Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը խոստանում է շարունակել աջակցությունը Ուկրաինային։
Նա Մոսկվային խիստ նախազգուշացում է տվել՝ նշելով, որ դիվանագիտական միջոցները սպառվել են։ Իսկ Սպիտակ տունը դիտարկում է Ուկրաինային Patriot համակարգ տրամադրելու հնարավորությունը։ Եվրամիությունն էլ քննարկում է Ուկրաինային 100 մլրդ եվրո հատկացնելու առաջարկը։
Մի կողմից՝ բանակցություններ, մյուս՝ կողմից Մոսկվա-Կիև փոխադարձ հարձակումներ․ ԵՄ երկրներն ու Միացյալ Նահանգները դիտարկում են Ուկրաինային ֆինանսական ու ռազմական հատկացումներն ավելացնելու հնարավորությունը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, խոսելով ռուս-ուկրաինական պատերազմում սպառազինության ծախսերի ավելացման մասին, հայտարարել է, որ դիվանագիտության հնարավորությունները սպառվել են։
Հռոմում ընթացող Ուկրաինայի վերակառուցմանը նվիրված համաժողովին էլ Գերմանիայի կանցլերը մտադիր է բարձրաձայնել Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու հարցը։
Այս մասին նա հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ․
«Մասնավորապես հետագա հակաօդային պաշտպանության համակարգերի հարցը որոշման փուլում է։ Ես նաև համապատասխան առաջարկներ կանեմ, որոնք կարող ենք իրականացնել Գերմանիայից»։
Մոսկվան մեղադրում է Մերցին պատերազմին մասնակցելու ձգտումների համար։ Ռուսաստանը չի ցանկանում, որ Կիևը Գերմանիայից TAURUS թևավոր հրթիռներ ստանա: Գերմանիայի կանցլերը չի բացառում այդ զինատեսակի մատակարարումների հնարավորությունը Ուկրաինային: Նա անցած շաբաթ ասել էր, որ եթե TAURUS հրթիռներ փոխանցվեն ուկրաինական կողմին, ապա դրանք կվերահսկեն ոչ թե գերմանացիները, այլ ուկրաինացի զինվորականները:
Մերցը մեկ անգամ չէ հայտարարել, որ պատրաստ է թևավոր հրթիռներ մատակարարելու Ուկրաինա: Մոսկվան սակայն զգուշացնում է, որ այդ զինատեսակի տրամադրումը Կիևին կնշանակի Բեռլինի ընդգրկվածությունը պատերազմում, քանի որ միայն գերմանական զինված ուժերն են ի վիճակի շահագործելու այդ համակարգերը։
Իրականում, սակայն, ըստ միջազգային մամուլի, TAURUS հրթիռներն արդեն առկա են Շվեդիայի և Իսպանիայի զինանոցում, և դրանք սպասարկվում են առանց գերմանացիների։
Գերմանիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու 70-ամյակի միջոցառման ժամանակ էլ Մերցը շեշտել է «բոլորը՝ մեկի, մեկը՝ բոլորի համար» սկզբունքի կարևորությունը․
«Մենք նաև նշում ենք տարեդարձը ՆԱՏՕ-ի պատմական գագաթնաժողովից անմիջապես հետո, որով միասնության և վճռականության ազդանշան ուղարկեցինք ամբողջ աշխարհին: Հունիսի վերջին՝ մի քանի օր առաջ, մենք միասին՝ որպես դաշնակիցներ, որոշեցինք զգալիորեն ավելացնել մեր պաշտպանական ծախսերը: Մենք միասին հանձնառու եղանք մեր դաշինքային պարտավորություններին: Ինչպես արդեն ասացի, մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի»:
Բունդեսթագում էլ նախօրեին Մերցն ընդգծել էր, որ գերմանական բանակը պետք է արագ ստանա այն ամենը, ինչ անհրաժեշտ է երկիրը պաշտպանելու համար։ Գերմանիան մտադիր է նաև ռմբապաստարաններ ստեղծել մեկ միլիոն մարդու համար։
Գերմանիայի քաղաքացիական պաշտպանության և աղետների օգնության դաշնային գրասենյակի ղեկավար Ռալֆ Թիսլերը Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա մասնավորապես Բալթյան երկրներում, Լեհաստանում և Գերմանիայում մտավախություն է առաջացրել, որ մի քանի տարի անց Մոսկվան կարող է հարձակվել նաև ՆԱՏՕ-ի տարածքի վրա։
«Երկար ժամանակ Գերմանիայում լայնորեն տարածված էր այն կարծիքը, որ պատերազմն այն սցենարը չէ, որին պետք է պատրաստ լինել։ Այժմ, սակայն, իրավիճակը փոխվել է։ Մենք լրջորեն մտահոգված ենք Եվրոպայում լայնածավալ հարձակողական պատերազմի ռիսկով», — ասել է Թիսլերը։
Նա նշել է, որ Քաղաքացիական պաշտպանության ոլորտին անհրաժեշտ է առնվազն 10 միլիարդ եվրո հաջորդ չորս տարվա համար և առնվազն 30 միլիարդ՝ հաջորդ տասնամյակում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հաստատել է, որ Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինային Patriot համակարգ տրամադրելու հարցը։
«Նրանք կցանկանային դա, նրանք խնդրանք են ներկայացրել։ Դրանք իսկապես հազվադեպ են, քանի որ Ուկրաինա են ուղարկվել բազմաթիվ համակարգեր, բայց նրանք կցանկանային դա։ Ես գիտեմ, որ նրանք խնդրանք են ներկայացրել։ Մենք պետք է քննարկենք։ Դա շատ թանկ, շատ թանկ համակարգ է։ Եվ ցավալի է, որ մենք ստիպված ենք այդքան շատ գումար ծախսել պատերազմի վրա, որը տեղի չէր ունենա, եթե ես նախագահ լինեի»:
Reuters-ն ավելի վաղ, հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյայի, հայտնել էր, որ ԱՄՆ-ն հրետանային արկեր և հրթիռներ է մատակարարում Ուկրաինա:
Եվրոպական հանձնաժողովը ԵՄ-ի 2028-2034 թվականների բյուջեի նախագծում ներառել է 100 միլիարդ եվրո օգնություն Ուկրաինային տրամադրելու մասին առանձին հոդված՝ գրում է Bloomberg-ը։ Եվրահանձնաժողովն այդ հիմնադրամի ստեղծումը հիմնավորում է «Ուկրաինային կայուն ֆինանսական օգնություն ցուցաբերելու» անհրաժեշտությամբ։
Սակայն, ինչպես գրում միջազգային մամուլը, Հունգարիայի կառավարությունը դեմ է Ուկրաինային 100 մլրդ եվրո հատկացնելու նախագծին։
Հունգարիայի վարչապետի քաղաքական խորհրդական Բալաժ Օրբանը նշում է, որ Բրյուսելում պատրաստված փաստաթուղթը նշանակում է, որ ԵՄ-ն ստիպված կլինի ֆինանսավորել պատերազմի շարունակությունն ու հանուն դրա պարտքերի մեջ ընկնել:




