ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Սոցիալական ծրագրերի բարելավում կամ վերանայում․ ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը փոփոխությունների է ենթարկվում

Սոցիալական ծրագրերի բարելավում կամ վերանայում․ Արցախից բռնի տեղահանվածները սոցիալական մի շարք խնդիրներ են մատնանշում։ Դրանց մի մասը լուծվել է, մյուսները՝ ոչ, կամ լուծվել է մասնակիորեն։ Հունիսի 1-ից վերամեկնարկել է տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն տրամադրելու միջոցառումը։ Ծրագրի պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի աջակցության չափը կկազմի 40․000 դրամ, որին կավելանա 10․000–ական դրամ՝ ընտանիքի՝ տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2-րդ անդամից։

Ստեփանակերտից բռնի տեղահանված Պողոսյանների ընտանիքը Հայաստանում բնակվելու համար մի քանի բնակավայր է փոխել։ Վայոց ձոր, Տավուշ, Լոռի, Արարատ ու կրկին Վայոց ձոր։ Արարատում բնակարանի վարձը 180 հազար դրամ է եղել, Ջերմուկում ՝ 60 հազար։ Մի քանի օր է, ինչ ընտանիքը վերադարձել է սահմանամերձ  Ջերմուկ։

Մարատ Պողոսյանը պատմում է․

«17 տարի Ացախում եմ ծառայել, հիմա էլ  եմ  դիրքեր  գնում։ Մի ամիս էնտեղ եմ, մի ամիս՝ տանը, 200 հազար դրամ եմ ստանում։ Չի հերիքում»։

Հինգ անչափահաս երեխա ունեցող այս ընտանիքը բնակապահովման ծրագրի շահառու է։ Նրանք մտադիր են նոր բնակարան ձեռք բերել սահմանամերձ որևէ բնակավայրում․

«Կարողանանք բնակարան ձեռք բերել սահմանամերձ որևէ գյուղում։ Մենք սահմանամերձում ապրելուց չենք վախենում։ Դաշուշենում թուրքը մեզնից մի քանի մետր էր հեռու, բայց մենք չէինք վախենում»։

Հուլիսի 1-ի դրությամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 1․600 ընտանիք  կառավարության աջակցությամբ բնակարան կառուցելու հավաստագիր է ստացել։ Ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը և ներառվել է 57 համայնքի 611 բնակավայր՝ նախկին 452-ի փոխարեն։ Մանրամասնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը․

 «Սահմանել ենք, որ ծրագրով նախատեսված 2-րդ և 3-րդ փուլերը կմեկնարկեն միաժամանակ այս ամսվանից, այսինքն՝ արդեն իսկ մեկնարկված են․ դիմումներն ընդունում ենք, այսինքն՝ ծրագիրը, ըստ էության, բացում ենք բոլոր թիրախային խմբերի համար՝ անկախ ընտանիքի կազմից։ Ծրագրին դիմելու վերջնաժամկետը սահմանում ենք 2027 թվականի դեկտեմբերի 31-ը․ նախկին կարգով՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ն էր»։

Այն դեպքերում, երբ հավաստագրի իրացմամբ առաջանա դրական մնացորդ, այդ գումարը հնարավոր կլինի օգտագործել տան վերանորոգման կամ գյուղատնտեսական նշանակության հողամաս, կահույք, կենցաղային տեխնիկա գնելու համար: Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ առաջիկա օրերին շահառուներն էլեկրոնային հաղորդագրություն կստանան, որում նշված կլինի դրական մնացորդի չափը։  Ստեղծվելու է նաև բնակապահովման ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած  ընտանիքների անհատական դեպքերն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով։

«Այն հնարավորություն կտա վերականգնելու որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկության բացակայության կամ առկա տեղեկության թերի կամ ոչ ճշգրիտ լինելու հետևանքով դիմումատուների չիրացրած իրավունքները։ Սրանք վերաբերում են մի շարք ոչ ստանդարտ դեպքերի, նրանց, ում տվյալները մեր ընթացակարգերով չեն երևացել։ Ես ուզում եմ շեշտել, որ սա վերաբերելու է բացառապես բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին, ոչ թե մյուս աջակցության ծրագրերին։ Նկատի ունեմ ՝ դրամական աջակցության ծրագրերին»։

Եթե ընտանիքն առցանց դիմում-հայտարարությունը ներկայացնի և հավաստագիրը ստանա մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, ապա շահառու կհամարվի նաև ընտանիքի 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ծնված երեխան։ Գործող հիպոթեկային վարկի մարման աջակցությունից կարող են օգտվել 2025 թ․ հուլիսի 1-ի դրությամբ ձևակերպած և ծրագրի պայմանները բավարարող հիպոթեկային վարկ ստացած շահառուները։ Գյուղատնտեսական նշանակության կամ բնակելի կառուցապատման հողամաս կամ կիսակառույց շինություն գնելու համար նույնպես կարող են օգտվել ծրագրից։

Արտակ Բեգլարյանն ասում է, որ ծրագրի բարելավման համար առաջարկներ են ներկայացրել կառավարությանը․

«Այս սկզբունքների առումով որևէ էական բարելավում ու փոփոխություն չմտցվեցին։ Փաստացիորեն ասել են՝ մենք պատրաստ ենք քննարկելու գործող ծրագրի լավարկման ուղղությամբ, ոչ թե հիմնարար փոփոխություններ անելու»։

Կենսաթոշակի անցնելիս աշխատանքային ստաժը վերականգնելու հարցում ևս առաջընթաց կա։ Բայց մասնավոր հատվածում գործունեություն ծավալող անձանց կենսաթոշակի հարցը բաց է մնում․ քաղաքացիները ստիպված կլինեն այդ հարցերը վիճարկել դատարանում։ Կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40․000-ական դրամ աջակցության ծրագրում ևս փոփոխություններ են արվել։ 40.000 դրամ աջակցության շահառու 18-62 տարեկան և խոցելիություն չունեցող անձանց հնարավորություն է տրվել երկու ամսով ներառվելու հաստատված որոշման շահառուների խումբ, ինչի շնորհիվ ապրիլ և մայիս ամիսներին ստացել են 40․000-ական դրամները։

Կարդացեք նաև

Back to top button