ԿարևորՄշակույթ

«Հայկական տետր». լույս է տեսել Նատալյա Գառնիցի բանաստեղծությունների ժողովածուն

Հայաստանին նվիրված բանաստեղծությունների «Հայկական տետր» ժողովածուում ռուս բանասեր  Նատալյա Գառնիցը  ներկայացնում է Նաիրյան երկրի հազարամյա պատմությունն ու մշակույթը, անցյալի և ներկայի հայ բանաստեղծներին ու փիլիսոփաներին, նրանց խոսքի գեղեցկությունն ու հարստությունը, նուրբ, զգայուն հոգին և նրանց ստեղծագործությունից ճառագող լույսը։

Ժողովածուի շնորհանդեսը և գրական-երաժշտական երեկոն տեղի կունենան հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Կընթերցվեն բանաստեղծություններ ժողովածուից, կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործույուններ, ինչպես նաև կկայանա, գրքում տեղ գտած  բանաստեղծությունների հիման վրա գրված, կոմպոզիտոր Ռալֆ Քէօշկէրեանի երեք երգերի համաշխարհային պրեմիերան: Երեկոյի ժամանակ նաև կբացահայտվի Հայաստանի հանդեպ ունեցած` Նատալյա Գառնիցի յուրահատուկ սիրո գաղտնիքը։

Նատալյա Գառնիցի համար տարբեր դարաշրջանների վառ պատկերները, ինչպես նաև հայկական և արևելյան մոտիվների գրավիչ գեղեցկությունը դարձել են ոգեշնչման անսպառ աղբյուր։ «Հայկական տետր»-ն ընդգրկում է բանաստեղծություններ՝ նվիրված Գրիգոր Նարեկացուն, Հովհաննես Թլկուրանցուն, Գրիգոր Ախթամարցուն, Քուչակին, Սայաթ-Նովային, Եղիշե Չարենցին, կա անդրադարձ հայ հեթանոս աստվածներին՝ Աստղիկ, Վահագն, գովերգվում է մեր լեռնաշխարհի բնությունը, գեղատեսիլ վայրերը՝ Լոռի, Օշական, եկեղեցիների ճարտարապետությունն ու պատմությունը: Թեև բանաստեղծությունները գրված են ռուսերեն, հեղինակն օգտագործում է նաև հայերեն բառեր՝ հայրեններ, կռունկ, սազ, զուռնա, փշատ և այլն: Այս ամենի մեջ արտահայտված են հայ մշակույթի ու պատմության մասին հեղինակի խորը գիտելիքներն ու ակնածանքը, հայ ժողովրդի ու բնաշխարհի նկատմամբ նրա ջերմ ու զգացմունքային կապը:

Նատալյա Գառնիցը ծնվել է 1950 թվականին Լենինգրադում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ռուսաց լեզվի բանասիրական բաժինը: Արևելքի հանդեպ իր սիրուն հագուրդ տալու նպատակով՝ ֆակուլտատիվ այցելել է արևելագիտության բաժնի դասախոսություններին և համալսարանն ավարտելու պահին ազատ տիրապետում էր պարսկերեն լեզվին: Գառնիցը գրել է վաղ հասակից, դա նրա համար շատ բնական և օրհասական պահանջ էր: Այնուամենայնիվ, նա իր առաքելությունը գտել է որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի: Տարիներ շարունակ աշխատելով Լենինգրադի դպրոցներից մեկում՝ իր ողջ սերն ու մասնագիտական խորը գիտելիքներն է փոխանցել աշակերտներին՝ այդ թվում նաև սերը դեպի հայ գրականությունը: Գառնիցի երախտագետ աշակերտներից է Վասիլի Պասեչնիկը՝ այժմ հաջողակ գործարար, արվեստի մեծ մեցենատ։ Պասեչնիկը 2024-ին Երևանում հրատարակել է սիրելի ուսուցչուհու բանաստեղծությունների «Հայկական տետր» ժողովածուն: Պասեչնիկը նշում է. 

«1980-ականներին ես բացահայտեցի Հայաստանը իմ ուսուցչուհի Նատալյա Գառնիցի արվեստի շնորհիվ: Հին հայկական մշակույթի հանդեպ սերը մնաց ինձ հետ տասնամյակների ընթացքում և խթան հանդիսացավ Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամին աջակցելու հարցում: «Հայկական տետր»-ի հրատարակումը բանաստեղծուհու և իմ ցանկությունն է, ինչի շնորհիվ Նատալյա Գառնիցի արվեստը հասանելի կդառնա աշխարհում, առաջին հերթին՝ Հայաստանում: Սա ևս մեկ պատճառ է, որպեսզի մեր մշակույթները լսեն, ճանաչեն և սիրեն միմյանց»:

Կարդացեք նաև

Back to top button