ԿարևորՄիջազգային

Թրամփը սեպտեմբերին կմեկնի Մեծ Բրիտանիա․ Վինձորում նրան կընդունի Չարլզ III-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ընդունել է Անգլիայի թագավոր Չարլզ III-ի երկրորդ պետական այցի հրավերը, հայտնել են Բուքինգհեմյան պալատից։

Սեպտեմբերի 17-ից 19-ը կայանալիք ուղևորության ընթացքում ԱՄՆ նախագահին ուղեկցելու է նրա կինը՝ առաջին տիկին Մելանյա Թրամփը։ Հանդիպումը կանցկացվի Վինձորի ամրոցում, գրում է Reuters-ը։

Թրամփին՝ իր պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում, Մեծ Բրիտանիա առաջին պետական այցի ժամանակ՝ 2019 թվականին, հյուրընկալել էր Եղիսաբեթ II թագուհին։ Ավանդաբար, երկրորդ ժամկետի նախագահներին պետական այց չի առաջարկվում և փոխարենը հրավիրում են թեյի կամ ճաշի միապետի հետ։

Միջոցառումների ամբողջական ծրագիրը դեռևս հայտարարված չէ, բայց, ինչպես նման բոլոր այցելությունները, այն կներառի լիարժեք արարողակարգային ընդունելություն և պետական ճաշկերույթ Վինձորի ամրոցի Սուրբ Գևորգի դահլիճում։

Արարողությանը կմասնակցեն թագավորական ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ Ուելսի արքայազնը և արքայադուստրը:

Թագավորը նախորդ շաբաթ հյուրընկալել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչը Վինձորում պետական այցի առաջին դեպքն էր ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում։

Կարդացեք նաև

Back to top button