
ԱԺ-ում պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկում, ՀԷՑ–ի շուրջ ստեղծված իրավիճակ և որոշ եկեղեցականներին առնչվող քննարկումներ ու լուծումների փնտրտուք․ այս հարցերը միավորող թեման «հեղաշրջման պլան» անվանումը ստացած բացահայտումն է, որի առնչությամբ իրավապահներն իրականացրել են հերթական գործողությունները։ Մասնավորապես, մի քանի տասնյակ հասցեներում միաժամանակյա խուզարկություն է անցկացվել։ Թեև գործով զբաղվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունը, բայց Սամվել Կարապետյանի ընտանիքի անդամները իրավապահների գործողությունների հիմքում ընդգծել են քաղաքական ենթատեքստը։
Մեկ օրում 51 հասցեում միաժամանակյա խուզարկությունները ՀՀ քննչական կոմիտեն հիմնավորել է քրեական վարույթով, որի ընդհանուր իմաստն այն է, որ մի շարք ընկերություններ փաստացի ղեկավարած անձինք կատարել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, հափշտակություն և խուսափել են հարկեր վճարելուց։
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունը չի հրապարակել ընկերությունների անունները, բայց 51 խուզարկություններից հատկապես մեկը հայտնվեց լրատվամիջոցների և հանրության ուշադրության կենտրոնում։ Իրավապահները մի քանի ժամ անցկացրին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում և ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի առանձնատանը։ Նա «Տաշիր» ընկերությունների նախագահ, երկու ամսով կալանավորված Սամվել Կարապետյանի եղբորորդին է։
ՀԷՑ–ում խուզարկությունից հետո իրավապահները հեռացել են՝ իրենց հետ 37 փաստաթուղթ տանելով։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 11 անձի նկատմամբ կայացվել է հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում։ Նրանցից 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, 1-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, 1-ի նկատմամբ ձերբակալելու որոշում է կայացվել, 4 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Թե էլ ինչ ընկերություններ են խուզարկվել գործի շրջանակում՝ պաշտոնապես չի հաղորդվում, բայց Նարեկ Կարապետյանը ենթադրություններ ունի և գործողությունները հիմքում ավելի շատ քաղաքական նպատակներ է տեսնում․
«Նախնական տվյալներով, մենք պատկերացնում ենք՝ ինչ ընկերություններ կարող են լինել։ Մեր ընկերությունները, որոնք ծառայություններ են մատուցում հանրությանը, այսինքն՝ «Տաշիր» ընկերությունների խմբի ընկերությունները։ Բայց վստահ չեմ, որ 51–ն էլ «Տաշիր» խմբի ընկերություններն են։ Ես ունեմ մի քանի ինֆորմացիա, որ կան ընկերություններ, որոնց փորձում են ենթարկել ինչ–որ քաղաքական ճնշումների, սակայն այդ ընկերությունները մեզ հետ կապ չունեն»։
ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հավանական է համարում, որ ինչ-որ փուլում իրեն ձերբակալելու որոշում կարող է կայացվել։ Ասում է՝ պատրաստ է դրան և դեպքերի նման ընթացքը կապում է ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի կազմակերպված հանրահավաքների հետ։
Կատարված խուզարկություններն իրավական տեսանկյունից խնդրահարույց է համարում փաստաբան Արամ Վարդևանյանը․
«Կարծես խուզարկությունների թեման այլևս որևէ մեկին մեր հասարակության մեջ չի զարմացնում, թեև իրավական իմաստով խուզարկությունը շատ ինտենսիվ միջամտություն է իրավունքներին, պետք է լինի հստակ պատճառաբանված և համաչափ»։
