնաբանել բրիտանական The Telegraph-ը։ Սյունիքով անցնող ճանապարհը դիտարկելով որպես Չինաստանից Եվրոպա ձգվող առևտրային երթուղու՝ «Միջին միջանցքի» մաս, բրիտանական պարբերականը նախ հիշեցրել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 2020-ին կնքված հայտարարությունը, որի 9–րդ կետով Ռուսաստանն այդ ճանապարհի վերահսկման ակնկալիք ուներ, ապա նկատել, որ բանակցային ընթացքը փոխվել է։ The Telegraph-ը, սեփական ենթադրությունները հիմք ընդունելով, հոդվածը վերնագրել է այսպես․ «Երկու երդվյալ թշնամիներ միավորվում են Պուտինի դեմ», ապա գրել, թե Հայաստանը միանում է Ադրբեջանին՝ վտանգելով Կովկասում Ռուսաստանի վերջին մեծ «խաղաքարտը»»։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, ապա ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյից հետո այդ թեմային արդեն անդրադարձել է անձամբ Միացյալ Նահանգների նախագահը։
Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը շարժվում է «դեպի հաջող ավարտ»։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը՝ համարելով, որ այս հակամարտությունն էլ է արդեն լուծված։




