ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Հանձնարարություններ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո․ Աբու Դաբին «խաղից դուրս» է թողնում Մոսկվային

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի երկրորդ օրը Աբու Դաբիում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։

Փաշինյանը և Ալիևը նախ հանդիպել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ, ապա առանձնազրույցի ձևաչափով։ 5 ժամ տևած բանակցություններն ընդմիջվել են որոշ ժամանակով, ապա շարունակվել կրկին ընդլայնված կազմով և դեմ առ դեմ։

5 ժամ, 10 մասնակից, մեկ ընդմիջում և ձեռք բերված պայմանավորվածություն․ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Աբու Դաբիում պայմանավորվել են շարունակել երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները։

Հանդիպումը սկսվեց փոխադարձ ձեռքսեղմումներով՝ մի սենյակում, որտեղ պետական ոչ մի խորհրդանիշ չկար, հետևաբար ոչ մի փաստաթուղթ ստորագրվել չէր կարող։ Յուրաքանչյուր կողմից հնգական ներկայացուցիչ էր ներկա։ Հայաստանի պատվիրակության կազմը վկայում է, որ հարցերի լայն շրջանակ էր դրված քննարկման։ Հայաստանի պատվիրակությունը գլխավորող վարչապետ Փաշինյանից բացի՝ հանդիպմանը մասնակցում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը պատասխանատու է սահմանազատման ու սահմանագծման և տարածաշրջանի ապաշրջափակման հարցերով բանակցությունների համար։

Ներկա էին նաև երկրի անվտանգային և քաղաքական հարցերի պատասխանատուներ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ինչպես նաև Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի բանագնաց, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Աբու Դաբիի բանակցություններից հետո Հայաստանի արտգործնախարարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում է․

«Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ: Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը»:

Միջազգային, ինչպես նաև ադրբեջանական մամուլը հանդիպումն արդեն պատմական է որակում։ Ըստ հրապարակումների՝ նախ աչքի է ընկնում, որ կողմերը հանդիպման համար ընտրեցին չեզոք մի երկրի հարթակ՝ առանց որևէ միջնորդության, հաշվի առնելով, որ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար առաջարկ էր արել:

Հատկապես տևական դադարից հետո բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու փաստը վկայում է, որ քննարկելու ինչ-որ բան կա՝ ասում է ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Էմիլ Օրդուխանյանը։ Իսկ հանդիպմանը նախորդող տարբեր իրադարձությունները թույլ են տալիս ենթադրել, որ առանցքային հարցերը, ինչպես նաև շահառուները շատ են։

Տարածաշրջանում ուժերի հաշվեկշռի դինամիկ փոփոխության պատկերն այս պահին հետևյալն է․ տարածաշրջանային երեք պետություն՝ գումարած մերձտարածաշրջանային ևս երեք երկիր՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան և արտատարածաշրջանային գերտերություններ, որոնք ունեն շահեր, մասնավորապես՝ կոմունիկացիաների հնարավոր վերագործարկմանը և հաղորդուղիներին առնչվող։

Դրանք են Չինաստանը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն ու Հնդկաստանը․ վերջինս նույնպես այս տարածաշրջանի վերաբերող հաղորդուղիների նախագծեր ունի։ Այս ամենից Օրդուխանյանը եզրակացնում է․

«Այսինքն՝ այստեղ շահերը շատ են, բազմաթիվ են, և բոլորի ուշադրությունը կենտրոնացած է կոմունիկացիաների վերագործարկման վրա և, բնականաբար, այստեղ կա նաև մրցակցություն տարածաշրջանի ներսում։ Նկատի ունեմ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, ինչպիսի դասավորվածությամբ է լինելու։ Վրաստանը վաղուց իր տարանցիկությունն ապահովել է, Հայաստանը նոր է հավակնում տարանցիկ երկիր դառնալու հնարավորությանը, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար՝ որպես տարածաշրջանային գործոնի»։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարևոր է համարում այս փուլում պետության հստակ դիրքավորումը։ Աշխարհաքաղաքական որոշ իրադարձություններ նա ուղիղ կապում է այս բանակցությունների հետ։

