
Հնդկաստանի իշխանությունները հրապարակել են Ահմադաբադից դեպի Լոնդոն թռչող Air India Boeing 787 Dreamliner-ի վթարի հետաքննության նախնական արդյունքները։
Հունիսին 260 մարդու կյանք խլած Air India-ի ինքնաթիռի կործանման հետաքննության նախնական զեկույցից պարզ է դարձել, որ վթարից կարճ ժամանակ առաջ, խցիկում անսովոր իրավիճակ է ստեղծվել, երբ վառելիք մատակարարող կոճակներն անջատված են եղել, ինչի հետևանքով շարժիչները մնացել են առանց վառելիքի։
Զեկույցում ասվում է, որ ինքնաթիռն անմիջապես կորցրել է թափը և սկսել է իջնել։
BBC-ին հաղորդում է, որ հետաքննությունը կենտրոնանում է անձնակազմի գործողությունների վրա։
Հնդկաստանի օդային միջադեպերի հետաքննության բյուրոյի 15 էջանոց զեկույցում ասվում է, որ վառելիքի երկու կոճակները թռիչքից կարճ ժամանակ անց «աշխատանքային» դիրքից հայտնվել են «անջատման» դիրքում։
Այս կոճակները սովորաբար օգտագործվում են շարժիչները միացնելու և անջատելու համար, երբ ինքնաթիռը գտնվում է գետնին։
Ինքնաթիռի թռիչքից հետո տեսախցիկների տեսագրությունը ցույց է տալիս, որ միացվել է պահեստային էներգիայի աղբյուր, ինչը վկայում է շարժիչի հզորության կորստի մասին։
Զեկույցի հեղինակները գրում են, որ թռիչքի վերջին պահերին լսվում է, թե ինչպես է օդաչուներից մեկը հարցնում մյուսին, թե ինչու է «սեղմել անջատման կոճակը»։ Երկրորդ օդաչուն պատասխանում է, որ չի սեղմել այն, ասվում է զեկույցում։
Օդաչուների զրույցից հետո կոճակները միացվել են։
Հետաքննությունը դեռևս շարունակվում է, ուստի դեռ վաղ է վերջնական եզրակացություններ անել վթարի պատճառների վերաբերյալ, գրում է BBC-ն։




