
Թեև Հայաստանի օրենսդրությամբ՝ ցմահ դատապարտյալը առնվազն 20 տարի պատիժ կրելուց հետո կարող է դիմել վաղաժամկետ ազատման համար, սակայն իրավիճակը հաճախ փակուղային է լինում։ 2019 թվականից գործում է վերասոցիալականացման գնահատման միավորային համակարգը, որը պետք է նպաստեր ազատման հնարավորության աճին, սակայն գործնականորեն այն երբեմն խոչընդոտ է դառնում՝ ասում են «Ինչո՞ւ է մերժվում պայմանական վաղաժամկետ ազատման դիմումը․ դատարանը պարտավորվում է բացատրել» թեմայով քննարկման մասնակիցները։
Հայաստանի օրենսդրությամբ՝ ցմահ դատապարտյալն առնվազն 20 տարի պատիժ կրելուց հետո կարող է դիմել վաղաժամկետ ազատման համար։ Սակայն այդ ճանապարհը հաճախ փակուղի է տանում։ 2019 թվականից գործում է վերասոցիալականացման գնահատման միավորային համակարգը, որը պետք է նպաստեր ազատման հնարավորությանը, սակայն գործնականորեն այն երբեմն խոչընդոտներ է առաջացնում։ Պաշտոնական տվյալներով՝ վերջին վեց տարում ընդամենը չորս ցմահ դատապարտյալ է ազատվել։
Մյուսների համար գործընթացը նույնն է՝ դիմում, դատական նիստ, մերժում՝ ասում է ցմահ ազատազրկման դատապարտվածների շահերը ներկայացնող փաստաբան Անի Չատինյանը․
«Բազմիցս և՛ Եվրոպական դատարանը, և՛ ԵԽ-ն հրապարակած բանաձևերում փաստում են, որ պետությունների պայմանական վաղաժամկետ ազատարձակման ինստիտուտի գործարկման, վերասոցիալականացման ինստիտուտի՝ որպես այդպիսին, իրավունքի իրացման տեսանկյունից արվող քայլերը պետք է իրատեսական լինեն՝ համահունչ իրավունքին, այսինքն՝ անձին տրվող պայմանական վաղաժամկետ ազատարձակման իրավունքի իրացման հնարավորությունը պետք է ավելի քան իրական լինի և իրատեսական:
Անի Չատինյանը համոզված է, որ օրենսդրությունը փոփոխելիս պետք է գործնական խնդիրներով առաջնորդվել։ Իսկ այդ խնդիրներն արձանագրվում են դեռևս դատական պրոցեսների ժամանակ։
«Ամենակարևոր խնդիրներից մեկն էլ այն է, որ այս ինստիտուտում անշուշտ պետք է բացառել տուժողների կարծիքը հարցնելու պրակտիկան և օրենսդրական դրույթը: Ամենայն հարգանքով բոլոր տեսակի արարքներից տուժող անձանց նկատմամբ՝ պնդում եմ, որ այս վարույթներում բացառել է պետք տուժողի ներգրավվածությունը և կարծիք հարցնելը»:
Փաստաբանն ասում է, որ հաճախ ցմահ դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը վերածվում է հին դատավճռի վերանայման՝ շեղվելով իր իրական նպատակից։ Չատինյանն ընդգծում է, որ դատախազներն իրենց ելույթներում հաճախ շեշտադրում են նախկին մեղադրանքները՝ անտեսելով, որ այս փուլում քննարկվում է ոչ թե հանցագործությունը, այլ անձի փոխված լինելը։
Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը, անդրադառնալով տարբեր քրեակատարողական հիմնարկներում եղած վերասոցիալականացման ծրագրերին, նշում է, որ տարբեր ՔԿՀ-ներում դրանք տարբեր ծավալներով են գործում՝ ներառյալ մինչև դատապարտյալին աշխատանքով ապահովելը: Նա փաստում է, որ վերասոցիալականացման միջոցառումներին առնչվող բազմաթիվ խնդիրներ կան:
«Ինչքան էլ օրենսդրական փոփոխություններ անենք, այդ թվում, օրինակ, դատարանից պահանջենք, որ պետք է հստակ և սպառիչ կերպով թվարկի մերժման հիմքերը և այլն, սա կարող է հռչակագրային նորմ մնալ, եթե չունենք բացարձակ հայեցողությունը, կամայական մոտեցումները սահմանափակող հստակ և օբյեկտիվ չափորոշիչներ, որոնք կդրվեն համապատասխան զեկույցների հիմքում»։
Դավիթ Գյուրջյանը համարում է, որ դատապարտյալը պետք է իմանա այն հիմնավորումն ու պատճառը, թե ինչու են իրեն որոշակի իրավունքներից և արտոնություններից զրկում։
Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստանի Հանրապետության Քրեական և Քրեակատարողական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագիծը։ Օրենքի ընդունման դեպքում դատարանը պարտավոր կլինի հստակորեն հիմնավորել պայմանական վաղաժամկետ ազատման մերժման որոշման հիմքերը։




