
Աշխարհում նավթի արդյունահանումը գերազանցում է պահանջարկը։ Դա, ըստ տնտեսագետների, կարող է լուրջ ազդեցություն ունենալ Ռուսաստանի տնտեսության վրա։ Իսկ ամերիկյան պատժամիջոցների խստացումն էլ կարող է ՌԴ-ում կատարյալ ճգնաժամ առաջացնել։
Պատժամիջոցների թեման հրատապ է դառնում անօդաչու սարքերի ռուս-չինական համատեղ արտադրություն սկելու տեղեկությունների համատեքստում, ինչի մասին գրում է Bloomberg-ը։
Մոսկվան շարունակում է համագործակցել Պեկինի հետ՝ արևմտյան պատժամիջոցները շրջանցելու և Ուկրաինային նոր հարվածներ հասցնելու նպատակով անօդաչու սարքերի արտադրություն սկսելու ուղղությամբ՝ սեփական հետաքննության հիման վրա գրում է Bloomberg-ը։ Հետաքննությունը հիմնված է ռուսական Aero-Hit ընկերության ներքին փաստաթղթերի և Ռուսաստանի կառավարության պաշտոնյաների հետ նամակագրության վրա։
Aero-Hit-ը հիմնադրվել է 2023 թվականի հունիսին՝ անօդաչու սարքեր արտադրելու և սպասարկելու համար։ 2024 թվականի հունիսին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ կիրառեց այդ ընկերության նկատմամբ։ Դա հիմնավորվեց նրանով, որ ընկերության արտադրած թռչող սարքերը ռուսական ուժերն օգտագործել են ուկրաինական օբյեկտներին հարվածելու համար։
Ըստ Bloomberg-ի՝ Aero-Hit-ը կապ է հաստատել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչի հետ և ֆինանսական աջակցություն խնդրել չինական անօդաչու սարքերի արտադրությունը տեղայնացնելու և ընդլայնելու համար։
Autel Robotics-ը Չինաստանի անօդաչու սարքերի և դրանց մասերի խոշորագույն արտադրողներից մեկն է։ Ընկերությունը հերքում է ՌԴ-ի հետ համագործակցության մասին լուրերը։
Autel Robotics-ը հայտարարել է, որ երբեք չի համագործակցել ռուսական Aero-Hit ընկերության հետ և տեղյակ չէ Autel EVO Max 4T անօդաչու սարքի տեղական արտադրության վերաբերյալ որևէ համաձայնագրի։ Ընկերությունը պնդում է, որ 2022 թվականի փետրվարից ի վեր ամբողջությամբ դադարեցրել է Ռուսաստանի հետ բոլոր գործարար կապերը։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը չինական ընկերություններին ավելի վաղ կոչ էր արել դադարեցնելու աջակցությունը Մոսկվային Ուկրաինայի դեմ պատերազմում, քանի որ այդ հակամարտությունը լուրջ սպառնալիք է Եվրոպայի անվտանգության համար։ Կալասը և Չինաստանի արտգործնախարար Վան Ին քննարկել էին այս հարցը Բրյուսելում ԵՄ-Չինաստան ռազմավարական երկխոսության համաժողովին։
Այս տեղեկություններին զուգահեռ՝ ԱՄՆ նախագահ Թրամփն էլ, լրագրողի հարցին ի պատասխան, ասել էր, որ ԱՄՆ-ն ավելի շատ զենք է մտադիր մատակարարել Ուկրաինային։
«Մենք ավելի շատ զենք ենք ուղարկելու: Մենք պետք է դա անենք: Նրանք պետք է կարողանան պաշտպանվել»:
Միջազգային մամուլն ուշադրություն է դարձնում այն համգամանքին, որ Ռուսաստանի բյուջեի եկամուտները նավթից ու գազից նվազում են, և դա կայուն միտում ունի։
