
Ամերիկյան առաջատար Pew հետազոտական կենտրոնն իր վերջին զեկույցում ծավալուն գնահատում է ներկայացրել, թե աշխարհի տարբեր տարածաշրջաններում որ երկրներն են համարվում թշնամի, որոնք՝ դաշնակից։ Այս տարվա հունվարից ապրիլ ժամանակահատվածում անցկացված հետազոտությունն ընդգրկել է 32 հազար մասնակցի։ Ըստ զեկույցի՝ եվրոպական 10 երկրից 8-ում գլխավոր սպառնալիք է համարվել Ռուսաստանը, ասիա-խաղաղօվկիանոսյան երկրներում՝ Չինաստանը, հյուսիսամերիկյան երկրների համար՝ Միացյալ Նահանգները։
Ուշագրավ է, որ երբ հետազոտողներն առանձնացրել են ազգային և տնտեսական անվտանգության ասպեկտները, առաջինի դեպքում գլխավոր սպառնալիք է դիտարկվել Ռուսաստանը, երկրորդի դեպքում՝ ԱՄՆ-ն։ Տարածաշրջանի երկրներից դիտարկվել է միայն Թուրքիան, այս մասով ևս ուշագրավ գնահատումներ կան։
Աշխարհում ամենաշատը զգուշանում են Չինաստանից, Ռուսաստանից և Միացյալ Նահանգներից․ ամերիկյան առաջատար Pew հետազոտական ընկերության գնահատումն է։ Հարցման շրջանակում 25 երկրի շուրջ 32 հազար մարդու հարցրել են, թե որ երկիրն են համարում իրենց ամենավստահելի դաշնակիցը և որը՝ ամենամեծ սպառնալիքը։
Այսպես, Լեհաստան, Շվեդիա, Գերմանիա՝ այս երկրներում բնակչության 60 և ավելի տոկոսը Եվրոպայի և, մասնավորապես, իրենց անվտանգային գլխավոր սպառնալիք է համարում Ռուսաստանը։ Իսպանիայում, օրինակ, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հավասարապես վտանգավոր են գնահատվել։ Հունաստանում, մինչդեռ, բնակիչների ընդամենը 3 տոկոսն է նշել Ռուսաստանը իբրև թշնամի, իսկ այդ երկրի մեծամասնության՝ 74 տոկոսի կարծիքով, երկրի գլխավոր սպառնալիքը Թուրքիան է։ Միացյալ Նահանգներին թշնամի են համարել հենց հարևան երկրներում՝ Մեքսիկայի, Կանադայի, Բրազիլիայի և Արգենտինայի բնակիչները՝ փոխանցում է հետազոտական կենտրոնը․
«Ավելին, Միացյալ Նահանգները սպառնալիք համարող կանադացիների թիվը եռապատկվել է 2019 թվականի համեմատ, երբ Pew հետազոտական կենտրոնը նման հարցում էր անցկացրել: Պատճառն այն է, որ իշխանության գալուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է անեքսիայի ենթարկել Կանադան և այն դարձնել ԱՄՆ 51-րդ նահանգը»։
ԱՄՆ-ում հարցվածների մեծամասնությունը երկրի թիվ 1 սպառնալիքը համարում է Չինաստանը․ հարցվածների միայն 25 տոկոսն է նշել Ռուսաստանը։
«Այս արդյունքներն արտացոլում են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև վերջին տարիների հարաբերությունները։ ԱՄՆ նախկին նախագահ դեմոկրատ Ջո Բայդենը հստակորեն դատապարտել է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում և աջակցել է այդ երկրի ռազմական մատակարարումներին։ Վերջին ամիսներին Դոնալդ Թրամփը փորձել է Ռուսաստանի հետ մերձեցման ուղի ընտրել»,- մանրամասնում է հետազոտական կենտրոնը։
Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկու երկրում՝ Ճապոնիայում և Ավստրալիայում, հարցված բնակիչների մեծամասնությունը գլխավոր թշնամի է համարում Չինաստանը, տարածաշրջանի մյուս երկրներում Չինաստանը երկրորդ հորիզոնականում է։

Գերմանական Դոյչե Վելլեն, անդրադառնալով այս հարցմանը, ուշագրավ է համարել, որ հարցվածների պատասխանները փոխվել են, երբ հետազոտողները խնդրել են առանձնացնել անվտանգային ու տնտեսական սպառնալիք ներկայացնող երկրները։ Հարցվածների՝ Միացյալ Նահանգները գլխավոր թշնամի համարող մասն այդ երկիրը նախ տնտեսական սպառնալիք է դիտարկել։ Իսկ ահա Ռուսաստանը նախ և առաջ ազգային անվտանգության սպառնալիք ներկայացնող է գնահատվել։ Հետազոտողներն արձանագրել են նաև, որ, չնայած որոշ երկրներում ԱՄՆ-ն համարվել է թշնամի պետություն, մի շարք երկրներում այն թիվ 1 դաշնակից է բնորոշվել․
«Օրինակ՝ Իսրայելում հարցվածների 95%-ը կարծում է, որ իրենց երկրի ամենահուսալի բարեկամն ԱՄՆ-ն է։ Նույնիսկ Կանադայում է հարցվածների 55%-ը ԱՄՆ-ն գնահատել որպես գործընկեր։ Այս հարցման մեջ Ռուսաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ Հնդկաստանից հետո»։
Հարցված 25 երկրներից ոչ մեկի բնակչությունը Ռուսաստանին չի համարել իր ամենակարևոր դաշնակիցը։ Չինաստանն ամենահուսալի գործընկեր է համարվել Ինդոնեզիայում, Նիգերիայում և Հարավային Աֆրիկայում։
Pew հետազոտական կենտրոնը նշում է, որ, կախված հարցման մասնակիցների կուսակցական պատկանելությունից, աշխարհայացքից, փոխվել են գլխավոր սպառնալիքի կամ դաշնակցի շուրջ պատկերացումները։ Օրինակ՝ եվրոպական որոշ երկրներում աջակողմյան պոպուլիստական կուսակցությունների կողմնակիցներն ի դեմս Ռուսաստանի ավելի փոքր ռիսկեր ստեղծողի են տեսնում։ Նման կարծիք են հայտնել «Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցության կողմնակիցների 31%-ը, Նիդեռլանդներում «Ժողովրդական ազատության կուսակցության» կողմնակիցների 49%-ը։ Նույն օրինաչափությունը գործում է նաև Միացյալ Նահանգներում։
Առանձնացնենք տարածաշրջանի երկրները։ Թուրքիայում, ինչպես և սպասվում էր, հարցվածների 43 տոկոսն ամենամեծ բարեկամ է համարել Ադրբեջանը, 7 տոկոսը՝ Ռուսաստանը, իսկ 43 տոկոսի գնահատմամբ՝ երկրի ամենամեծ սպառնալիքն Իսրայելն է, հաջորդում է ԱՄՆ-ը՝ 30 տոկոսով։
Թուրքիայում հարցվածների 6 տոկոսն ասել է, որ իր երկիրը, որպես այդպիսին, չունի իր ազգային և տնտեսական անվտանգությանը սպառնացող երկիր։ Այստեղ ևս 6 տոկոսը պարզապես չի կողմնորոշվել պատասխանի հարցում։ Հայաստանի անունն այս համատեքստում որևէ կերպ չի հիշատակվել։ Իսրայելում հարցվածների կեսից ավելին տվել է միանշանակ պատասխան՝ սպառնալիք համարելով Իրանը, 17 տոկոսը՝ Համաս շարժումն է առանձնացրել։ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը հարցումներին չեն ընդգրկվել։ Բացակայում են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի անունները։