Ազգային ժողովը հուլիսի 3-ին ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած օրենսդրական փաթեթը, որի հիմնական նպատակ է ձևակերպված, մեջբերում, «էներգետիկ ոլորտում պետական միջամտության կանխարգելիչ իրավական մեխանիզմների ներդրումը»։ Ավելի պարզ ասած՝ սա հայտնի է որպես ՀԷՑ-ի պետականացման գործընթաց։ Խորհրդարանին նախագծի ներկայացումը հաջորդել էր վարչապետ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ կառավարությունը պետք է շատ արագ ստանձնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կառավարումը։ Իսկ վարչապետի հայտարարությունն էլ շղթայական պատասխան էր Սամվել Կարապետյանի այն ձևակերպման, ըստ որի՝ նա պատրաստ է «իր ձևով» միջամտել մի շարք հոգևորականների հանդեպ իշխանությունների քայլերին։ Կարապետյանի հայտարարության մեջ իրավապահներն իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր են տեսել։ Իհարկե, այս շղթայում ընդգծվեց նաև, որ ՀԷՑ-ի աշխատանքին առնչվող խնդիրները նոր չէ և մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել են։
Իսկ ՀԷՑ-ը պատրաստվում է նոր գործընթացների՝ լրագրողների հետ զրույցում հաստատել է ընկերության Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ ընդգծելով, որ բոլոր հնարավոր իրավական միջոցներով պայքարելու են ՀԷՑ-ի համար։ Մանրամասների մասին Ղազինյանը չի շտապում խոսել և ձեռնպահ է մնում հարցին առնչվող հնարավոր քաղաքական զարգացումների մասին խոսելուց։
Քաղաքական տարբեր թևերում, ընդհակառակը, բուռն քննարկում են և մի շարք գործընթացների միջև ուղիղ կապի են տեսնում։ Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը այսպես կոչված «ահաբեկչության պլանին» առնչվող է դիտարկում թե որոշ պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը, թե ՀԷՑ–ում խուզարկությունը, և թե մի շարք հոգևորականների, հատկապես կաթողիկոսի հանդեպ հնարավոր գործողությունները։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պնդում է, որ վարչապետի գրառումները պետք չէ ընկալել որպես իրավապահներին ուղղորդելու փորձ։
«Չի կարող և չի եղել այդպիսի դեպք, երբ վարչապետը իրավապահ մարմինների գործողություն անոնսի։ Քանի որ վարչապետը նաև խորհրդի ձևավորման հրապարակային հայտարարություն է արել և այդ խորհրդի կազմի մասին է խոսել, հենց այդ կազմն էլ օրակարգը պետք է մշակի։ Մենք ոչ մեկ անգամ խոսել ենք, որ հնարավորինս համերաշխ, եղբայրական մթնոլորտում պետք է այս պրոցեսը տեղի ունենա եկեղեցուն չվնասելու համար»։
Իշխող ուժի ներկայացուցիչները հավելում են, որ ՀՀ–ում չկա որևէ տարածք, անուն կամ ազգանուն, որն անձեռնմխելի կդարձնի իրենց իրավապահների համար։
Քաղաքական ընդհանուր պատկերը ձևակերպում է իշխող կուսակցությունից պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը․
«Ոչ մեկը ՀՀ–ում չի կարող հեղաշրջում անել։ Դա ականջներիդ օղ արեք, ոչ մեկը չի կարող ՀՀ անդորրը խանգարել։ Այդ ինչեր եք մտածում ՀՀ–ում այս կարգի ․․․ Խայտառակություն է, լսում ես այդ խոսակցությունը, ոնց որ մի թշնամական երկրում խոսեն մի թշնամական երկրի նկատմամբ անեն։ ՀՀ–ն զարգանալու է, իր հարևանների հետ շատ լավ հարաբերություն է ունենալու, Հայաստանը դառնալու է կենտրոն տարածաշրջանում»։
Քաղաքական հախուռն իրադարձություններին արձագանքել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը։ Անահիտ Մանասյանը և ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան», «Երևան-Կենտրոն», «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ, տեսակցել նաև վերջին իրադարձությունների հետևանքով ազատությունից զրկված անձանց, ունեցել առանձնազրույցներ։ Որոշ հարցեր քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկների ղեկավար կազմերի հետ, սակայն այցերի մանրամասները ենթակա չեն հրապարակման: «Արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների մասով անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից»,- ասված է ՄԻՊ հաղորդագրությունում։




