ԱՄՆ նախագահի՝ երկուշաբթի Ուկրաինայի մասին խոստացված «մեծ» հայտարարությունից հետո միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է, թե ինչ է հետեւելու դրան։
Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ հիասթափված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։ Այս անգամ այդ մասին ասել է BBC-ին տված հարցազրույցում։
«Ես հիասթափված եմ Պուտինից, բայց չեմ պատրաստվում խաչ քաշել նրա [հետ հարաբերությունների] վրա։ Չորս անգամ մտածել եմ, թե մենք պայմանավորվել ենք։ Սակայն վերադառնում ես տուն ու տեսնում, որ նա ռմբակոծել է Կիեւի ծերանոցը կամ նման մի բան»,- ասել է նա։
Իսկ վստահո՞ւմ է Պուտինին հարցին՝ պատասխանել է. «Անկեղծ ասած, ոչ ոքի չեմ հավատում»։
Այս ֆոնին հետաքրքիր է Washington Post-ի մեկնաբան Դեւիդ Իգնատիուսի հոդվածը։
Անցած շաբաթ Թրամփի՝ ինչո՞ւ Մոսկվային չեք հարվածում հարցին, Զելենսկին պատասխանել է. «Կարող ենք դա անել, եթե զենք տաք», գրել է Իգնատիուսը՝ վկայակոչելով իր աղբյուրը։
Նրա զրուցակից նշել է, որ դրանից հետո Թրամփը մտածում է Կիեւին Tomahawk թեւավոր հրթիռներ տալ։ Հունիսին Իրանի դեմ ԱՄՆ այս հրթիռներն էր կիրառել։




