
Եվրախորհրդարանը Վրաստանն անվանում է «Վրացական երազանքի» կողմից գերի վերցված երկիր
Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը չի ճանաչում ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանք» անօրինական ռեժիմի կողմից գերի վերցված պետություն»։
Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայներով։
Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ
Տասնամյակներ տևած ժողովրդավարական առաջընթացից հետո Եվրախորհրդարանի պատգամավորներն առաջին անգամ նշել են Վրաստանում ժողովրդավարական սկզբունքների և եվրոպական ինտեգրման լիակատար նահանջ՝ կոչ անելով երկրում անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ։
«Վրաստանում առկա քաղաքական և սահմանադրական ճգնաժամի լուծումը կարող է իրականացվել միայն նոր խորհրդարանական ընտրությունների միջոցով, որոնք պետք է տեղի ունենան առաջիկա ամիսներին՝ բարելավված ընտրական միջավայրում, միջազգային և անկախ ներքին դիտորդների խիստ հսկողության ներքո՝ ապահովելու իսկապես արդար, ազատ և թափանցիկ գործընթաց, որը կարտացոլի ժողովրդի իրական կամքը»,-ասվում է զեկույցում։
Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի և նրա շրջապատի նկատմամբ, վերանայել Վրաստանի հետ ասոցացման համաձայնագիրը և առանց վիզայի ռեժիմը, ինչպես նաև երկրում անցկացնել խորհրդարանական նոր ընտրություններ։




