
Բեռլինի «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ դարձյալ մեկնարկել է ՏՏ դասընթացը վիրավոր և հաշմանդամ զինվորների, նաև Արցախից բռնի տեղահանվածների համար։ Նախագիծն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության հովանավորությամբ: Այն կյանքի է կոչվել Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի, «Զինապահ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աջակցությամբ։
Բարձրագույն մաթեմատիկա, «Փայթոն» լեզվով ծրագրավորում, արհեստական բանականության և մեքենայական ուսուցման հիմունքներ․ամենը, ինչ կապված է տեղեկատվական տեխնոլոգիաների հետ։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում արդեն մի քանի տարի անցկացվում են անվճար դասընթացներ վիրավոր և հաշմանդամ զինվորների համար։ Գաղափարը ծնվել է 44-օրյա պատերազմից հետո, երբ շատ հայորդիներ սոցիալական կարիքները լուծելու խնդրի առաջ կանգնեցին։ Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիայի առաջին նախագահ Միքայել Մինասյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասում է՝ նպատակը ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց համար կրթական որոշակի ծրագրերն ավելի հասանելի դարձնելն է։

«Մենք նպատակ էինք դրել խնդիրների լուծումը տալ կրթության ու գիտության միջոցով։ Մշակվեց բավական արդյունավետ ծրագիր, ունեցանք 16 շրջանավարտ»,– ասում է Բեռլինի «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա» ՀԿ–ի առաջին նախագահ Միքայել Մինասյանը։
ՏՏ ծրագրի ղեկավար, Պոտսդամի Լայբնիցի անվան աստղաֆիզիկայի ինստիտուտի
գիտաշխատող Արման Խալաթյանի խոսքով՝ դիմորդներ են ունեցել, որոնք համակարգչի «այբուբենը» չգիտեին, բայց մեկ տարի անց արդեն կարող են այդ շուկայում հայտ ներկայացնել։

«Դասընթացի ամբողջական ծրագիրը հաջողությամբ ավարտեցին 16-ը՝ ստանալով մասնագիտական որակավորման վկայականներ։ Այսուհետև նրանք ամենապահաջված մասնագիտությունն ունեն, աշխատաշուկայում մրցունակ են և կարող են իրենց գիտելիքը կիրառել բարձր տեխնոլոգիաների ոլորտում»:
Դասընթացն անցկացվում է հեռավար եղանակով, տեսական և պրակտիկ բաղադրիչներով։ Ծրագրի մասնակիցների գիտելիքները պարբերաբար ստուգվում են եռամսյա քննությունների միջոցով։
«Այժմ մենք ջանում ենք մեր սաների համար շուկայում գտնել կրտսեր ծրագրավորողների գիտելիքին համապատասխան աշխատատեղեր և լիահույս ենք, որ նրանց՝ այս մեկ տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքը կլինի ամուր գրավական աշխատանքի տեղավորվելու և ապագայում կարիերա անելու համար»,– ասում է Միքայել Մինասյանը։
Ի դեպ, ծրագրի շահառումների շարքը համարալրել են նաև Արցախից բռնի տեղահանվածները։ «Հայ և եվրոպացի մասնագետների կրթության և մշակույթի
ասոցիացիա» ՀԿ նախագահ, ծրագրի հայաստանյան գործընկեր Սեդա Վարդազարյանն ասում է․«Այսօր վիրավոր բառը օտարել ենք մեր խոսքից։ Անցումային բազում դժվարություններից հետո դարձել ենք մի ընտանիք մի թիմ, հիմա հայտնվել ենք մի փուլում,որ վստահորեն կարող ենք շնորհակալություն բոլոր նվիրյալներին»։
Բեռլինի Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիան խոստանում է, որ ծրագիրը շարունակական կլինի։




