ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 14-ին կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ: Փորձագետները կանխատեսումներ չեն անում, բայց համադրելով փաստերը, ասում են, որ ԱՄՆ նախագահը քննարկելու է Ուկրաինային զենք տրամադրելու հարցը՝ օգտվելով նախագահական արտակարգ լիազորություններից։ Գերմանիան էլ պատրաստվում է Ուկրաինա ուղարկել հեռահար հրթիռներ։
ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգն այսօր մեկնել է Կիև՝ քննարկելու անվտանգության և Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հարցերը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարին։ Մինչև այդ Ռուսաստանի արտգործնախարարը Փհենյանում շնորհակալություն է հայտնում Հյուսիսային Կորեային՝ Ուկրաինայի դեմ պատերազմում աջակցության համար։
ԱՄՆ-ն դիտարկում է Ուկրաինային նոր զենք տրամադրելու հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 13-ի ուշ երեկոյան հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ այդ համակարգերի համար կվճարեն եվրոպական երկրները ։ «Մենք նրանց կուղարկենք Patriot- ներ, որոնց կարիքը նրանք ունեն, քանի որ Ռուսաստանի նախագահը իսկապես զարմացրեց շատ մարդկանց», — ասել է Թրամփը և մանրամասնել՝
«Եվրոպական միությունն է դրա համար վճարում։ Մենք դրա համար ոչինչ չենք վճարում, ԱՄՆ-ն ֆինանսական բեռ չի կրելու. Ուկրաինային կուղարկվի շատ առաջադեմ ռազմական տեխնիկա, որի արժեքը կփոխհատուցվի 100 %-ով»։ ԱՄՆ նախագահը, սակայն, չի մանրամասնել, թե ԵՄ ո՞ր երկրներն են ներառված գործարքում։
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ հուլիսի 14-ին պատրաստվում է «կարևոր հայտարարություն անել Ռուսաստանի վերաբերյալ»։ Անցած շաբաթ Դոնալդ Թրամփը մոտ մեկ ժամ հեռախոսով խոսել էր Վլադիմիր Պուտինի հետ։ Հեռախոսազրույցից հետո նա հրապարակավ ասել էր, որ հիասթափված է Ռուսաստանից՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում առաջընթաց չգրանցելու համար: Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ը կշարունակի Ուկրաինային զենք տրամադրել ՆԱՏՕ-ի միջոցով, սակայն դրա համար կվճարի արդեն ՆԱՏՕ-ն: Reuters-ն էլ՝ հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Թրամփը զենք կուղարկի Ուկրաինա՝ օգտագործելով նախագահական արտակարգ լիազորությունները, որոնք թույլ են տալիս որոշում կայացնելու առանց Կոնգրեսի հաստատման:
Միջազգային արձագանք
Միջազգային ԶԼՄ-ները այս լուրը ներկայացնում են հնչեղ գլխագրերով՝ Ուկրաինայի պատերազմի ամփոփում․ ՙԹրամփը պատրաստվում է զենք մատակարարել Բայդենի կիրառած մեթոդով, հայտնում են աղբյուրները՚:
Ինչպես նաև՝ ՙԹրամփը կարող է զենք մատակարարել Ուկրաինա՝ արտակարգ լիազորություններով՚
Փորձագիտական կարծիք
«Ռադիոլուրի» հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Արմեն Բադալյանը խոսել է այդ ամենի հետևանքների մասին ասելով. ՙԱՄՆ զենք չի ուղարկում, այլ՝ վաճառում է: Սրանք տարբեր բաներ են: Նախկինում Ջո Բայդենի կառավարությունը ԱՄՆ պետության հարյուրավոր միլիարդների հասնող զենք էր ուղարկում: Թրամփը նշում է, որ ինքը զենք չի տրամադրում, այլ՝ ուղարկում է: Այսինքն՝ ԵՄ, ՆԱՏՕ-ն վճարում են, ստանում են զենքը՝ տալիս Ուկրաինային: Չնայած, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասեց, գումարելիները տեղափոխելիս, գումարը չի փոխվում: Զենքի տեսականին պետք է հստակեցնենք, եթե Բայդենի վարչակազմը տալիս էր հարձակվողական զենք, այս պահի դրությամբ խոսք է գնում պաշտպանական զենքի մասին՚:
Ուկրաինայի ակնկալիքը
Ըստ The Guardian-ի, Ուկրաինան նախընտրում է ստանալ հետևյալ զինատեսակները՝ Patriot հրթիռային համակարգերի հրթիռներ, շարժական հրթիռային հրետանային համակարգեր: Հրապարակման համաձայն, այս զենքերը արդեն տեղակայված են Եվրոպայում, ուստի հնարավոր է՝ հասցվեն Ուկրաինայի ճակատային գծեր մի քանի օրում։
Ուկրաինա ամերիկյան զենքի մատակարարումները դադարեցվել էին հուլիսի սկզբին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերին, որոնք, ինչպես նշել էր Թրամփը, հազվադեպ և թանկարժեք համակարգեր են։
Քաղաքական ճնշում ռազմաճակատի վրա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 11-ին տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները վերսկսել է զենքի մատակարարումները ։ Ըստ Deutwche welle-ի՝ Զելենսկին ասել է․ «Մենք ունենք քաղաքական ազդանշաններ ամենաբարձր մակարդակով, հատկապես ԱՄՆ-ից, մեր եվրոպացի ընկերներից։ Բոլոր հաղորդագրությունների համաձայն՝ մատակարարումները վերսկսվել են՚: Նա, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ որ համակարգերի մատակարարման մասին է խոսքը։
Զենք և դաշնակիցներ՝ Ուկրաինայի շուրջ
Բեռլինը նույնպես հայտարարություն է արել: Գերմանիան կաջակցի Ուկրաինային՝ ֆինանսավորելով հեռահար հրթիռային համակարգերի մատակարարումը, որոնց առաջին խմբաքանակը կարող է ուղարկվել արդեն հուլիսի վերջին։ Գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։ Նա ասել է, որ ֆինանսական արտահայտմամբ մատակարարումները գնահատվում են եռանիշ մեծ թվերով, և հավելել է, որ Գերմանիան իր գործողությունները համաձայնեցնում է գործընկերների հետ։
Մոսկվայի քայլերը
Մինչև Արևմուտքը զենքի մատակարարման վերսկսման մասին հայտարարություններ է անում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Փհենյանում հանդիպումներ է անցկացնում: Ըստ ԶԼՄ-ների հրապարակումների և հետախուզական տվյալների, ամիսներ առաջ Հյուսիսային Կորեան հազարավոր զինվորներ ուղարկեց Ռուսաստան՝ աջակցելու ռուս զինվորակներին: Ելույթ ունենալով Փհենյանում՝ Լավրովը հայտարարել է, որ մարտական այդ գործողություններին մասնակցելու նախաձեռնությունը եկել է Փհենյանից։ Նրա խոսքով՝ Մոսկվան առաջարկն ընդունել է որպես «համերաշխության անկեղծ դրսևորում»: Հյուսիսային Կորեայի արտգործնախարարն էլ հավաստիացրել է, որ Փհենյանը անվերապահորեն աջակցում է Ռուսաստանի գործողություններին և պատրաստ է «հավատարմորեն կատարել միջպետական համաձայնագրի բոլոր դրույթները»։