Այս տարվա հունիսին Ռուսաստանի բյուջեի եկամուտները՝ նավթից և գազից, նվազել են ավելի քան մեկ երրորդով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Եկամուտները կազմել են մոտ 495 միլիարդ ռուբլի, ինչը 2023 թվականի հունվարից ի վեր ամենացածր ցուցանիշն է։ Եվ եթե այն ժամանակ կարճաժամկետ գնանկումից հետո եկամուտները վերականգնվել էին, ապա այժմ նման սցենարի համար նախադրյալներ չկան՝ գրում է Bloomberg-ը։
2023 թվականի սկզբին եկամուտների անկումը պայմանավորված էր ռուսական նավթի համար առավելագույն գնի սահմանումով և G-7 երկրների էմբարգոյով։
2025 թվականին նավթի եկամուտների անկումը պայմանավորված է համաշխարհային միտումներով։ Ոչ միայն ռուսական նավթն է էժանանում, այլև բոլոր երկրներինը։
Այժմ ավելի շատ նավթ է արդյունահանվում, քան շուկան կարող է իրացնել՝ ասում է տնտեսագետ Սերգեյ Ալեքսաշչենկոն։ Նախկինում, ըստ փորձագետի, միտում կար կրճատելու արտադրությունը դեֆիցիտ ստեղծելու և գները բարձրացնելու համար։ Այժմ, սակայն, ավելացվում է մատակարարումը գները իջեցնելու և ամերիկյան նոր հանքավայրերում արտադրությունը ոչ շահավետ դարձնելու համար։
Reuters-ը գրում է, որ ըստ ֆինն վերլուծաբանների ուսումնասիրության՝ Ռուսաստանը կարող է մոտ 4 տրիլիոն ռուբլու դեֆիցիտը ֆինանսավորել պետական պարտքի ավելացման կամ հարկերը կրկին բարձրացնելու միջոցով։ Իսկ դա նշանակում է, որ պետությունը կսկսի ապրել «աշխատավարձից աշխատավարձ» ռեժիմով:
Այս դեպքում արտաքին ամեն սուր ցնցում, օրինակ՝ նավթի գնի հետագա անկումը կամ պատժամիջոցների խստացումը, կարող է ՌԴ-ում լիարժեք ճգնաժամ առաջացնել։ Միջազգային փորձագետներն այս առումով հիշեցնում են, որ ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմի, այսպես կոչված, «ջախջախիչ պատժամիջոցները» դեռևս չեն հանվել օրակարգից։ Ավելին՝ ԱՄՆ նախագահը կարծես դեմ չէ դրանք կիրառելուն։
Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարում է, որ դժգոհ է Պուտինից և քննարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հարցը։
«Մենք գոհ չենք Պուտինից։ Ես գոհ չեմ Պուտինից։ Ես կարող եմ ձեզ այսքանը ասել հիմա, քանի որ նա շատ մարդկանց է սպանում, և նրանցից շատերը նրա զինվորներն են։ Շաբաթական մինչև 7000 մարդ է սպանվում։ Այս պատերազմը պետք է դադարեցվի։ Մենք շատ անհեթեթություններ ենք լսում Պուտինից, եթե ուզում եք իմանալ ճշմարտությունը։ Նա միշտ քաղաքավարի է, բայց վերջում պարզվում է, որ դա անիմաստ է»։
«Նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ է Պուտինի խաղերի վերաբերյալ։ Սենատը շուտով կընդունի խիստ պատժամիջոցների մասին օրենքը Ռուսաստանի, ինչպես նաև Չինաստանի ու Հնդկաստանի նկատմամբ, որոնք ռուսական էներգակիրներ են գնում»,-X-ում գրել է սենատոր Լինդսի Գրեհեմին։
Թրամփն ավելի ուշ հաստատել է, որ մտադիր է լրջորեն քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը։
«Ես դիտարկում եմ դա: Սենատն ընդունում է և ընդունել է շատ, շատ խիստ պատժամիջոցներ: Այո՛, ես դիտարկում եմ դրանք»:
Նոր օրինագիծընունի ավելի քան 80 սենատորի աջակցություն։ Այն սահմանում է 500 տոկոս մաքսատուրք բոլոր երկրներից ներմուծման վրա, որոնք ռուսական նավթ և գազ են գնում։




