ԿարևորՔաղաքական

ԱԺ-ն համաձայնություն տվեց պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությանը

Ազգային ժողովը համաձայնություն է տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու մասին միջնորդությանը։ 

Փակ, գաղտնի քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 62-ը։ Բոլորը կողմ են քվեարկել միջնորդագրին։

Ավելի վաղ Ազգային ժողովը համաձայնություն էր տվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդագրին: 

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովի  հուլիսի 8-ի արտահերթ նստաշրջանի ընթացքում քննարկման էր ներկայացրել «Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին» միջնորդագիրը:

Գլխավոր դատախազը ներկայացրել էր կալանավորման հիմքերը՝ նշելով, որ վարույթը գտնվում է սկզբնական փուլում, եւ դեռեւս հարցաքննված չեն վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների, դրանց փոխկապակցվածության, նախնական պլանավորվածության մասին վկայող հնարավոր տեղեկություններ ունեցող անձինք, այդ թվում՝ հանցավոր խմբի ենթադրյալ անդամներ, որոնց հետ Արթուր Սարգսյանն անձամբ ծանոթ է, իսկ որոշների հետ գտնվում է մտերիմ հարաբերությունների մեջ, եւ նրա՝ ազատության մեջ գտնվելու դեպքում նա կարող է խոչընդոտել քրեական վարույթով ապացույցների ձեռքբերման գործընթացին դեռեւս չհարցաքննված անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, այդ թվում՝ օգտագործելով իր դիրքը եւ դիրքով պայմանավորված հեղինակությունը:

Այս եւ մի շարք այլ հիմքեր, հանգամանքներ եւ ռիսկեր ներկայացնելով՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել էր. «Ուստի, ղեկավարվելով Սահմանադրության 96 հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108 հոդվածով, ինչպես նաեւ Քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝ միջնորդում եմ  տալ համաձայնություն Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանին ազատությունից զրկելու վերաբերյալ»:

Կարդացեք նաև

Back to top button