«Ինձ համար շատ կարևոր է, որ կառավարությունն անընդհատ շեշտը դնում է մեկ հարցի վրա, որ «կարմիր գծերը» չեն խախտվի, որ ինչն էլ բացվի, որ ճանապարհներն էլ բացվեն Հայաստանի տարածքով, այդ ճանապարհները Հայաստանի սուվերենության տակ կլինեն։ Հիմա կգան ինչ-որ ընկերություններ ամերիկյան կամ այլ տիպի, կաջակցեն, կապահովեն կոմունիկացիաների աշխատանքը, բացումը, անխափան, անվտանգ, դա այնուամենայնիվ, կլինի Հայաստանի վերահսկողության տակ, չպետք է մերոնք այստեղ զիջում անեն։ Բայց այն, որ փոխվեց հռետորաբանությունը և՛ Էրդողանի, և՛ Ալիևի, ակնհայտ դա երևում է։ Ու այստեղ ես պետք է ասեմ մեկ բան․ այն փաստը, որ Ռուսաստանում գնում է լուրջ արշավ և Հայաստանի դեմ, և՛ Ադրբեջանի դեմ, պատահական չէ։ Ռուսաստանին դուր չի գալիս, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ բանակցային պրոցեսում են։ Ռուսաստանը մնում է «խաղից դուրս»։

Հատկապես տրանսպորտային կապուղիների վերահսկողության վերաբերյալ Ռուսաստանը տարածաշրջանում մեծ ակնկալիք ուներ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին հղում անելով։ Այս հավակնությունների չեզոքացումը, ինչպես նաև արտաքին քաղաքականության բալանսավորումը Հայաստանին գործոն և սուբյեկտ են դարձնում տարածաշրջանում՝ համոզված է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը։

«Եթե Հայաստանը չի համաձայնում Ռուսաստանի վերահսկողությանը, Հայաստանի նկատմամբ շարունակում է մնալ այն հետաքրքրությունը թե՛ Չինաստանի, թե՛ Հնդկաստանի, թե՛ ԵՄ, թե ԱՄՆ և բնականաբար այս բալանսի վրա մենք փաստացի ունենք խաղաղություն։ Եկեք ընդունենք, որ այն պահից ի վեր, երբ Հայաստանը սկսեց բալանսավորել իր արտաքին քաղաքականությունը, եթե ոչ ստորագրված, բայց փաստացի որոշակի մակարդակով խաղաղություն կա այսօր։ Եվ սա այդ ուժերի հաշվեկշռի հենց ձևավորման արդյունքն է իրականում, որովհետև միակողմանի քաղաքականությունը մենք տեսանք, թե մեզ ուր տարավ»։

Մինչդեռ պաշտոնական հաղորդագրությամբ՝ Ռուսաստանն աջակցում է Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված բարձր մակարդակի հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ բազմիցս տարբեր մակարդակներում ասել են, որ կողջունեն խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը։

Հայաստանում փորձագիտական կարծիքներ կան, որ Ալիևը համաձայնել է ամերիկյան առաջարկներին, այլապես Աբու Դաբիում չէր հանդիպի Փաշինյանի հետ։ Իսկ մայիսին Թրամփի վարչակազմից կողմերին փոխանցած առաջարկը առնչվում էր ապաշրջափակման ու տարանցիկ ճանապարհների վերահսկողությանը։ Նշվում է, որ դրանցում արծարծվել է ամերիկյան կամ ԱՄՆ ընտրությամբ որևէ կազմակերպության միջոցով տարանցիկ միջանցքի վերահսկողության տարբերակը։ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը համահունչ է այդ ծրագրերին՝ կարծում է Էմիլ Օրդուխանյանը։

«Հայաստանի սուբյեկտայնությունը բարձրացնում են, և մենք տեսնում ենք․ այն պահից ի վեր, երբ Հայաստանը պայմանական ասված՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի կոնցեպտն է առաջ տանում, որը նաև հավանությունների է արժանանում, սա այն կոնսենսուսն է գլոբալ տերությունների մոտ և սա այն զսպող գործոնն է, որը նույնիսկ Հայաստանի ամենատկար վիճակում թույլ չտվեց, որպեսզի այդ միջանցք ասվածը Ադրբեջանը վերցնի արտաքին հրահրումների միջոցով»։

Հայաստանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունից կարելի եզրակացնել, որ Աբու Դաբիի հանդիպումից հետո նոր թափ կստանա նաև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների աշխատանքը։ Հայաստանի կառավարությունը և վերլուծաբանները համոզված են, որ այդ գործընթացն է ապահովելու Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի հետքաշումը։ Որպես օրինակ իշխանությունը ներկայացնում է Տավուշի մարզում տեղի ունեցած սահմանազատման արդյունքը, երբ որոշ տարածքներից ադրբեջանական ուժերը հետ քաշվեցին խաղաղ ճանապարհով։

Կարդացեք նաև

Back to top button