ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

ՍԱՏՄ մասնագետները ջերմոցներում աուդիտ կանցկացնեն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն ու Արմավիրի մարզի ջերմոցային տնտեսությամբ զբաղվողներն այսօր հանդիպել ու քննարկել են դեպի Ռուսաստան արտահանման հետ կապված խնդիրները։ Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հայտնել է, որ ռուսական կողմի հետ պայմանավորվել են, որ ՍԱՏՄ մարզային կենտրոնների բուսասանիտարները ջերմոցներում աուդիտ կանցկացնեն և հստակ խնդիրներ հայտնաբերելու դեպքում ֆիտոսանիտարիայի փաստաթուղթ չեն տրամադրի։ Եթե խնդիրներ չլինեն, կտրամադրեն համապատասխան փաստաթուղթն ու արտահանելու հնարավորություն կտրվի։

Արդեն մի քանի օր է, ինչ Զվարթնոց գյուղի ծաղկաբույծները լուրջ խնդիրների առաջ են կանգնել․ հունիսի 27-ից նրանք չեն կարողանում Ռուսաստան ծաղիկ արտահանել։

Արտակ Թովմասյանը նրանցից մեկն է․ «Սա շուտ փչացող ապրանք է։ Մենք չենք կարող տասը օր սպասել։ Թող ասեն՝ ծաղիկը բերեք, վաղը գնում է  Ֆրանսիա։ Ցույց տանք, եթե բլոճ կա վրան, թող վառեն, եթե չէ՝ ուղարկեն Ֆրանսիա։ Մենակ ապրանքը չթափենք»։

Իսկ ամեն ինչ սկսվել է հունիսի սկզբից, երբ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել էր, որ կտրված ծաղիկներն ու բողբոջները պատկանում են բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային արտադրանքի կարգին։ Կարանտինային վնասատուների ներթափանցումը, տարածումը և ակլիմատիզացիան կարող է լուրջ սպառնալիք դառնալ Ռուսաստանի ծաղկաբուծության համար։ Մի քանի օր բողոքի ակցիաներ կազմակերպելուց հետո, ծաղկաբույծներին ընդունեցին ՍԱՏՄ-ում։ Հանդիպումից հետո տնտեսվարողները հայտարարեցին, որ իրենց լսել են, բայց բոլոր հարցերին լուծում չեն տվել․

«Ոչ բոլոր հարցերն են, որոնց պատասխանը գոհացրել է։ Օրինակ, եթե գյուղացին ջերմոց ունի, որը չի համապատասխանում չափանիշներին, չեն կարողանում ցույց տալ, որ իրենց ջերմոցն է, չեն կարողանում ծաղիկ արտահանել։ Ես հարցնում եմ՝ եթե մեկ մեքենայում մի քանի արտադրողի ծաղիկ է գնում, ամբողջ խմբաքանա՞կն է այրվելու, ասում են՝ այո»։

ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպեց առանձին։ Նա նշեց երկու հիմնական խնդիր։ Նախ՝ ռուսական կողմը Հայաստանից արտահանվող ծաղկի խմբաքանակներում վնասատուներ է հայտնաբերել։ Բացի այդ, արտահանողների ու արտադրողների հետ ՍԱՏՄ-ում ներքին հարցեր են եղել քննարկելու։

Տիգրան Պետրոսյանը շեշտեց, որ ռուսական կողմի խստացումները քաղաքական դրդապատճառ չունեն․

«Ընդունող կողմը հստակ ուզում է, որ բուսասանիտարական ապրանքները իր երկիր ներկրելիս հստակ համապատասխանեն իրենց պահանջներին։ Դա նորմալ է, ընդունված է բոլոր երկրներում։ Ոչ մի քաղաքական ֆոն ու աստառ չկա»։

Պաշտոնյան նշեց նաև, որ արտահանման հետ կապված տարբեր խնդիրներ տարիներ շարունակ եղել են, ու մի օր պետք է խստացումներ լինեին․

«Բոլոր արտահանողներն ու արտադրողները անհայտ ծագման ֆիրմաներից տարիներ շարունակ ապրանք են արտահանել։ Բոլորը գիտեն այդ մասին, մի օր ընդունող կողմը ասաց՝ ինչքան պետք է շարունակվի, բավարար է։ Մենք արտահանում ենք իքս կազմակերպության ապրանք, ընդունող կողմը տեղյակ չէ, որ ինքը նմանատիպ ապրանք է ստանում։ Ռուսական կողմը՝ ֆիտոսանիտարիան, գնում է տվյալ կազմակերպության մոտ, ասում է՝ խնդրում եմ ներկայացրեք փաստաթղթերը, այսքան ապրանք եք ստացել, այդ մարդը ասում է՝ ես տեղյակ չեմ նման բաներից, ես նավթ վերամշակող կազմակերպություն եմ»։

78 կազմակերպության համար նման արգելք է գործում՝ բացատրում է Պետրոսյանը։ Խնդիրը ռուսական կողմում է, ինչ որ մի պահի հետագծելիության շղթան կտրվում է։

«Հայկական կողմը արտադրում է ապրանք, վաճառում է ռուսական կողմի որևէ կազմակերությանը, որը ստանում է։ Տվայլները վերցնում են, ձևակերպում։ Մենք չենք կարող վերահսկել՝ այդ կազմակերպությունը կա, թե ոչ։ Իրենք գնում են, 180 օր հետո հարկային պարտավորություն է առաջանում, ոչ մեկ չի գնում, չի անում։ Սա ռուսական կողմի համար մտահոգության առարկա է դարձել»։

Ջերմոցային տնտեսությամբ զբաղվող Արտակ Թովմասյանը հաստատեց՝ Հայաստանում կնքված փաստաթղթով ծաղիկ են արտահանում։ Թե ինչ կազմակերպություն է իրականում գրանցված, տեղյակ չեն լինում։

«Ես անձամբ եմ արտահանում, շփվում եմ իմ գործընկերների հետ, ովքեր գնում են իմ ծաղիկը, արտահանում են։ Այստեղ թուղթը վերցնում են, չեն նայում՝ ծաղիկը լավն է, թե վատը, գնում է, մի ֆեյք ընկերություն ընդունում է այն։ Երբ ռուսը տեսնում է, որ Հայաստանը արտադրում է 10 մլն ծաղիկ, արտահանում է 70 մլն, պահանջում է, որ մոնիտորինգ անեն»։

ՍԱՏՄ-ում վստահեցնում են՝ երրորդ երկրից Հայաստան ծաղիկ չի ներկրվել ու չի արտահանվել։ Ռուս գործընկերների հետ խոսել են, բացատրել, որ տարեցտարի ջերմոցային տնտեսությունների թիվը ավելանում է։ ՍԱՏՄ-ն ռուսական կողմի հետ պայմանավորվել է՝ մարզային կենտրոնների բուսասանիտարները ջերմոցներում աուդիտ կանցկացնեն, հստակ խնդիրներ հայտնաբերելու դեպքում ֆիտոսանիտարիայի փաստաթուղթ չեն տրամադրի։ Եթե խնդիրներ չլինեն, կթույլատրեն արտահանումը։

Կարդացեք նաև

Back to top button