ԿարևորՀասարակություն

PMI Science միջազգային ընկերությունը որպես բիզնես աքսելերատորի շենքի առաջին ռեզիդենտ․ ստորագրվել է հուշագիր

Հուլիսի 8-ին Ինժեներական քաղաքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «PMI Science — Ինժեներական քաղաք» հուշագրի ստորագրման միջոցառումը: Հուշագիրը ստորագրվել է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի միջև, որով բացվում է ճանապարհ՝  նորարարական նախագծերի իրականացման և գիտահետազոտական համակարգի զարգացման համար։

Հուշագրի ստորագրմամբ Ինժեներական քաղաքը մուտք է գործում նոր փուլ․ PMI Science-ը դառնում է առաջին միջազգային ռեզիդենտը, որը  բիզնես աքսելերատորի շենքում ոչ միայն վարձակալում է տարածք, այլև հիմնելու է բազմաֆունկցիոնալ հետազոտական կենտրոն՝ նորարարական լաբորատորիաներով ու արտադրական հնարավորություններով  էլեկտրոնիկայի, նյութագիտության, աէրոզոլի ուսումնասիրության և նախատիպերի մշակման ուղղությամբ։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նախարար Մխիթար Հայրապետյանն՝ ընդգծելով նախաձեռնության կարևորությունն ու կենսունակ նշանակությունը, ինչպես նաև  պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ գիտահետազոտական և տեխնոլոգիական ներուժի զարգացման գործում։

«Ինժեներական քաղաքում ներգրավված յուրաքանչյուր ընկերություն շահում է այս միջավայրից, որտեղ հնարավոր է համատեղել մուլտիդիսցիպլինար գիտահետազոտական նախագծերը, փորձի փոխանակումը և համագործակցությունը»,- նշել է նախարարը:

Նախարարը շեշտել է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և կառավարության ռազմավարական նպատակն է Հայաստանը դարձնել ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև համաշխարհային մակարդակով կարևորագույն R&D կենտրոն։ Այս հուշագրի ստորագրումը հենց այդ մեծ նպատակին հասնելու կարևոր քայլերից մեկն է, որը հիմք է ստեղծում նոր գիտելիքի, նորարարական լուծումների և համատեղ նախագծերի համար։

Ինժեներական քաղաքում կառուցվող հետազոտական կենտրոնը նախատեսում է բերել նոր սերնդի սարքավորումներ, որոնք զգալիորեն կավելացնեն արտադրական և փորձարարական ներուժը։ Սա հիմք կդառնա նորարարական նախագծերի ստեղծման և գիտահետազոտական կապերի ընդլայնման համար։ 

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել PMI Science-ի 2025 թվականի Ֆակուլտետային հետազոտական ծրագրի ֆինանսավորման հավաստագրերի հանձնման արարողությունը։ Հավաստագրերը հանդիսավոր կերպով հանձնել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և PMI Science միջազգային ընկերության տեխնոլոգիաների և հետազոտությունների փոխնախագահ Լուկա Ռոսսին։

Այս դրամաշնորհները նախատեսված են բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին՝ աջակցելու նոր գաղափարների ստեղծմանը և հետազոտական նախագծերի իրականացմանը։ Ֆակուլտետային հետազոտական ծրագրի յուրաքանչյուր դրամաշնորհի չափը կազմում է 15․000 ԱՄՆ դոլար:

Կարդացեք նաև

Back to top button